ԱՂԸ ԴԱՏԱՐԿՈւՄ Է ԳՅՈւՂԵՐԸ
Եղեգնուտի գյուղնշանակության հողատարածքները նահանջելով՝ իրենց տեղը զիջում են աղակալված մեռյալ անապատին: Գյուղի 1200 հեկտար հողատարածքից այսօր մշակելի է մնացել ընդամենը 300 հեկտարը: Արմենի ընտանիքն իր 3 հեկտար հողատարածքից կարողանում է մշակել 1000 քմ-ը: Հովհաննիսյանն ասում է աղը դուրս է եկել հողի մակերես և ոչ մի կուլտուրա չի աճում: Նրա խոսքով, աստիճանաբար հողի բերքատվությունը նվազում և անիմաստ է դառնում մշակելը:

Շատ գյուղացիներ, չունենալով ընտանիքի գոյությունը պահպանելու այլ միջոց, ստիպված են եղել իրենց հողակտորում ստեղծել նոր բուսական շերտ: Արմենի խոսքով, իրենք հարևան գյուղերից 100-ավոր ավտոմեքենա բուսական հող են տեղափոխել Եղեգնուտ, լցրել իրենց հողակտորի վրա և ստացել 30 սմ հաստությամբ բուսական շերտ, որտեղ հնարավոր կլինի մշակել միայն բանջարեղեն:

Ում հողամասը աղակալված չէ, նրան գյուղում բախտավոր են համարում

Թամար Աթոյանին, օրինակ, չի հետաքրքրում ով է Եղեգնուտում հող մշակում: Միայն գիտի, որ իր հողամասն այլևս մշակության համար պիտանի չէ: Դրանից նա շատ է վրդովվում: Ընտանիքը կերակրելու համար հարևանությամբ գտնվող Մասիսի տարածաշրջանում 2 հեկտար հողատարածք է վարձակալել, գարնանը սածիլ է աճեցնում, տեղափոխում Մասիս և ձմերուկի մշակությամբ զբաղվում: Տիկին Թամարի օրինակին շատերն են հետևում:
Ինչ է նշանակում աղակալում


Հողերի աղակալումը տեղի է ունենում կիսաանապատային և անապատային գոտիներում, որտեղ գոլորշիացումը գերազանցում է տեղումների քանակին և ստորերկրյա ջրերի բնական հոսքը թույլ է: Հայաստանում աղակալված և կրկնակի աղակալված հողերի ծավալները կազմում է շուրջ 30 հազար հեկտար:
Արարատյան հարթավայրի որոշ ցածրադիր շրջաններում գրունտային ջրերը պարբերաբար բարձրանում են հողի մակերևույթ և, գոլորշիանալով, հողի մեջ են թողնում իրենց մեջ լուծված աղային մասը: Երևույթի պարբերաբար կրկնումը հողերի մեջ բարձրացնում է աղի քանակությունն այն աստիճան, որ այլևս բուսականություն չի աճում:



Միայն Արմավիրի մարզում աղակալված է մոտ 5 հազար հեկտար հողատարածք: Գյուղացիական տնտեսությունները սեփական միջոցներով չեն կարող պայքարել երևույթի դեմ և ստիպված հրաժարվում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
Ինչպես են աղազերծվել աղակալված հողերը

Խորհրդային տարիներին ծավալուն աշխատանքներ են կատարվել աղակալված հողատարածքների աղազերծման ուղղությամբ: Միջոցառումները կատարվում էին քիմիական և մեխանիկական եղանակներով: Արմենը հիշում է ինչպես էր աղից մաքրվում հողատարածքները:
Աղազերծման քիմիական եղանակը կատարվում էր աղի չեզոքացման միջոցով: Հողի մակերևույթին կառուցվում էին թմբեր, այնուհետև միջթմբային տարածքներում լցվում էր ծծմբական թթվի թափոններից պատրաստված լուծույթ, որը, ներծծվելով հողի մեջ, ռեակցիայի մեջ էր մտնում ալկալիական աղերի հետ և չեզոքացնում նրանց: Այս տարբերակը մեծ ծախսեր էր պահանջում: Մեխանիկական եղանակով աղազերծելու համար նախ դրենաժների միջոցով իջեցվում էր գրունտային ջրերի մակարդակը, այնուհետև ինտենսիվ ոռոգման միջոցով լվացվում էր աղի շերտը: Դրենաժների խորությունը հասնում էր 2,5-3,0 մետր և լինում էին բաց կամ փակ:
Ի՞նչ է արվում այսօր աղակալված հողերն աղազերծելու ուղղությամբ
Քիմիական եղանակով աղազերծումը ծախսատար է և Հայաստանում չկա հումք այն իրականացնելու համար:

