Ջուրը խմե՞լ, թե՞...

Մեր հիվանդությունների 80 տոկոսը մենք խմում ենք - Լուի Պաստյոր
Արմավիրի մարզի մի քանի տասնյակ համայնքների բնակիչների համար ամենասպասելի ականջ շոյող աղմուկը ջուր վաճառող ավտոցիստեռների ձայնային ազդանշանն է: Առօրյա հոգսերի ցանկում ամենաառաջնայինը խմելու ջուր գնելն է:

Արմավիրի մարզի նախկին Հոկտեմբերյանի և Բաղրամյանի շրջանների գյուղական և քաղաքային համայնքների բնակիչները անհիշելի ժամանակներից ջրի ծորակից հոսող ջուրն օգտագործում են միայն կենցաղային նպատակներով, իսկ խմելու ջուրը գնում են 1 լիտրը 10 դրամով:

Բնակիչները սկզբնական շրջանում մեղադրում էին քայքայված խողովակաշարին, հովհարային մատակարարումներին, ջրի աղտոտվածությանը, սակայն տարիների ընթացքում խողովակաշարերը փոխվեցին, ջրամատակարարումը որոշ համայնքներում դարձավ շուրջօրյա, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Բնակիչներն ինչպես գնել էին, այնպես էլ շարունակեցին տարաները ձեռքին սպասել ավտոցիստեռնի աղմկոտ սուլոցին:
«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» հասարակական կազմակերպությունը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում այս տարի հարցումներ անցկացրեց Արմավիրի մարզի Մյասնիկյան, Նորավան, Լուկաշին, Ակնալիճ և Եղեգնուտ համայնքներում, հասկանալու համար, թե ինչո՞ւ են բնակիչները խմելու ջուրը գնում ցիստեռներից: Բնակիչների մեծ մասը պատճառաբանում էին, որ ջուրը կոշտ է և չի հագեցնում ծարավը:

ՀԿ-ն ընտրելով Մյասնիկյան, Նորավան և Եղեգնուտ համայնքները, որոշեց լաբորատոր փորձաքննության միջոցով մշտադիտարկում իրականացնել և ստուգել խմելու ջրի որակական ցուցանիշները: Բացի նշված համայնքներից, մշտադիտարկման ցանկում ներառվեց ավտոցիստեռնով վաճառվող ջուրը:
Մշտադիտարկման արդյունքներն ավելի քան սպասելի էին. 3 համայնքների, ինչպես նաև վաճառվող ջրի որակական ցուցանիշները, ըստ «Ստանդարտ դիալոգ» փորձագիտական լաբորատորիայի արձանագրության, չեն համապատասխանում խմելու ջրի Հայաստանում գործող չափանիշներին:

Այժմ ըստ հերթականության նկարագրենք խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումները և դրանց համատեղելիությունը բնակիչների առողջությանը:

Ջրի կոշտություն
Հայաստանում խմելու ջրի որակի պահանջները նույնականացված են Ռուսաստանի ցուցանիշներին, որն իր հերթին մեծ շեղում ունի միջազգային պահանջներից: Հայաստանում խմելու ջրի որակի պահանջներն ու հսկողությունը ամրագրված են Առողջապահության նախարարի 2002 թվականի N 876 հրամանով: Ըստ այդ հրամանի, խմելու ջրի կոշտությունը չպետք է գերազանցի 7,0 մմոլ/լ: Սա նշանակում է, որ 1 լիտր խմելու ջրում լուծվող մագնեզիումի և կալցիումի աղերի քանակը չպետք է գերազանցի 7,0 մգ-էկվիվալենտը:
Յուրաքանչյուր երկիր իր չափման միավորն է ընտրել և ջրի կոշտությունը տարբեր կերպ է ընկալվում:
Օրինակի համար դիտարկենք Գերմանիայի և Ռուսաստանի Դաշնության չափորոշիչները, որը կարելի է ասել նաև Հայաստանինն է:

Աղյուսակից պարզ երևում է, որ եվրոպացիներն իրենց չափանիշներն ընտրել են՝ մտածելով հասարակության առողջության մասին, իսկ Հայաստանը եղած խմելու ջրի համատեքստում է ընտրել չափորոշիչները:

Նորավան համայնքի խմելու ջուրը մատակարարում է «Վեոլիա» ընկերությունը՝ կենտրոնացված համակարգով և ջրի կոշտությունը կազմում է 11,0 մմոլ/լ: Մյասնիկյան համայնքի ջրամատակարարումը նույնպես իրականացնում է «Վեոլիա» ընկերությունը՝ տեղային խորքային հորերի ջրով և կոշտությունը կազմում է 13,5 մմոլ/լ:

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: Բացի Առողջապահության նախարարի թիվ 876 հրամանի, կա նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի մարզի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն իրավասու է խմելու ջրի կոշտությունը թույլատրել մինչև 11,0 մմոլ/լ: Այս թույլտվության հետևանքն է, որ «Վեոլիա» ընկերության սպասարկման գոտում գտնվող Արմավիր քաղաքը և շրջակա համայնքները կենտրոնացված խմելու ջուր են սպառում 11,0 մմոլ/ կոշտությամբ: Սա հայկական չափանիշներով շատ նորմալ է, իսկ միջազգային և ռուսական չափանիշներով՝ շատ աննորմալ:

Ինչ վտանգներ ունի կոշտ ջուրը

Կոշտ ջրի և օճառի միացությունը առաջացնում է օճառային շլակ, որը չի լվացվում և, մնալով մաշկի վրա, քայքայում է մաշկի բնական պաշտպանիչ ճարպի թաղանթը, որը հետևանք է դառնում մաշկի վաղ ծերացման և մաշկային հիվանդությունների ավելացման: Նույն ճակատագրին են արժանանում մարդու մազերը:

Մագնեզիումի և կալցիումի աղերը, մարդու ստամոքսում միանալով կենդանական սպիտակուցների հետ, որը մենք ստանում ենք սննդի հետ, նստում են մարսողական օրգանների պատերին՝ դժվարացնելով նրանց կծկումները, առաջացնում են դիզբակտերիոզ, խախտում են ֆերմենտների աշխատանքը և արդյունքում թունավորում են օրգանիզմը: Կոշտ ջրի տևական օգտագործումը բերում է ստամոքսի շարժունակության նվազման և օրգանիզմում աղերի կուտակման, - ասում է համաճարակաբանը:

Չանդրադառնալով նորածին և մանկահասակ երեխաների առողջության վրա կոշտ ջրի ազդեցությանը, տեսնենք, թե որքանով են տուժում երևույթից կենցաղային տեխնիկական սարքավորումները: Ինքնաեռների ծառայության ժամկետը 50-70 տոկոսով կրճատվում է: Սարքավորումների ռետինե այն մասերը, որոնք շփվում են կոշտ ջրի հետ, չորանում և քայքայվում են: Նույնիսկ ավտոմեքենաները լվանալիս միշտ երևում են սպիտակ աղի շերտերը: Սանտեխնիկական իրերը՝ զուգարանակոնքը, լվացարանը, անհնար է մաքրել աղակալումից - վստահեցնում է մասնագետը:



