Հանքատերերն են որոշում գյուղացու ճակատագիրը
Հանքավայրերը չարիք գյուղացիների համար

Համայակը մինչև վերջ իր խոսքի տերը եղավ, ասեց չեմ ծախի ու չծախեց: Բայց չի կարողանում մշակել, ծառերը չորացան, այս տարի էլ լոլիկ դրեց: «Հեսա դեռ պտուղը չհասունացած, քոլերը ծարավից վառվեցին»,- պատմում է արգավանդցի Պետրոսը՝ հերթ չտալով ընկերոջը խոսել։

Նրանք, ինչպես և Արգավանդի շատ գյուղացիական տնտեսություններ, կանգնել են փաստի առաջ՝ իրենց ընտանիքի ապրուստի միջոց սեփական հողատարածքները չեն կարողանում մշակել։

Բոլորի խնդիրը նույնն է. եթե տարածքում գոյություն ունի շահագործվող ավազի հանք, ապա շրջապատի հողատարածքները ջրազրկվում են ու դառնում մշակության համար ոչ պիտանի։ «Լավագույն» տարբերակը հանք շահագործողի առաջարկն ընդունելն ու հողատարածքը նրան վաճառելն է։ Սա առանձին պատմություն է։

Հանք շահագործողը, առաջին փուլով մեծ գումար առաջարկելով, գյուղացուց գնում է հողակտորը և վերածում ավազի հանքի։ Կարճ ժամանակահատվածում հարևանությամբ գտնվող հողատարածքները ջրազրկվում են և հանք շահագործողն անցնում է երկրորդ փուլին՝ կոպեկներով գնում է շրջապատի արդեն անապատի վերածված հողատարածքները։

Սկզբունքային գյուղացիները հրաժարվում են վաճառել ընտանիքի ապրուստի միջոցը, ինչպես օրինակ Պետրոսը, հույս ունենալով բողոքելով վերջ տալ ապօրինություններին, սակայն, առանց տեղական իշխանությունների հետ փոխշահավետ համաձայնության, գյուղատնտեսական հողատարածքը ավազահանքի վերածել տնտեսվարողին չէր հաջողվի։

Հանքարդյունաբերություն առանց կանոնների, կամ ինչպես շրջանցել օրենքով սահմանված պարտավորությունները

Շատ գյուղացիներ չեն կիսում Համայակի կարծիքը։ Օրինակ, Արա Գևորգյանը, ով մեկ հեկտար հողատարածք ունի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ է զբաղվում, ասում է, եթե լավ գին առաջարկեն, հողը կվաճառի։ Արայի հողատարածքը շահագործվող հողատարածքի անմիջապես հարևանությամբ է գտնվում։

Ինչպես Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողերը

դարձան հանքավայրեր

Արմավիրի մարզում շատ տնտեսվարողներ իրենց գործունեությունն են ծավալել հանքարդյունաբերության բնագավառում: Տասնյակ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վերածվում են անապատի և ճահճուտների: Ավազահանքի շահագործողները հանքանյութի սպառումից հետո լքում են հանքավայրը՝ իրենց հետևից թողնելով անապատներ։

Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, բնապահպան

Հենրիկ Ալեքսանյանն ասում է, որ այդ տարածքների մի մասը ժառանգություն է հասել խորհրդային տարիներից: Սակայն ստեղծված իրավիճակը բարդել միայն խորհրդային տարիների վրա, արդարացի չի լինի, քանի որ տենդենցը շարունակվում է մինչ օրս և տարեցտարի գյուղնշանակության հողատարածքները հանքարդյունաբերության պատճառով նահանջ են ապրում:

Հայաստանում գործում է Ընդերքի մասին օրենքը, ըստ որի հանքավայրերը շահագործելուց հետո պարտադրվում է կատարել բուսական շերտի վերականգնում, այսինքն՝ ռեկուլտիվացիա: Արմավիրի մարզում ռեկուլտիվացիայի ենթակա ավելի քան 1000 հեկտար հողատարածք կա:

Ըստ Ալեքսանյանի, օրենքով սահմանված կարգ գոյություն ունի։ Ընդերքի պաշարների սպառման դեպքում տարածքը պետք է վերականգնվի, ռեկուլտիվացիայի ենթարկվի:

Նշենք, որ հանք շահագործող բոլոր տնտեսվարողները, մինչև արտոնագիր ստանալը, դրամագլխին օրենքով սահմանված կարգով վճարումներ են կատարում:

Ընդերքի մասին ՀՀ օրենքի 70 հոդվածի 4 կետի համաձայն, լիազոր մարմինը պատասխանատու է հանքավայրերի փակվելուց հետո հողատարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների համար: Նույնիսկ եթե տնտեսվարողն այն չիրականացնի, ապա լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին պարտավոր է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ:

