ՈՒ՞Ր ԵՆ ՀՈՍՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԸ 


ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՏԱՐՈՆԻԿՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ


Տարոնիկում ջրի ծորակները փակ են, իսկ խորքային հորերը ցամաքում են


10 տարեկան Արմենը ընտանիքի ավագ զավակն է: Արմենն ամեն առավոտ նախ գյուղի ծայրամասից կենտրոն է գալիս խմելու ջուր տանում տուն , ապա շտապում դպրոց: Ջուր կուտակելը դարձել է Արմենի առօրյայի մի մասը: Տարոնիկ գյուղում արդեն 5 տարի է ջուրը դարձել է գյուղացիների ամենօրյա խնդիրը: Գյուղացիները խմելու և կենցաղային նպատակով օգտագործվող ջուրը վերցնում են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից: Տարոնիկցիները կատակով ասում են, որ վերջին անգամ երկու ձեռքով լողացել են 5 տարի առաջ, նախ ջրի ճնշումն ընկավ, հետո խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ջրախողովակները քայքայվեցին:

Տարոնիկցիների բախտին են արժանացել Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 10 գյուղերի բնակիչներ: Նույնիսկ կան համամայնքներ, որտեղ բացակայում է նաև այդ միակ աղբյուրը: Շատերը ստիպված ջուրը բերում են հարևան համայնքներից, կամ գնում ջուր վաճառող ցիստեռներից:

ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻՑ

Գայ գյուղում նախ ցամաքեցին ինքնաբուխ արտեզյան հորերը: Խորքային ջրի պոմպեր տեղադրելով կարծես խնդիրը լուծվեց, այնուհետև ջուրը գնալով պակասեց և բնակիչները ստիպված եղան պոմպեր տեղադրել նաև սեփական բնակարաններում: Այս կերպ որոշակիորեն լուծվեց ընդհանուր օգտագործման ջրի խնդիրը: Գայի բնակչուհի Արմինե Նիկողոսյանը հիշում է`  նախկինում ծորակից հոսող ջրով նույնիսկ կարողանում էին տնամերձ այգին ոռոգել, հիմա ջուրը ծորակից հազիվ կաթում է: Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի խոսքով, գյուղում արտեզյան ջրի ճնշման անկումը սկսվեց ձկնարդյունաբերության զարգացմանը զուգահեռ:


Մասիս գյուղի մոտ, 1902 թվ-ին շինարարական աշխատանքներ կատարելիս, ընդերքից ջուր է շատրվանել և սկիզբ է դրվել արտեզյան ջրերի օգտագործումը տնտեսության մեջ: Ստորերկրյա ջրերի կանոնավոր հետախուզումն ու շահագործումը սկսվել է 1940-ական թվականներին: Արտեզյան ավազանի սահմաններն առանձնանում են սնման, ճնշման և բեռնաթափման հատվածներով: Սնումը կատարվում է Արարատյան դաշտը շրջապատող բարձունքներից, տեղումների և ձնհալի ջրերի հաշվին: Ճնշման հատվածում բավական է անցք բացել վերին ջրապաշտպան շերտում, և ջուրը մեծ հոսքով ինքնուրույն երկրի մակերևույթ կժայթքի: Արտեզյան ավազանի ջրերը լայնորեն օգտագործում են Արմավիրում, Վաղարշապատում, Մասիսում, Արտաշատում, Արարատում և հարակից բնակավայրերում՝ խմելու, ոռոգման և տեխնիկական սպասարկման նպատակներով:

Գոգավորություններում արտեզյան ջրերը հիմնականում շատրվանող են, իսկ լանջերում ջուրը երկրի մակերևույթ է դուրս բերվում խորքային պոմպերի օգնությամբ:

Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերը խորհրդային տարիներին կանոնավոր օգտագործվում և վերահսկվում էին, և այդ նպատակով տեղադրվել էին 1600 հորատանցքեր: 1966 թվ-ին ջրաերկրաբանական հաշվարկներով երկրի ընդերքից դուրս է մղվել վայրկյանում 107,32մ3ջուր, 1975-ին՝ մինչև 64,1մ3: 1984-ին ԽՍՀՄ Պաշարների հանձնաժողովի հաշվարկով ընդերքից դուրս է մղվել վայրկյանում 90,27մ3ջուր: Բնության պահպանության և ընդերքի նախարարությունը որոշել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարները կազմում են 38,8մ3/վրկ: Սա նշանակում է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների բալանսը պահպանելու համար առավելագույնը կարելի է տեղադրել մինչև 600 հորատանցք: Սակայն, Սևանի մակարդակի հիմնախնդրի հետ կապված, սկսվեց ստորգետնյա ջրերի ավելի մեծ ծավալով օգտագործումը և խորհրդային ժամանակաշրջանի վերջին տարիներին արտեզյան ավազանից ստացվում էր վայրկյանում մոտ 90մ3 ջուր: Էներգետիկ ճգնաժամի տարիներին բարձրադիր շրջանների խորքային պոմպերով աշխատող արտեզյան հորերի մոտ 70 տոկոսը շարքից դուրս եկավ, փոխարենը սնկի պես աճեցին ինքնաբուխ հորատանցքերը: Սևանի ձկան պաշարների կտրուկ նվազումը շատ ձեռներեցների բերեց Արարատյան արտեզյան ավազան՝ շուկայում լրացնելու ձկան դեֆիցիտը: Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով օգտագործվող Ախուրյանի ջրամբարի ոչ կայուն կարգավիճակը ստիպեց վերականգնել 90-ականներից անգործության մատնված հորատանցքերը և նոր հորատանցքեր տեղադրել արտեզյան ավազանում: Մյուս կողմից ձկնաբուծությունը գյուղատնտեսությունում համարվեց գերակա ճյուղ և Արարատյան արտեզանում բազմաթիվ նոր արհեստական լճակներ հայտնվեցին իրենց ինքնաբուխ հորատանցքերով: Այսօր ստույգ հաշվարկներ չկան, թե փաստացի քանի շատրվանող օրինական և անօրինական հորատանցք է տեղադրվել, որքան է այդ հորատանցքերի գումարային թողունակությունը և ինչ աղետալի հետևանքներ կարող ենք ունենալ նման կերպ շարունակելու դեպքում: Պաշտոնական վիճակագրությունը հեռու է իրական պատկերից:

ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Արարատյան արտեզանի սնման և օգտագործման դիզբալանսի հետևանքները տեսանելի էին 2000 թվ-ից: Նախ կտրուկ նվազեց բարձրադիր շրջանների խորքային պոմպով աշխատող հորատանցքերի թողունակությունը՝ 120-150լ/վրկ-ից իջնելով 50-60լ/վրկ-ի: Այս երևույթն առաջին հերթին ոռոգման ջրի դեֆիցիտ ստեղծեց Արմավիրի մարզի համայնքներում, այնուհետև երևույթը նկատվեց նաև ցածրադիր շրջաններում: Արտեզյան ավազանի ջրի ճնշման անկմանը զուգահեռ օրեցօր ավելանում էին ձկնաբուծարանները, և բանը հասավ նրան, որ շատրվանող հորատանցքերի թողունակությունը սկսեց աստիճանաբար նվազել: Դրա վառ օրինակը կարելի է բերել Երևան քաղաքի ջրամատակարարման համար տեղադրված հորատանցքերի թողունակության վրա: 1975-85թթ Ռանչպար, Գայ-Հայկաշեն տեղամասերի բարձր ճնշումային գոտում տեղադրվել են 53 շատրվանող հորատանցքեր 12,38մ3/վրկ թողունակությամբ, 2005 թվ-ին՝ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կատարած գույքագրման արդյունքում հորատանցքերի թողունակությունը մոտ 50 տոկոսով նվազել է՝ հասնելով 6,82մ3/վրկ: Հորատանցքերի խմբում կան այնպիսիները, որոնց թողունակությունը նվազել է 70-90 տոկոսով:

