Անհեթեթ միջավայրի պտուղը
Առաջին հայացքից սովորական լոլիկ է, շուկա տանելու և վաճառելու համար է: Միայն թե այս լոլիկն ավելի հարուստ կենսագրություն ունի, քան իր սերնդակիցները



Լոլիկի հետքերով ...

Մանուշակ Ասատրյանի բանջարանոցը չորացավ ամառվա կեսին: Ոչ մի կիլոգրամ լոլիկ, վարունգ, պղպեղ ու սեխ չհավաքեց: Բույսերը չորացան անհասկանալի պատճառով: Մանուշակն անհանգստացած էր, մտահոգությունները կիսեց հարևանների հետ, շատերն էին նույն իրավիճակում հայտնվել:

Մանուշակ Ասատրյան - Ամեն ինչն էլ չորանում ա, բան չի մնում, ամեն տարի էդ ա, էս տարի գարնան գլուխ ոչինչ, մի քիչ գալիս էր, շոգերը սեղմեց էլ չկա:
Փակել դռներն ու պատուհանները
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այգիները ջրում են կոյուղաջրերով: Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ ոռոգման ջրից տհաճ հոտ է եկել: Մտածել են ջուրը նեխել է: Գնալով գարշահոտն ավելացել է, հասկացել են, որ այգիները ոռոգում են կոյուղաջրով:
Եթե ջուր, ապա կոյուղի
25 տարի առաջ շինարարական աշխատանքներ կատարելիս վթարվեց Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղու մայրուղին և կոյուղաջրերն անարգել սկսեցին հոսել Սևջուր գետ: Գետի ջրերում կոյուղաջրերը հեշտությամբ թաքնվում էին: Դա առիթ էր պատասխանատուների համար՝ մոռանալ վթարի մասին: Տարիների ընթացքում լուծարվեց կոյուղաջրերի մաքրման կայանը, այնուհետև անտերության մատնվելով՝ քայքայվեց:
1998 թվականին Զարթոնք համայնքում բռնկվեց խոլերայի համաճարակ, 2 մարդ մահացավ, 275-ը՝ հոսպիտալացվեց:
Անցան տարիներ: Սևջուր գետի հնաբնակ կուղբերը չդիմացան ջրի աղտոտվածությանը, արտագաղթեցին Արաքս, իսկ գյուղացիները, ոչինչ չկասկածելով, շարունակեցին ոռոգել այգիները գետի ջրերով: Վթարված կոյուղագծի շրջապատում սկսվեց գարշահոտ տարածվել:

Առաջինն այդ մասին ահազանգեցին Մեծամոր քաղաքի բնակիչները: Գարշահոտը ջրերի ուղեկցությամբ հասավ Զարթոնք՝ Մանուշակի ու հարևանների բանջարանոց:

Մինչև բանջարանոցը կչորանար կեղտաջրերից, հասունացած բերքի վաճառքը գյուղացիների համար դարձավ խնդիր: Շուկայում բոլորը խուսափում էին գնել կոյուղաջրով աճեցրած բանջարեղենը:
Պարույր Սարգսյան
Զարթոնք համայնքի ղեկավար

Ինչպես արմավիրցու կոյուղաջուրը դարձավ զարթոնքցիների ոռոգման ջուրը


Մասնագիտական փորձաքննությունը պարզեց, որ անգործության մատնված մաքրման կայանը վերականգնելը նպատակահարմար չէ, որոշվեց նոր կայան կառուցել:

Կոյուղաջրերի մաքրման կայան կառուցելու գաղափարը դարձավ մարզի զարգացման ծրագրերի մեխը:

2000-2001թթ «Նոր Ակունք» ՓԲ ընկերության հաշվարկներով կայանի կառուցման համար անհրաժեշտ էր 2,5 մլն եվրո: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի KFW բանկի և Հայաստանի միջև կնքվեց վարկի տրամադրման պայմանագիր, որը ենթադրում էր Արմավիրի մարզում իրականացնել ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բարելավում: Ավելի ուշ կայանի կառուցման նախագիծը մերժվեց, գումարը չհատկացվեց:
Ձկները շատացան, ջրերը պակասեցին, կոյուղաջուրը գերիշխող դիրք գրավեց


2005-2007 թվականներին ձկնաբուծարանների ավելացման և Արարատյան Արտեզյան ավազանի ջրերի անխնա օգտագործման հետևանքով Սևջուր գետի ջրային պաշարները սկսեցին նվազել, այնուհետև գետը, հունը թողնելով կոյուղաջրերին, ամբողջությամբ ցամաքեց: Ոռոգման համար նախատեսված պոմպակայանը շարունակեց նույն եռանդով աշխատել, բայց միայն կոյուղաջրով:
Կոյուղաջրերով ամենաշատը մտահոգված Զարթոնք համայնքի ղեկավարը չի մոռանում 98-ի խոլերիայի համաճարակը, իր հաստլիկ թղթապանակում պահում է տարբեր բովանդակության գրություններ, որոնք տասը տարիների ընթացքում ուղարկել է հնարավոր բոլոր կառույցներին՝ խնդիրը կարգավորելու խնդրանքով:
Ովքեր են տուժում կեղտաջրերից

Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ և Երասխահուն համայնքների բնակիչները դարձել են կոյուղաջրերի գերին: Ոռոգման սեզոնի մեկնարկը նշանակում է փակել պատուհանները, բակում չնստել, երեխաներին ջրատարից հեռու պահել, բոստանը ջրել ռետինե հանդերձանքով, բերքահավաքը կատարել ձեռնոցներով, բաց ձեռքերով չշփվել բերքի հետ: Այս կանոններին ոչ բոլորն են հետևում:
Լոլիկի պարունակությունը
2018թ. ամռանը գրավոր նամակով դիմեցինք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոն՝ խնդրելով ուսումնասիրել և պարզել, թե որքանո՞վ է կոյուղաջրերով ոռոգված բանջարեղենն անվտանգ մարդկանց առողջության համար:

Մեկ ամիս անց տեսչությունը պատասխանեց, որ նշված տարածքից վերցրած լոլիկի, սմբուկի, պղպեղի, կարտոֆիլի, սեխի և ձմերուկի նմուշները հանձնվել են լաբորատոր փորձաքննության և անվտանգության ցուցանիշների շեղումներ այդ նմուշներում չեն հայտնաբերել:
Փորձանմուշների շարքում կարտոֆիլի առկայությունը հուշում էր, որ ինչ-որ բան այն չէ: Գյուղացիներն ասել էին, որ իրենք կարտոֆիլ չեն մշակում կոյուղաջրով ոռոգվող տարածքներում: Վախենում են, որ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար: Նշանակում է՝ Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները կարտոֆիլն ու մյուս փորձանմուշները վերցրել են կամ Երասխահուն, Արտաշար և Եղեգնուտ համայնքների այն հողատարածքներից, որոնք ոչ թե կոյուղու, այլ արտեզյան ջրով են ոռոգվում, կամ էլ՝ ընդհանրապես լաբորատոր փորձաքննություն չեն կատարել:
Փորձագետները նույնպես զարմացած էին այս արդյունքներից
Նշված համայնքների ռիսկային հատվածներից վերցրած բանջարեղենն ու կոյուղաջուրը մանրէաբանական հետազոտության հանձնեցինք «Ստանդարտ դիալոգ» անկախ փորձագիտական կենտրոնում: Բանջարեղենի նմուշների մեջ հայտնաբերվեց աղիքային ցուպիկ, իսկ կոյուղաջրում՝ անթույլատրելի քանակով լակտորզադրական կոլիֆորմներ:
Արդեն երկու տարի է, կոյուղաջրում հայտնաբերվում է խոլերիայի ոչ ախտածին միկրոբներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են դառնալ ախտածին և առաջացնել համաճարակ:

Հյուրերի նկատմամբ զարթոնքցիները հատուկ ուշադրություն են դարձնում, բժշկի խորհրդով հյուրասիրությունը կազմակերպում են՝ խիստ հետևելով սանիտարահիգիենիկ կանոններին:
Նարինե Գևորգյան
Զարթոնքի ընտանեկան բժիշկ
Զարթոնքի գյուղապետը վստահ է՝ 10 խորքային հորերի գործարկումը կմեղմի վտանգը, կլուծի ոռոգման հարցը: Դիմել է կառավարություն, արձագանք չկա:

Զարթոնքը, որտեղ 2000-ից ավելի բնակիչ ապրում և շնչում է կոյուղաջրերի հոտը, ընդհանուր խնդրի փոքր մասնիկ է: Ստեղծված իրավիճակը բազմակողմանի ընդգրկում ունի, մեկ գերատեսչության կողմից լուծելն անհնարին է: Ջրային կոմիտեն ելք է փնտրում:
Կոմիտեն դիմել է կառավարությանը 12 խորքային հորերի կառուցման համար, որը կլուծի 5 համայնքների 1500 հեկտար հողերի ոռոգման հարցը:

- խնդիրը ստորգետնյա ջրավազանի մակարդակի բարձրացումն է, այսինքն՝ Սևջրի վերածննդի հետ մակարդակը բարձրացվի և օգտագործվի ոռոգման համար:
Ինչի՞ հետ է կապված դա՝ ձկնաբուծարանների անխնա ջրի օգտագործման հետ: Մենք չենք ասում ձկնաբուծարանները թող փակվեն, մենք ասում ենք պետք է աշխատեն խնայողական ռեժիմով:
Ինեսսա Գաբայան
ՀՀ Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Մանուշակը այս տարի եկամուտ չստացավ ու կոյուղաջրերով այգին ոռոգելու վարձը պարտք մնաց:

Իշխանությունների անտարբերությունից զայրացած է Զարթոնքի գյուղապետը: Մինչև գյուղում համաճարակ չբռնկվի, խնդրին լուծում չի տրվի, ինչպես եղավ 1998-ին, երբ խոլերիայի համաճարակը ստիպեց նոր ամբուլատորիա կառուցել և նորացնել գյուղի խմելու ջրի ներքին ցանցը: Այժմ տեսնենք քանի կյանք կարժենա այս խնդրի լուծումը,- ասում է Պարույր Սարգսյանը:
Նախագծի հեղինակ՝ Անժելա Ստեփանյան
Նկարահանումները՝ Խաչիկ Դանիելյանի
Մոնտաժը՝ Արմեն Դանիելյանի

© 2018

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website