Տեղական ինքնակառավարո՞ւմ,
թե՞ կառավարում
Լավագույն ելքը՝ անորոշություն

Եղեգնուտ համայնքի գյուղապետարանի դռները մեկ ամիս փակ մնալուց հետո՝ հուլիսի 27-ին, մասամբ բացվեցին։ Չկա համայնքի ղեկավար, իսկ գյուղապետի տեղակալը, ով տնօրինում է համայնքապետարանի կնիքը, իրավունք չունի ֆինանսական գործարքներ կատարելու և բավարարվելու է միայն տեղեկանքներ կնքելով։ Ստեղծված իրավիճակը հետևանք է ՏԻՄ օրենքի նկատմամբ անտեղյակության։

Արմավիրի մարզ
Եղեգնուտ համայնքի համայնքապետարան
Եղեգնուտի փակուղին

Եղեգնուտցիները երկու տարի առաջ դուրս եկան բողոքի՝ պահանջելով իրենց 34 տարվա գյուղապետի հրաժարականը։ Համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ․ հուլիսի 2-ին համայնքի ավագանուն ներկայացրեց իր հրաժարականի դիմումը։ Հուլիսի 3-ին ավագանին, անտեղյակ լինելով ՏԻՄ օրենքի 26 հոդվածի 3 կետի պահանջին, արձանագրություն կազմելու փոխարեն, որոշումով մերժեց հրաժարականի դիմումը: Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, հիմք ընդունելով հրաժարականի դիմումը, առանց լիազոր մարմնին՝ այս դեպքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնելու, իր որոշումով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց։ Գյուղացիները հանդարտվեցին, գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը ստանձնեց իր լիազորությունների կատարումը։

Չհանդարտվեց պաշտոնաթող գյուղապետը, մտափոխվել էր, ցանկանում էր հետ վերցնել հրաժարականի իր դիմումը։

2020թ. հուլիսի 2-ին Ռազմիկ Մարգարյանն արդեն իր ձեռքում ուներ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ըստ որի կասեցվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի Եղեգնուտ համայնքում Ռազմիկ Մկրտչյանին ժամանակավոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը։

Ընդդիմադիր կողմը, որն արդեն ՏԻՄ էր կառավարում, նորից պայքարի դուրս եկավ՝ գյուղապետի աթոռը չեն զիջելու։ Ներկայիս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշումը՝ հուլիսի 18-ին ընդունման-հանձնման ակտ կազմելու մասին, ժ/պ Ռազմիկ Մկրտչյանը չկատարեց: Գյուղապետարանի դռները կողպվեցին, ակտիվ գյուղացիները հսկողություն սահմանեցին, որպեսզի նախկին, իսկ ավելի ճիշտ՝ օրենքով, այսօր գործող գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը մուտք չգործի գյուղապետարան և շարունակի պաշտոնավարումը։

Գյուղն ու գյուղացիները գյուղատնտեսական բուռն սեզոնի ընթացքում, երբ բերքի իրացման շրջանն է սկսվել, ամեն բան մոռացան ու սկսվեց իրարանցումը։ Գյուղը մնաց փաստացի առանց գյուղապետի։ Սկսեցին վերհիշել միմյանց նկատմամբ մեղադրանքները։ Գյուղացիների մի մասը պնդում է, որ վերականգնված գյուղապետը թալանել է տեղական բյուջեն և տիրացել հեկտարներով հողատարածքների։ Մյուս կողմը մեղադրում է ժ/պ-ին և նրա աշխատակազմին, ասում են՝ մերձավորներով եկել և համայնքի բյուջեն իրենց նպատակներին ծառայեցնելու գործով են զբաղվել։

Աշոտ Խուրշուդյան՝ Եղեգնուտի համայնքապետի տեղակալ

Ռազմիկ Մարգարյան՝ Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավար 

Մարզպետարանում կողմնորոշման խնդիր է առաջացել՝ գոնե այն պատճառով, որ մարզպետարանի պաշտոնական կայքում, որպես գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, նշված է Ռազմիկ Մկրտչյանի անունը։

Գյուղում կրքերը ժամանակավոր հանդարտվեցին, երբ մարզպետն իր որոշմամբ իրավունք տվեց համայնքապետի տեղակալ Աշոտ Խուրշուդյանին տնօրինել համայնքապետի կնիքն ու բացառապես տեղեկանքներ կնքել։ Սպասում են մարզպետի նոր որոշմանը։