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ


Արտեզյան ջրերի նվազման պատճառներից առանձնահատուկ տեղ ունի ձկնարդյունաբերությունը: ՀՀ Ջրային օրենսգրքի ընդունումից (հուլիս, 2002թ.) հետո մինչև 2008թ. վերջը ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից տրվել է 36,8մ3/վ ելքով ջրօգտագործման թույլտվություն, որից 20մ3/վ-ը նպատակաուղղված է եղել ձկնաբուծական լճակների շահագործմանը: 2007թվ-ին միայն Արարատի մարզում տեղադրվել է ևս 540 հորատանցք, իսկ Արմավիրի մարզում՝ 694: Այսօր Արարատյան արտեզյան ավազանի վրա տեղադրված է մոտ 3270 հորատանցք, որոնց թողունակությունը կրկնակի անգամ գերազանցում է ավազանը սնուցող ջրի քանակությանը, ինչը նշանակում է, որ ավազանը գտնվում է էկոլոգիապես աղետալի վիճակում: Կառավարության որոշմամբ պարբերաբար իրականացվում են հորատանցքերի և նրանց թողունակության գույքագրումներ, տարբեր կառույցների կողմից կատարվել են հետազոտություններ, սակայն իրական պատկերն ավելի աղետալի է, քան պաշտոնական արձանագրություններում: Տնտեսվարողները, երբեմն ստանալով հին հորատանցքը շահագործելու թույլտվություն, նոր հորատանցքեր են տեղադրում, որոնց թողունակությունը զգալիորեն մեծ է նախատեսվածից: Ապօրինի հորատանցքերի քանակը ոչ ոք չգիտի: Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ բնապահպանները չեն կարող մտնել ձկնաբուծարանի տարածք: Այսօր, ինչպես ձկնարդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողները, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում՝ զգալով, որ ջրի քանակը գնալով նվազում է, նոր հորատանցքեր են տեղադրում ջրի քանակն ավելացնելու նպատակով և ավելի մեծ վնասներ են հասցնում ընդերքի ավազանին:



Արտեզյան ավազանի ճնշման անկման պատճառով ավելի շատ տուժում է ավազանի երկայնքով տեղակայված համայնքների հասարակությունը: Օրինակ, Գայ համայնքի խմելու ջրամատակարարումն անհիշելի ժամանակներից իրականացվել է շատրվանող հորատանցքերի ջրի միջոցով: 5-6 տարի առաջ համայնքը զրկվեց խմելու ջրից և ստիպված նոր հորատանցք տեղադրվեց, որտեղից ջուրը մատակարարվում է խորքային պոմպերի միջոցով: Այսօր Գայ համայնքի ջրամատակարարումն իրականացվում է 5 խորքային պոմպերով աշխատող հորատանցքերի միջոցով: Նույն բախտին են արժանացել Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներ:




Երբ արտեզյան ավազանից դուրս բերվող ջրի քանակը կրկնակի անգամ գերազանցում է արտեզյան ավազանը սնուցող ջրի քանակից, ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է՝ ստեղծելով ընդերքում դատարկ խոռոչներ, որոնց մակերեսը կարող է հասնել մի քանի քառակուսի կիլոմետրի և բավական է մի փոքր ցնցում, որ տեղի ունենա փլուզում: Հայաստանում ուսումնասիրություններ չեն կատարվել որոշելու համար խոռոչների հավանական աշխարհագրությունը և, բնական է, չկան հաշվարկներ, թե աղետից ո՞ր համայնքները կտուժեն և ի՞նչ չափով:

ԿՈՆՍԵՐՎԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԼՔՎԱԾ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԸ

Գյուղատնտես Խուրշուդ Քոչարյանի կարծիքով մի քանի հորի կոնսերվացումով, այն էլ՝ արդեն չգործող և ցամաքած հորերի, չի կարող խնդիրը լուծված համարել: Պետք է համատարած հաշվառում և ուսումնասիրություն կատարել, նախ գործող հորերի ջրաթողունակությունը վերահսկել և սահմանված նորմերին համապատասխանեցնել, ապա վերացնել անօրինական հորերը և խստացնել պահանջներն ու կրճատել նոր խորքային հորերի հորատումը:

Գյուղատնտես, Գայի գյուղապետի տեղակալ՝ ԽՈՒՐՇՈՒԴ ՔՈՉԱՐՅԱՆ (արխիվ)

Արարատյան արտեզյան ավազանում ձկնաբուծական լճակները տեղակայված են ավազանի ճնշումային գոտում: Նրանց աշխարհագրությունը հիմնականում ներառում է Արմավիրի մարզի Ջրառատ, Մեծամոր, Հայկաշեն, Գայ և Արարատի մարզի Հովտաշատ, Սիփանիկ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Ռանչպար, Նորամարգ համայնքների վարչական տարածքները: Լճակների ստույգ քանակի և ծավալների վերաբերյալ պաշտոնական արձանագրություն չկա, սակայն «Google Earth»-ի միջոցով կարելի է պատկերացում կազմել ձկնաբուծարանների քանակի և արհեստական լճակների քանակի վերաբերյալ:

Նյութի պատրասման համար օգտվել ենք Նվեր Մելքոնյանի դոկտորական ատենախոսությունից 2006թ. և Wikipedia-ից: Խորհրդատվություն է տրամադրել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, բնապահպան՝ Սանասար Բաղդասարյանը:




This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website