ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԸ 1 ԽՈՐ/ՄԵՏՐ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ
Այս ազդանշանն ազդարարում է խմելու ջրի մուտքը թաղամաս։ Ազդանշանին ծանոթ են փոքրից մեծ: Անկախ օրվա ժամից, հատկապես ամառվա տապին, այս ձայնն ամենասպասվածն է արմավիրցիների համար։ Մեկ դույլ ջուրը վաճառվում է 100 դրամով։
Թալինից ջուր գնող վարորդները մեկցիստեռնը (5 տոննա տարողությամբ) գնում են 1500 դրամով։ Արմավիրի մարզում մեկ լիտրը վաճառում 10 դրամով։
Թալին, այս աղբյուրը սպասարկում է Արմավիր մարզի ջրավաճառներին
Արմավիրցիները շուրջ 20 տարի է ծորակից ջուր չեն խմում
Մոտ երկու տասնամյակ է, Հոկտեմբերյանի և Բաղրամյանի շրջանների բնակիչները խմելու ջուրը գնել են ավտոցիստեռներից։ Բացառություն էր կազմում Արմավիր քաղաքը, որտեղ խմելու ջուրը մատակարարվում էր Զևայից և Ապարանից։ Անկախության առաջին տարիներից ջուր գնողների բանակը լրացրեցին նաև արմավիրցիները։ Ապարանից եկող ջրամատակարարման խողովակներն ապամոնտաժվեցին, իսկ Զևայի ջուրը սկսեց չբավարարել ազգաբնակչությանը։
Տարիներ հետո, Գերմանիայի կառավարության ծրագրով, Արմավիր քաղաքից հյուսիս փորատվեցին խորքային հորեր: Սկսվեց Արմավիր քաղաքի և հարակից գյուղերի շուրջօրյա ջրամատակարարումը։ Կարելի էր ենթադրել, որ սրանով Արմավիր քաղաքը, հարակից գյուղերի հետ միասին, խմելու ջրի խնդիրը 100 տոկոսով լուծեց։ Սակայն … Պարզվեց, որ արտեզյան ջրերն իրենց կոշտության պատճառով այնքան էլ պիտանի չեն խմելու համար։
Ինչո՞ւ չեն խմում ծորակի ջուրը
«24-ժամյա ջրամատակարարումը դեռ չի նշանակում խմելու ջուր ունենալ,- ասում է Արմավիր քաղաքի բնակչուհի Անահիտ Սիմոնյանը, և վստահեցնում, - երբ 90-ականներին օրական երկու ժամ ջուր էին տալիս, շատ ավելի մաքուր ու օգտակար էր խմելու համար։ Արդեն 10 տարի է, ամեն առավոտ իմ առաջին գործը ջուր գնելն է»,- ասում է տիկին Անահիտն ու վրդովված հեռանում։
Ջրի իրենց հերթին սպասող Անահիտի հարևանները շարունակում են. «Մատակարարվող ջրի հետ ավազ է գալիս, տարայի մեջ մեկ օր մնալուց հետո նստվածք է ունենում, տարան դեղնում, մամռակալում է, ծորակներն էլ երկու ամիսը մեկ քայքայվում, շարքից դուրս են գալիս։ Հիմա պատկերացնու՞մ եք էդ ջուրը, եթե խմենք, մեր օրգանիզմում ինչ կկատարվի»,- ասում է տիկին Արուսը։
Ի՞նչ են մտածում համայնքի ղեկավարները

Գառնիկ Սմբատյան, Նորավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար

Նորավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Սմբատյանն ասում է, որ իրենց համայնքում օրական առնվազն երկու ջուր վաճառող ցիստեռն է մտնում, ամռանը սովորաբար բնակիչները պահածոյացման համար ավելի շատ ջուր են գնում, ձմռանը միայն խմելու ջուր են գնում, ընդհանուր օգտագործման համար ծորակի ջուրն են օգտագործում։ Սմբատյանը զարմացած է, ասում է. «ջուրը կա, բայց խմելու համար պիտանի չէ, տանը անգամ ճաշ չեն եփում այդ ջրով։ Մեծ բան չէր խմելու ջրի խնդիրը լուծելը: 21-րդ դարում ո՞վ է տեսել մարդը հորի ջուր խմի»։
Կարեն Մկրտչյան, Լուկաշինի գյուղապետ
Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանն ավելի լավատես է, ասում է. «Մեր պապերը առուներից էլ էին ջուր խմում, մի քիչ էլ կատակում է, որ 50-ականներին առուների ջուրն ավելի մաքուր էր, քան հիմա ծորակից հոսող ջուրը։ Չգիտեմ ինչքան կոշտ է, ինչքան կեղտոտ է մատակարարվող ջուրը, բայց բայց ես հաստատ խմում եմ, դա հաստատ է, դուք էլ կարող եք խմել, կխմե՞ք»,- ասաց գյուղապետը։ «Ջուրը կոշտ է, բայց այնպես չէ, որ խմելու համար վտանգավոր է, պարզապես մարդիկ սովորել են Թալինի ջրին, ավելի շատ սովորություն են դարձրել խմելու ջուր գնելը»։

ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանը Արմավիրի և հարակից մոտ 15 գյուղերի խմելու ջրի խնդիրը հարց ու պատասխանի ժամանակ առաջադրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ով խոստացել է հարցն ուսումնասիրել։

Խնդիրը թվերով
Արմավիրցիները, տասնյակ տարիներ սովորելով Ապարանի և Զևայի ջրերին, չկարողացան անցում կատարել դեպի արտեզյան ջրերին։ Թվերի լեզվով, եթե ներկայացնենք, արմավիրցիները սովորել էին մինչև 6 մմոլ/լ մագնեզիումի և կալցիումի լուծվող աղերի պարունակությամբ խմելու ջրին և չկարողացան խմել մինչև 11 մմոլ/լ կոշտ ջուրը։
Հայաստանում խմելու ջրի որակի պահանջներն ու հսկողությունը ամրագրված են Առողջապահության նախարարի 2002 թվականի N 876 հրամանով: Ըստ այդ հրամանի, խմելու ջրի կոշտությունը չպետք է գերազանցի 7,0 մմոլ/լ: Սա նշանակում է, որ 1 լիտր խմելու ջրում լուծվող մագնեզիումի և կալցիումի աղերի քանակը չպետք է գերազանցի 7,0 մգ-էկվիվալենտը:
Յուրաքանչյուր երկիր իր չափման միավորն է ընտրել և ջրի կոշտությունը տարբեր կերպ է ընկալվում:

Օրինակի համար դիտարկենք Գերմանիայի և Ռուսաստանի Դաշնության չափորոշիչները, որը, կարելի է ասել, նաև Հայաստանինն է:

Աղյուսակից հասկանալի է դառնում, որ Հայաստանի չափորոշիչներն ավելի շուտ հարմարեցված են ջրային պաշարների որակական ցուցանիշների հետ։

Արմավիր քաղաքին մատակարարվող ջրի կոշտությունը հասնում է մինչև 11 մմոլ/լ-ի, որը, նույնիսկ հայկական չափորոշիչներով, կոշտ ջուր է համարվում։ Այս խնդիրը կարգավորել է մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ մարզի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն իրավասու է խմելու ջրի կոշտությունը թույլատրել մինչև 11,0 մմոլ/լ: Այսօր չկա վերը նշված կառույցը, չկա նաև երբեմնի ՀՀ գլխավոր համաճարակաբանը, սակայն փաստաթղթի զորությամբ արմավիրցիներին և հարակից գյուղերին, ներառյալ՝ Մեծամոր քաղաքին, մատակարարվում է կոշտ խմելու ջուր։

Կոշտ ջրի բացասական ազդեցությունը
Ըստ համաճարակաբան Աշխեն Պողոսյանի, կոշտ ջրի և օճառի միացությունը առաջացնում է օճառային շլակ, որը չի լվացվում և, մնալով մարդու մաշկի վրա, քայքայում է մաշկի բնական պաշտպանիչ ճարպի թաղանթը, որը հետևանք է դառնում մաշկի վաղ ծերացման և մաշկային հիվանդությունների։ Նույն ճակատագրին են արժանանում նաև մազերը։
Մարդու ստամոքսում մագնեզումի և կալցիումի աղերը, միանալով կենդանական սպիտակուցներին, որը մենք ստանում ենք սննդի հետ, նստում են մարսողական օրգանների պատերին՝ դժվարացնելով նրանց կծկումները, առաջացնում են դիսբակտերիոզ, խախտում են ֆերմենտների աշխատանքը և արդյունքում՝ թունավորում օրգանիզմը։ Կոշտ ջրի տևական օգտագործումը բերում է ստամոքսի շարժունակության նվազման և օրգանիզմում աղերի կուտակման։
Կոշտ ջրից քայքայվում են այն կենցաղային սարքավորումները, որոնք շփման մեջ են ջրի հետ։ Սանտեխնիկական հանգույցները, ռետինե դետալները շատ կարճ ժամանակահատվածում քայքայվում են։
Որտեղի՞ց է բերվում վաճառվող խմելու ջուրը
Վաճառվող խմելու ջուրը ավտոցիստեռները բերում են Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։

Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է. կա խողովակ՝ փականով, իսկ փականը կոկիկ փակված է կողպեքով։ 1500 դրամ վճարելուց հետո բանալին տրվում է վարորդին, ով, ցիստեռնը ջրով լիցքավորելուց հետո, նորից փակում է և բանալին հանձնում «տիրոջը»։ «Տիրոջը» ոչ մի կերպ չկարողացանք հանդիպել։ Վարորդները «տիրոջը» հեռախոսազանգի միջոցով զգուշացրեցին և «տերն» անհետացավ։