Փորձեցինք Արմավիրի մարզպետարանից ճշտել, թե ի՞նչ գործողություններ է կատարում մարզպետարանը ստեղծված իրավիճակը հարթելու, Եղեգնուտ համայնքի և ՏԻՄ-ի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Օգոստոսի 3-ին ստացանք 5 էջից բաղկացած մարզպետարանի պատասխանը, որտեղ շարադրված էր տեղի ունեցած դատական գործերի ընթացքը և մարզպետի կողմից կայացրած որոշումների ցանկը։ Պատասխանում չկարողացանք գտնել գոնե մեկ նախադասություն, որը կառնչվեր մեր հարցման հետ։

Ուշագրավ էր պատասխանի 5-րդ էջը, որը ներկայացնում ենք ստորև։

Ռազմիկ Մարգարյանն առաջացած խնդիրների հանգուցալուծման նպատակով հուլիս ամսին դիմել է մարզի գլխավոր դատախազ Ռ․Խաչատրյանին և Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գ․Պողոսյանին։ Մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացել։

Եղեգնուտի անիրավչությունը վառ օրինակ է այն բանի, թե որքանով է հասարակությունը, ներառյալ՝ ՏԻՄ մարմինները և մարզպետարանը, տիրապետում ՀՀ "ՏԻՄ մասին" օրենքի դրույթներին։

Եթե եղեգնուտցիներն ուզում էին ազատվել գործող համայնքի ղեկավարից, դա կարող էին անել իրավական ճանապարհով, որը նախատեսում է ՏԻՄ օրենքի 14 Հոդվածի 2-րդ կետը (ըստ որի՝ Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում 16 տարին լրացած անձիք․․․։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունն ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը՝ որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով) և 18 Հոդվածի 3-րդ կետը (Համայնքի ավագանու լիազորությունների սահմաններում սույն օրենքով սահմանված կարգով ավագանին որոշում է ընդունում համայնքի ղեկավարի անվստահություն հայտնելու վերաբերյալ)։

Ենթադրենք, գյուղի բնակիչները, հեղափոխությունից ոգևորված, տեղական հեղափոխություններ էին ցանկանում կատարել, և այս բացթողումը հասկանալի է, սակայն անհասկանալի է մարզպետի հետագա գործողությունները։ ՏԻՄ օրենքի 26 Հոդվածը մանրամասն նախատեսում է, թե ի՞նչ ժամկետներում և ի՞նչ կարգով է տեղի ունենում համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցումը և նոր ընտրությունների նշանակումը։

ՏԻՄ օրենքը մի շատ կարևոր հոդված էլ ունի (Հոդված 27 կետ 3), որն արգելում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին կատարելու կառուցվածքային և հաստիքային փոփոխություններ, որն անտեսել է ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։

ԶԱՐԹՈՆՔՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲՌՈՒՆՑՔՈՎ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

Զարթոնք - 2019թ․
Հեղափոխությունից մեկ տարի անց զարթոնքցիները դուրս եկան համայնքի 25 տարվա ղեկավարի դեմ։ Փողոց փակելու, բողոքի ակցիա կազմակերպելու նուրբ արվեստին արդեն տիրապետում էին գյուղացիները։ Հավաքվեցին ու որոշեցին՝ պետք է խոսել գյուղապետի տարիների կատարած անօրինականությունների, գյուղի հողատարածքներն ու շինությունները կոպեկներով սեփականացնելու մասին ու պահանջել նրա հրաժարականը։

Ընդդիմադիր տղամարդկանց միացան նաև կանայք: Մեծ ու փոքր, օրեր շարունակ, գյուղի ճանապարհը փակելուց մինչև կառավարության շենքի դիմաց տարբեր ակցիաներ իրականացրեցին՝ իրենց պահանջին ընթացք տալու համար, ընդհուպ՝ փակեցին երկաթուղին։ Ամիսներ տևած բողոքի ակցիաները վերածվեցին երկու կողմերի ծեծկռտուքների, փոխհրաձգությունների և ավարտվեցին դանակահարության դեպքով։ Ի վերջո, ընդդիմադիր կողմը հասավ նպատակին՝ համայնքի ղեկավարը հրաժարական տվեց, բայց, ինչպես գյուղացիներն էին ասում, անօրինական ճանապարհով ձեռք բերած գույքն ու հողատարածքները մնում են նրա սեփականությունը։