Ալեքսանյանի փոխանցմամբ, Արմավիրի մարզի հանքավայրերից արտահանվում է տուֆ, բազալտ, ավազա-կոպճային խառնուրդ, անդեզիտ ու հրաբխային խարամ։ Ամեն օր Արմավիրի մարզից հանրապետության տարբեր բնակավայրեր են մեկնում շինարարական նյութերով բեռնված բազմաթիվ բեռնատարներ։ Ընդերքի հարստությունն օգտագործելը հանցանք չէ, բայց առնվազն օրինազանցություն է, երբ հանքերը շահագործող տնտեսվարողները, օգտագործելով գյուղնշանակության հողատարածքները հանքարդյունաբերության նպատակով, այն վերածելով անապատների և ճահիճների, առանց ետ նայելու թողնում ու հեռանում են այլ նպաստավոր տեղեր գործունեությունը շարունակելու համար, կամ, ինչպես գյուղացիներն են ասում, այլ հողեր հարամելու համար, իրավիճակով մտահոգված ասում է բնապահպանը։

Հանքավայրի շահագործման թույլտվությունը, որը ստանում է տնտեսվարողը, օգտակար հանածոների հանքավայրի 50 էջանոց անձնագիր է, որտեղ նշված է երկրաբանական սխեմատիկ քարտեզը, օբյեկտի շահագործման տնտեսական ցուցանիշները և շրջակա միջավայրի պահպանության ու վերականգնման միջոցառումները։

Բոլոր փաստաթղթերի և բիզնես ծրագրի առկայության պարագայում տնտեսվարողի հետ կնքվում է հանքավայրի շահագործման պայմանագիր՝ նշված տարածքում և սահմանված ժամկետով։

Իրարամերժ տեղեկատվությունը հիմք է հանդիսանում հրաժարվել պաշտոնական տվյալներից և խնդիրն ուսումնասիրել համայնքներում առկա իրավիճակով պայմանավորված։ Նույն պատկերն է նաև Ջրառատ, Տանձուտ, Ջանֆիդա և մի շարք այլ համայնքներում։

Գյուղացիները վախենում են բարձրաձայնել խնդրի մասին

Գյուղացիները կրկին, ավանդույթի համաձայն, հրաժարվում են երևալ կամ ներկայանալ տեսախցիկի առաջ, բայց պատրաստակամ են շրջել ու ծանոթացնել գյուղի փաստացի չօգտագործվող հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքների հետ։ Արթուրը մոտ մեկ հեկտար հողատարածք ունի, պտղատու այգի է հիմնել։ Հարևանությամբ գործող ավազի հանքը ջրազրկել է շրջակայքի հողատարածքները։ Ստիպված է այգին կրկնակի ոռոգել։ Ասում է, եթե գյուղացիները ստիպված են իրենց հողերը վաճառում, ոչ մեկը հեշտությամբ չի ընդունում այդ որոշումը։ Հանքերի հարևանությամբ հողագործությամբ զբաղվելն անհնար է դառնում։ Պատճառը պարզ է, Արթուրը բացատրում է։

Ու՞մ են պատկանում հանքերը

Արգավանդցիների մեկնաբանությամբ, հողատարածքները գնում են տարբեր մարդիկ, ովքեր ՀՀԿ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի մերձավորներն են։

Փորձեցինք ծանոթանալ, թե ո՞ր կազմակերպությունն է զբաղվում ավազի արդյունահանմամբ և որքանո՞վ այդ կազմակերպությունը կապ ունի նախկին պատգամավորի հետ։

Երկար որոնումների արդյունքում պարզեցինք, որ Արգավանդ գյուղում մինչև 2014 թվ-ը ավազի արդյունահանմամբ զբաղվել է «Քաջ Շինարար» ՍՊԸ-ն։ Այսօր Արգավանդում ոչ մի տնտեսվարող թույլտվություն չունի զբաղվելու հանքարդյունաբերությամբ։

Արգավանդի վարչական տարածքում տեղակայված է «Տնա-Շին Աշոտ» ՍՊ ընկերության ավազի լվացման արտադրամասը։ Միևնույն ժամանակ, սույն ընկերությունը 2012թվ-ին 25 տարի ժամկետով թույլտվություն է ստացել հարևան՝ Տանձուտ համայնքում 3 հեկտար տարածքի վրա իրականացնել ավազի արդյունահանում։

Ստացվում է, որ «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ-ն ավազ է արդյունահանում Տանձուտ համայնքում, լվացումն իրականացնում է Արգավանդ համայնքում։ Սա՝ իրավական մասով։

Առաջին հայացքից ամեն ինչ օրենքի տրամաբանության մեջ է։ Սակայն կասկածելի է, թե «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ-ն 25 տարի 3 հեկտար տարածքում ինչո՞վ է զբաղվելու։