Թաքնվում են ցիստեռները, չի մոտենում աղբյուրի «տերը»
Հարցին՝ որտե՞ղ է ապրում «ջրի տերը», ինչպես իրենք էին ասում, վարորդը պատասխանեց, որ չգիտի, հեռախոսահամար խնդրեցինք, ասաց չունի, հարցրեցինք՝ ո՞վ է փակելու խողովակը ջուրը լցնելուց հետո, վարորդն ասաց՝ ինքը, հարցրինք՝ իսկ բանալին ո՞ւմ է թողնելու, ասաց՝ փակելու համար բանալի պետք չէ, փականը կսեղմի կկողպվի, բանալին անհրաժեշտ կլինի մյուս վարորդին, որպեսզի փականը բացի ջուր լցնի։ Մյուս վարորդներին նա արդեն հասցրել էր տեղեկացնել, որ տեղում լրագրողներ կան: Երկու ջրի ցիստեռն թաքնվել էին հարևանությամբ շինության ետնաբակում: Երբ աղբյուրից հեռացանք, ցիստեռները մոտեցան։
Չգրված, բայց պարտադիր օրենքներ

Վարորդները պետք է լռեն, լրագրողների հարցերին պատասխանել չի կարելի, չգիտեն ինչքա՞ն ջուր են վաճառում օրական, ո՞ւմ ավտոմեքենան են օգտագործում ջուր վաճառելու համար, քանի՞ դրամով են վաճառում և ո՞ր թաղամասերում են վաճառում։ Չգիտեն նաև՝ ո՞ւմ են վճարում ջրի դիմաց, ինչպե՞ս է սահմանվել 1500 դրամ սակագինը մեկ ցիստեռնի համար և ինչո՞ւ վճարի դիմաց կտրոն չեն ստանում։ Գիտեն նաև նկարահանումներն արգելելու ձևը: Եթե «մի նկարի» նկատողությանը չես ենթարկվում, ապա քաղաքացին զրկվում է ջուր առնելու հնարավորությունից, մեքենան հեռանում է և դադարեցնում ջրի վաճառքը։

Արդյո՞ք անվտանգ է վաճառվող ջուրը
Վաճառվող ջրի անվտանգության վերաբերյալ հստակ ոչինչ հնարավոր չէ ասել։ Թե ի՞նչ վիճակում կլինի 2 օր ցիստեռնում մնացած ջուրը, դա էլ է անհայտ։ Պատկան մարմինները համատարած վաճառվող ջրի փաստի մասին առաջին անգամ են լսում, կամ նման դեպքերը հայտնաբերելը գործնականում անհնարին են համարում։
Ըստ համաճարակաբան Աշխեն Պողոսյանի, վաճառվող ջուրը պետք է ունենա ուղեկցող փաստաթուղթ և պետք է ցիստեռնը կապարակնքված լինի։ Ցիստեռնի կապարակնքումը պետք է կատարի ջուր վաճառողը և պետք է պատասխանատվություն կրի ջրի անվտանգության համար։ «Ցիստեռնը ստուգվի՞, կապարակնքվի՞,- զարմանում են վարորդները,- ինչի՞ համար, իրենք քլորով ու ժավելով պարբերաբար լվանում են ցիստեռնը, դա բավական է», - ասում են ջուր վաճառողները։
Ո՞րն է ելքը
Ստեղծված իրավիճակում ամենաիրատեսական լուծման տարբերակը նոր ջրագծի անցկացումն է։ Արմավիր քաղաքից դեպի արևելք, Շահումյան Թռչնաֆաբրիկա գյուղի մոտով է անցնում Վաղարշապատ քաղաքի ջրամատակարարման խողովակը, որով հոսում է «Նազրվան» ջրաղբյուրի ջուրը։ Անհրաժեշտ է ընդամենը 22 կմ ջրագիծ անցկացնել, որի համար, ըստ անկախ փորձագետների, կծախսվի մոտ 2,5 միլիարդ դրամ և կլուծվի Արմավիր, Մեծամոր քաղաքների և 15 գյուղական համայնքների խմելու ջրի խնդիրը։
Թալինի ջուրը ոչ միայն պահանջված, այլև՝ մոդայիկ
Եթե քաղաքացին ստիպված է հավելյալ գումար ծախսել որակյալ ջուր խմելու համար, ապա անհասկանալի է ավտոմեքենաների լվացման կետերում Թալինի ջրի օգտագործումը։ Արմավիրում ավտոմեքենան լվանալու ամենաճոխ առաջարկը Թալինի ջուրն է։
Նախկինում, հեղափոխությունից առաջ ջուր վաճառելու բիզնեսը մենաշնորհ էր, «տերերի» անուններ չէին հնչում, բայց բոլորը գիտեին, որ այդ բիզնեսը քաղաքում երկու մարդու ձեռքով էր կառավարվում։ Հիմա վարորդներն ասում են. «Իրենք են իրենց տերը, ցանկացած մեկը կարող է գործի մեջ մտնել, խոչընդոտ չկա»։ Ի դեպ, ցիստեռների և՛ քանակն է ավելացել մարզում, և՛ աշխարհագրությունն է ընդլայնվել. գյուղական համայնքներում նույնպես պահանջարկը մեծացել է։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website