Քլորի պարունակության վտանգները

Փորձաքննության արդյունքներով ջրի փորձանմուշներից Նորավան համայնքի և ցիստեռններով վաճառվող ջրի մեջ քլորի պարունակությունը մոտ 10 անգամ գերազանցում էին գործող խմելու ջրի որակի պահանջներին:
Քլորի վտանգավորությունը պատկերացնելու համար հիշենք առաջին մասսայական ոչնչացման զենքը, որը ստեղծվել է քլորի հենքի վրա և կիրառվել 1915թ. ապրիլի 22-ին, իսկ վերջին անգամ նմանատիպ զենք կիրառվել է Սիրիայի Ալեպպո քաղաքում:
Այժմ բնական ջրերից եկող ջրի ախտահանումն իրականացվում է հիմնականում քլորի օգնությամբ: Սակայն ոչ ոք չէր մտածում այն մասին, որ քլորը կազմող միացությունները վերածվում են պաշտպանից դանդաղ մարդասպանի: Քլորի ածանցյալները (քլորոֆորմը, քլորոֆենոլը, քլորիդները, մնացորդային քլորը և այլն) ունեն անոթային (քաղցկեղածին) և մուտանտային հետևանքներ, այսինքն կարող են ազդել մարդկանց գենետիկական ապարատի վրա: Ջրի մեջ քլորի և նրա միացությունների բարձր պարունակությունն առաջացնում է շնչառական վիրուսային հիվանդություններ, թոքաբորբ, գաստրիտներ և, ինչն է առավել սարսափելի, հավանական է, օնկոլոգիական հիվանդությունները: Ամերիկյան ազգային քաղցկեղի ինստիտուտի տվյալներով, երիկամի և լյարդի քաղցկեղի դեպքերի մոտ 2%-ը կարող է վերագրվել խմելու ջրի մեջ պարունակվող քլորոֆորմին: Նույն եզրահանգմանն են եկել նաև ֆիննական գիտնականները:
Որտեղ են պատասխանատուները
Փորձագետների հետ խորհրդակցելով, խմելու ջրի կոշտության և քլորի պարունակության համատեքստում, հարկ չենք համարում անդրադառնալ բոլոր փորձանմուշներում հայտնաբերված կոլիֆորում և տերմոտոլեռանդ միկրոօրգանիզմների առկայությանը: Սակայն մի հարց կա, որին իրավունք չունեինք չանդրադառնալ. իսկ որտե՞ղ են հսկիչները, որոնք աշխատավարձ են ստանում ջրի որակի հսկողության և վերահսկողության համար:
Երկար փնտրտուքից հետո հայտնաբերեցինք, որ Արմավիրի մարզի համայնքներին մատակարարվող խմելու ջրի որակի հսկողությունը, համաձայն Առողջապահության նախարարի N 876 հրամանի, իրականացնում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» մասնաճյուղը:



Տեղեկատվություն ստանալու նպատակով ս/թ նոյեմբերի 15-ին գրավոր դիմեցինք վերոնշյալ ՊՈԱԿ-ին և նոյեմբերի 23-ին ստացանք պատասխան առ այն, որ Մյասնիկյան համայնքում է միայն կատարվել հետազոտություն և շեղումներ չեն հայտնաբերվել: Իսկ ըստ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների 4.2 կետի, որակի արտադրական հսկողությունն ապահովվում է շահագործող կազմակերպության կողմից:
Ընթերցողին չծանրաբեռնելու համար նշենք, որ պատասխանում նշված 4.2 կետից առաջ կա 4.1 կետ, որտեղ հստակ գրված է՝
4.1. Խմելու ջրի որակի նկատմամբ պետք է իրականացվի արտադրական հսկողություն և պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն:
Կա նաև մեկ այլ կետ՝
4.8. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է ՊՀՀ տեսչության մարմինների կողմից, պլանային կարգով և սանիտարահամաճարակային ցուցումներով:
Մյասնիկյան համայնքում ՊՈԱԿ-ի նշած հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է կոլիֆորմ և տերմոտոլերանդ միկրոօրգանիզմներ, իսկ ՊՈԱԿ-ը դա կամ չի հայտնաբերել, կամ ընդհանրապես իր վերահսկողությունը չի կատարել:
Մյասնիկյանցիների մեկնաբանությամբ իրենց մատակարարվող խմելու ջուրը նույնիսկ ոռոգման համար է անպիտան, բույսերը չորանում են:
Ո՞րն է ելքը
21-րդ դարում խմելու ջուր գնելն անհեթեթություն է և 2 տասնյակ տարի համաչափ զարգացում սին խոսքերից գործի անցնելու համար պետք է մարդկանց կենսական առաջին խնդիրը լուծել՝ անտեսելով միջոցների թվաբանությունը:
Օրինակ՝ Արմավիր, Մեծամոր քաղաքային և հարակից գյուղական համայնքներին որակյալ խմելու ջրով ապահովելու համար մասնագետների հաշվարկով կպահանջվի 1,4 միլիարդ դրամ: Շահումյան թռչնաֆաբրիկա գյուղից 20-22 կմ խողովակաշար անցկացնելով Նազրվանի ջուրը կհասնի Արմավիր քաղաք:



Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՙՋրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների՝ Հայաստանում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:
Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Նախագծի հեղինակ՝ Անժելա Ստեփանյան
Նկարահանումները՝ Խաչիկ Դանիելյանի
Մոնտաժը՝ Արմեն Դանիելյանի
© 2018
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website