Զարթոնք համայնք, արխիվ 2019
Ըստ հերթականության կամ ճանապարհ
փակելը մշակույթ է դարձել
Դարձավ մոդայիկ՝ նույն սցենարով, նույն ակցիաները սկսեցին իրականացնել Տանձուտ, Արշալույս, Նորակերտ և մի շարք այլ համայնքների բնակիչներ։ Բոլոր գյուղերում գյուղացիները սկսել էին նկատել համայնքի ղեկավարի կողմից թույլ տված ապօրինությունները, տարածքների զավթումն ու շենք-շինությունների օտարումները մերձավորներին։
Օրինակ՝ Նորակերտի նախկին գյուղապետը բնակելի տուն էր դարձրել գյուղի գյուղապետարանի և բուժհատատության շենքերը։ Տասնյակ հեկտարներով հողատարածքների և մանկապարտեզի խաղահրապարակի տերն էր դարձել նրա որդին։

Նորակերտ համայնք, արխիվ 2019

Ինչո՞ւ էին տարիներ շարունակ լռում գյուղացիները, կամ ինչպե՞ս էին համայնքի ղեկավարները տիրանում գյուղի տարածքներին

Ստեղծված իրավիճակի կամ առաջացած բոլոր խնդիրների հիմքում "ՏԻՄ մասին" օրենքի թերի կատարումն է։

20-30 տարի նույն պաշտոնը զբաղեցնելով, համայնքի ղեկավարները, բնականաբար, տիրապետում են օրենքով սահմանված կարգով ձեռք բերել գույք կամ հողատարածք։ Դրանք հիմնականում կատարվում են օտարման կամ աճուրդային եղանակով։ Ավելին, մրցույթներին, առաջին ձեռքով, մասնակցում են ղեկավարների բարեկամները, հարազատները կամ վստահելի մարդիկ։ Երբեք ու երբեք գյուղապետը կամ նրա ընտանիքի անդամը միանգամից չի դառնում օտարված կամ վաճառված տարածքի սեփականատեր: Դա արվում է ավելի ուշ, ասենք, մի քանի ամիս կամ մեկ տարի հետո, առք ու վաճառքի տեսքով (և որ ամենակարևորն է՝ զարմանալի ցածր գներով), որպեսզի ավելորդ կասկածներ գյուղացիների մոտ չառաջանա։

Իրավական առումով ամեն բան կարգին է լինում․ ավագանու նիստը կայանում է, որոշումը՝ ընդունվում, աճուրդը՝ իրականացվում։ Մնում է պարզել, թե ովքե՞ր էին աճուրդների մասնակիցները և վաճառքի մեկնարկային ինչպիսի՞ գներ էր սահմանել ավագանին։

Բնականաբար, այս ամենի կողքին մանր երևույթներ են դառնում համայնքների ղեկավարների կողմից կամ, ինչպես օրենքն է պահանջում, ավագանու որոշմամբ հատկացված դրամական օգնությունների ցանկն ուսումնասիրելը, կամ կայացված որոշումների տակ ավագանու մեղքի բաժինը փնտրելը։ Քանի դեռ գյուղացին ավագանու անդամներին չի ճանաչում, իսկ ավագանին միայն որոշման տակ ստորագրող է հանդիսանում։ Սրա մասին ավելի ուշ։

Հիմա անդրադառնանք նրան, թե ե՞րբ և ինչպե՞ս համայնքների ղեկավարները դարձան այդքան կարողությունների տեր

Երբ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, երկու նպատակ կար՝ նախ օրենքի համապատասխանեցումը նոր սահմանադրությանը, երկրորդ՝ առավել ժողովրդավարական և թափանցիկ դարձնել ՏԻՄ աշխատանքները: ՏԻՄ փոփոխված օրենքի դրույթները բնակիչներին լիարժեք հնարավորություններ է տալիս մասնակցելու համայնքի կառավարմանը, պահանջներ ներկայացնելու, իսկ ցանկության դեպքում՝ ստիպելու ՏԻՄ-ին լուծելու համայնքի համար կարևորագույն խնդիրները: Այս դեպքում կլիներ տեղեկացված համայնք, զսպված ու թափանցիկ ՏԻՄ։ Բայց ունենք այն, ինչ ունենք:

Ինչպես ասում են, լավ օրենքը ոչինչ է, եթե այն կյանքի չի կոչվում

«Տեղական ինքնակառավարման մասին» փոփոխված օրենքի պահանջների կատարման առումով Արմավիրի մարզի ՏԻՄ-ին կարելի է բաժանել 3 խմբի՝

  • առաջին խումբն ընդհանրապես տեղյակ չէ օրենքի պահանջներին,
  • երկրորդ խումբը չի շտապում կիրառել օրենքի փոփոխված պահանջները,
  • երրորդ խումբը տեղյակ է օրենքում կատարված փոփոխություններին, սակայն, մի երկու հոդվածի պահանջ կատարելով, համարում է գործն ավարտված:

Փորձեցինք Արմավիրի մարզի մի քանի համայնքներում հասկանալ կամ ուսումնասիրել օրենքի կիրառման պահանջները ՏԻՄ-ում, ինչպես նաև համայնքի ազգաբնակչության վերաբերմունքն ու տեղեկացվածության մակարդակը իր համայնքում կատարվող իրադարձությունների մասին, այն է՝ ՏԻՄ-ի աշխատանքների արդյունավետություն կամ թափանցիկություն։

Փաստն այն է, որ Արմավիրի մարզի ոչ մի համայնքում լիարժեք չի գործում "ՏԻՄ մասին" օրենքը:

Եթե կա օրենք, ենթադրաբար պետք է լինի նաև մարմին, որը հսկողություն կսահմանի օրենքի դրույթների կատարմանը:

Փորձեցինք ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչությունից ճշտել, թե որքանո՞վ է մարզպետարանը լիազորված հսկողություն սահմանելու մարզում "ՏԻՄ մասին" օրենքի դրույթների կատարմանը: Պատասխանի բովանդակությունը՝ ստորև։

Դիմեցինք փորձագետների՝ հասկանալու համար, թե ո՞ր կառույցի լիազորությունների մեջ է մտնում "ՏԻՄ մասին" օրենքի կատարման հսկողությունը:

"Օրենքի այս մասով համայնքի նկատմամբ իրենց գործունեության հսկողության քաղաքականությունը մնացել է նույնը, ուղղակի տեխնիկական շտկումներ արվեցին՝ կապված տերմինաբանությունների հետ։ Հիմա ՏԻՄ լիազորությունների նկատմամբ իրականացվում է երկու տեսակ հսկողություն՝ մեկը իրավական, մյուսը՝ մասնագիտական։ Մասնագիտական հսկողությունն ինչով է պայմանավորված․ դրանք շատ քիչ են օգտագործվում, որովհետև այն իրականացվում է համայնքի ղեկավարի պատվիրակված լիազորությունների մասով և այդ լիազորությունն իրականացնում է պետական այն լիազոր մարմինը, որի ոլորտում ինքը գտնվում է։ Իրավական վերահսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ ավագանու կողմից ընդունված որոշումների իրավականությունը ստուգելու նպատակով։ Սրա պետական հսկողությունը իրականացնում է պետական մարմինը, որն իրավական ակտերի մասով հանդիսանում է Արդարադատության նախարարությունը, իսկ ընդհանուր գործունեության մասով՝ Տարածքային կառավարման նախարարությունը, որն այդ մասով հանդիսանում է վերահսկող պետական լիազոր մարմինը։ Իսկ տեղերում հսկողություն սահմանող անմիջական լիազոր մարմինը ՏԿՆ ենթակա, տրամաբանորեն, մարզպետարաններն են։ Բայց այնպես չէ, որ մարզպետարաններն ամեն րոպե կարող են մտնել համայնք ու իրականացնել այդ իրավական հսկողությունը։ Նախ՝ այդ հսկողությունը պետք է թույլտվություն ունենա, որը տալիս է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ նախարարի հրամանով"։


Վահան Մովսիսյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ
Ինչո՞ւ է անտարբեր քաղաքացին
ՏԻՄ-ի նկատմամբ

Մայիսյանում զրուցում ենք գյուղացիների հետ: Ավագանու անդամ, լսել են, նիստ, դրա մասին էլ են լսել, օրակարգ, ի՞նչ բան է, չի հետաքրքրում։ «Ոռոգման ջուր լինի, մնացածն իրենք գիտեն, ինչ կուզեն, թող անեն», - ասում է Արսեն պապը։ «Եթե ջուրը հասցնեն, գյուղացիներն իրենց հողերը կարողանան ջրել, բերք հավաքել, լավ են, ավագանին էլ, գյուղապետն էլ, մեզ ուրիշ բան պետք չի», - շարունակում է Բաբկեն Հարությունյանն ու ասում, - «եթե ջուր չլինի, հողը չորացանա, ի՞նչ ՏԻՄ, ի՞նչ ավագանի, ո՞վ է ավագանին»։