Մեխանիկական եղանակով խնդիրը լուծելու համար այսօր արդեն ստեղծվել են նպաստավոր պայմաններ. գրունտային ջրերի մակարդակն այնքան է նվազել, որ կարելի է հողը լվացման միջոցով աղազերծել:

Հողերի լվացումն իրականացվում է պարբերաբար ոռոգելու միջոցով: Սակայն եղեգնուտցիների մեկնաբանությամբ, եթե ինտենսիվ ոռոգման ճանապարհն ընտրեն, տարեկան առանց բերք ստանալու, հեկտարի հաշվով 500-600 հազար դրամ գումար կծախսեն, որի հնարավորությունը չունեն:

Գյուղատնտես Քյարամ Աջոյանն ասում է կառավարությունը մեծ միջոցներ է տրամադրում դրենաժների սպասարկման համար, և դա այն պարագայում, երբ գրունտային ջրերի մակարդակն ընկել է, իսկ դրենաժները չեն ծառայում իրենց նպատակին: Եթե այդ գումարներն ուղղվեին ոռոգման ջրի սուբսիդավորմանը, արդյունքը տեսանելի կլիներ, շատ հողատարածքներ հնարավոր կլիներ լվացման եղանակով օգտագործելի դարձնել:




Պետությունն այլ տրամաբանությամբ է մոտենում խնդրին: Առանց այն էլ Արարատյան դաշտում պիտանի գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չի մշակվում, ավելորդ է լրացուցիչ ջանք գործադրել մելիորացիոն աշխատանքներ սուբսիդավորելու ուղղությամբ:
Գյուղացիների խոսքով, եթե հողատարածքը աղի սպիտակ շերտով է ծածկվում, դա չարիքի փոքր տեսակն է, կարելի է ինչ-որ կերպ պայքարել և դարձնել պիտանի: Երբ հողի մակերևույթը դառնում է գորշ կապտավուն, հողատարածքը վերականգնելն անհնարին է: Արմենն արդեն անկարող է պայքարել հողը մշակելի դարձնելու հարցում:

Աղակալման հետևանքները

Եղեգնուտի բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ապարդյուն պայքարելով աղակալված հողերի վերականգման ուղղությամբ, վերջնականապես հրաժարվում են հողագործությունից: Մեծ ընտրություն չունենալով, կախված ընտանիքի կարգավիճակից, կամ մեկնում են արտագնա աշխատանքի, կամ այլ համայնքներում հողեր են վարձակալում և շարունակում զբաղվել գյուղատնտեսությամբ:




ՀՀ Բնապահպանության նախարարությունը տեղյակ է խնդրից

ՀՀ Բնապահպանության նախարարությունը 2015թվ-ին ծանոթացավ խնդրին: Նախարարության աշխատակիցները հանդիպումներ ունեցան համայնքի ղեկավարների հետ և հավաստիացրեցին, որ հողերի աղազերծման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ պետական ծրագիր է մշակվում: Անցել է 3 տարի, ծրագրից լուր չկա:
Արմեն Հովհաննիսյանը երկու ելք է տեսնում՝ կամ արտագնա աշխատանքի կմեկնի, կամ հարևանների օրինակին հետևելով՝ գարնանը Մասիս քաղաքում հողատարածք կվարձակալի և լոլիկի մշակությամբ կզբաղվի:



Նախագծի հեղինակ՝ Անժելա Ստեփանյան
Նկարահանումները՝ Խաչիկ Դանիելյանի
Մոնտաժը՝ Արմեն Դանիելյանի
© 2018
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website