Պարզվում է Արգավանդ համայնքից գնելով գյուղնշանակության հողատարածքները, վերածում է հանքավայրերի, ինչին ականատես եղանք մեր նկարահանման պահին։ Արգավանդում ոչ միայն ավազի լվացման, այլև փաստացի արդյունահանման աշխատանքներ էին իրականացվում։

Վերադառնանք ՀՀԿ նախկին պատգամավորին։ Մեկ փաստ, որպեսզի հասկանալի դառնա, ինչքանով է նախկին պատգամավորի հետ կապված «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ-ն։ Ընկերությանը պատկանող 029 OO 11 պետհամարանիշով Մերսեդես G500 մակնիշի ավտոմեքենան, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, տարիներ շարունակ ծառայում էր Նահապետ Գևորգյանի անձնական կարիքների համար։

Ավազի հանքերը վնասներ են հասցրել նաև Ջրառատի գյուղացիական տնտեսություններին։ Հանքերի շրջակայքի մշակելի հողատարածքները տարեցտարի կրճատվում են:

«Որ կողմը նայում ես, հանքա, ըստեղ էլ չեն կարա մշակեն մարդիկ, որովհետև հող չկա, լրիվ ավազա։ Մի 10 -15 տարի առաջ էլի մշակում էին մարդիկ, հետո քիչ-քիչ հանեցին ավազը, տենց թողեցին տեղը լիճ դարձավ։ էտ կողմի վրա, որ իմ հողն ա, ավազը հանել են, փոս ա մնացել, ջուրը կուտակվելա էդ փոսի մեջ իմ հողը ջրի կարոտ ա դարձել» - Ջրառատի բնակիչ՝ Գոհար Փիլոյան։

Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը պնդում է, որ գյուղում ավազի հանք չի շահագործվում և, եթե շահագործվեր, ապա կազդեր հողերի բերքատվության վրա: Ասում է Ջրառատում միայն ավազի լվացման տեղ կա, ու մարդիկ մտածում են, որ այստեղ ավազ են արտադրում, բայց ավազը ուրիշ տեղից բերում են մեր մոտ, լվանում տանում։ Իսկ դա չի կարա ջրերի հետ կապ ունենա, ինչքան քանդում են ըտեղ ջուրա լինում, ջրերը նստելու խնդիր չի կարա լինի:

Սամվել Գալստյան
Ջրառատ համայնքի ղեկավար
ՏԻՄ-երի անտարբերությունը կամ անօրինականությունները թաքցնելու իրենց շահը

Ջրառատի հողատարածքները հիմնականում ավազային են: Ավազը խոնավություն և ջրի ազատ հոսք է ապահովում, քանի դեռ մոտակայքում որևէ հանք չկա: Հենց սկսում է արդյունահանումը, հողատարածքներն արագ ջրազրկվում են ու դառնում մշակության համար ոչ ձեռնտու: Փոխարենը՝ բիզնեսի համար դառնում է շահութաբեր:

Տեղական ինքնակառավարման մարմիններ - մարզային իշխանություններ

Ջրառատում ավազի հանքավայրեր կան: Ըստ Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, Լուսագյուղ և Ջրառատ գյուղերի սահմանային տարածքում ավազի արդյունահանման նպատակով մոտ 8,5 հեկտար հողատարածք է տրամադրվել «Գամա Ռեսուրս» ՍՊԸ-ին: Հանքավայրերը հիմնականում տեղակայված են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա:

Մարզի 7 համայնքներում իրականացվում է ավազի արդյունահանման աշխատանքներ 11 կազմակերպությունների կողմից, որոնց տրամադրվել է հողատարածք շուրջ 64 հեկտար, որի վրա կատարվում է ավազի արդյունահանում: Հողհատկացումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից, համայնքի վարչական տարածքում: Մարզպետարանը հետևում է, որպեսզի համայնքի ղեկավարի կողմից համապատասխան վարձակալության պայմանագիր կնքվի ընդերք շահագործողի հետ:

Ջրառատի գյուղապետարանը նման պայմանագիր չունի:

Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն կամ իրավական կարգավորումները

ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 42 հոդվածը պարտավորեցնում է ընդերքօգտագործողներին ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը, համաձայն նախագծի և պայմանագրի, անվտանգ վիճակի բերելը, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնելը։

Բացի այս օրենքով, կարգավորվում է, թե ինչ միջոցներով է պետք ռեկուլտիվացիա կատարել հողատարածքները։

Օրենքի այս դրույթները ոչ մի տնտեսվարող չի պահպանում։

Հազարավոր հեկտարով կորսված հողատարածքների մեղավորը միայն ընդերքօգտագործողը չէ: Իրենց մեղքի բաժինն ունեն բոլոր պատկան մարմինները՝ համայնքապետարանից մինչև իշխանություն։

Իսկ քանի դեռ պատկան մարմինները լուռ են, մարզի մի շարք համայնքների հողատարածքներ ավերակի և անապատի են վերածվում։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website