ՏԻՄ-երին ձեռնտու է գյուղացիների անտեղյակությունը

Ինչո՞ւ է գյուղացին անտեղյակ իր համայնքում կատարվող իրադարձություններին, ինչո՞ւ չեն հետաքրքրվում իրենց իսկ ընտրած համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների աշխատանքով, ի՞նչ ասել է ՏԻՄ թափանցիկ աշխատանք… Պատճառները շատ են։ 30 տարվա այգեգործ, մասնագիտությամբ շինարար (ոռոգման ջրի բացակայության պատճառով, արդեն 3 տարի է, այգին մշակել չի կարողանում), այժմ էռնեկյանի հողատարածքում օրավարձով աշխատող Արամայիս Սահակյանն ասում է. - "Հոգսերն այնքան շատ են, որ գյուղացուն միայն ընտանիքը կերակրելու հարցն է հուզում, հողը մշակելն ու գյուղատնտեսական սեզոնի ընթացքում ջրի պակաս չունենալը"։ Համայնքներում խնդիրները շատ են՝ սկսած անբարեկարգ ճանապարհներից, մանկապարտեզների ու մշակույթի տների բացակայությունից, բայց նույնիսկ դա գյուղացիներին չի մտահոգում: Առաջնայինը բերք ստանալն ու ստացած բերքն իրացնելն է։ Իսկ ՏԻՄ-ին, բնականաբար, ձեռնտու է գյուղացիների անտարբերությունը: Անտարբեր հասարակությունն է, որ հնարավորություն է տալիս չնկատել ՏԻՄ-ի աշխատանքը, բյուջեների արդյունավետ բաշխումը, նպատակային ծախսերը, ավագանու նիստերի ձևական բնույթը և այլն։

Երբ և ինչպես են հրապարակվում ՏԻՄ որոշումները Արմավիրի մարզպետարանի համապատասխան բաժնում

Վերջին երկու տարում այստեղ ավագանու որոշումների 10 տոկոսը չի մուտքագրվել։

Մարզպետարանի պաշտոնական կայքի "Ավագանու որոշումներ" բաժնից բացում ենք հենց առաջին համայնքը՝ Ալաշկերտ։ Ավագանու վերջին նիստը կայացել է հունիսի 30-ին: Դրանից առաջ նիստ է կայացել փետրվարի 28-ին, որտեղ հաստատվել է 2020թվ-ի նիստերի կայացման ժամանակացույցը, այն է՝ երկու ամիսը մեկ հաճախականությամբ։ Հարց է առաջանում՝ նի՞ստը չի կայացել, թե՞ նիստի օրակարգն ու որոշումը չի հրապարակվել։ Նույն մեխանիզմով են աշխատում գրեթե բոլոր համայնքներում։

Զարթոնք 2020, օգոստոս
Թափանցիկ կառավարում, պահանջատեր հասարակություն

Զարթոնքում նորից են կրքերը բորբոքվում։ Մինչ համայնքի նոր ղեկավարը փորձում է գյուղացիների հոգսերը լսել, գյուղում կարգ ու կանոն հաստատել, բյուջե հաստատել և սուբվենցիոն ծրագրեր իրականացնել, նախկին ղեկավարի համակիրները շարունակում են հրահրել ղեկավար կազմին․ նոր ծեծկռտուք, հիվանդանոց, բողոք, նախաքննություն։

Եղեգնուտ 2020, հուլիս
Չկա գյուղապետ, չկա պատկան մարմինների որոշում

Երկու կողմն էլ սպասում է իրավիճակի հանգուցալուծմանը՝ պնդելով, որ չեն զիջելու դիրքերը։

Բոլոր գյուղերում հասարակության պահանջը նույն է՝ կանխել ապօրինի գործարքները, պատժել դրանք իրականացնողներին։ Իսկ այս ամենը գյուղացիներն անում են գոռալով, փողոց փակելով, գյուղը պառակտելով։ Մինչդեռ "ՏԻՄ մասին" օրենքը հնարավորություն է տալիս այս ամենն իրականացնել օրենքով սահմանված կարգով։

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում՝ «Բաց հասարակության հիմնադրամներ_ Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website