Թլիկ` եզդիական համայնք, որտեղ օր-օրի խնդիրներն ավելանում են

Թլիկ եզդիաբնակ համայնքում ոչինչ չի փոխվել: Փաստացի բնակվող ընտանիքների թիվը երկու տասնյակի չի հասնում։ Կողպած դռներ են, կիսաքանդ շենքեր, փայտապատ պատուհաններ, ինչը նշանակում է, որ այդտեղ մարդ չի բնակվում, և ամենուրեք խնդիրներ։

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գրեթե ամեն տարի նկարահանումներ ենք իրականացրել։ Ամեն անգամ գյուղ մտնելիս հույսը մեծ է եղել, որ գյուղում փոփոխություն տեղի ունեցած կլինի, ընտանիքները հետ վերադարձած կլինեն և գյուղում լռությունը խախտված կլինի։ Պատկերը միշտ նույնն է՝ գյուղը կրկին լռության մեջ է, տղամարդիկ դաշտերում են, ոչխարի հոտն ու անասունների նախիրն են տարել արոտավայրեր, կանայք էլ առանձնապես դուրս չեն գալիս, նկարահանումներից են խուսափում։

Թլիկցի տիկինն ասում է (չցանկացավ անունն ասել, խոսելիս էլ դեմքը ծածկեց, եզդի կանայք հրաժարվում են ներկայանալ և նկարահանվել), որ գյուղում հազիվ թե 8 ընտանիք լինի մշտական բնակվող: Կան ընտանիքներ հարևան գյուղերից, ովքեր ամռան սեզոնին գալիս են գյուղ ժամանակավոր բնակվելու, կենդանիներին արոտավայր տանելու համար: Այստեղ ավելի հեշտ է անասնապահությամբ զբաղվելը, արոտավայրեր կան, իսկ աշնանն արդեն հեռանում են ու մնում մշտական բնակվողները։

Տիկինը մտահոգված էր, գյուղն անուշադրության է մատնված, ասում է առաջին բնակվողներից է Թլիկում՝ շուրջ 50 տարի: Այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, բացառությամբ՝ հեռացողների թվի։ Բոլորն արտագաղթում են։ Թլիկում խմելու ջրի ցանց չկա (չի էլ եղել), բուժկետ չկա, միջհամայնքային տրանսպորտ չկա, նույնիսկ խանութ չկա։

Թլիկում դպրոց կա: 24 աշակերտ է այստեղ սովորում։ Ուսուցչական կոլեկտիվը, առանց բացառության, հարևան համայնքներից է ձևավորված։ Միայն Եզդերեն մայրենի լեզվի և գրականության ուսուցիչն է գյուղից եղել, բայց արտերկիր է մեկնել: Հիմա հարևան համայնքից է եզդերենի ուսուցիչը։ Դպրոցն 9-ամյա է, դասարանները կոմպլեկտավորված՝ առաջին և երրորդ դասարանները միասին են սովորում, հինգերորդն ու ութերորդը՝ միասին։

Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնական պրոցեսը, հատկապես, երբ հեռավար կրթություն էր իրականացվում, չհաջողվեց պարզել: Մեզ դիմավորող ուսուցիչը՝ տիկինը, թույլ չտվեց դպրոց մտնել, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ասաց միայն տնօրենի թույլտվությամբ։ Իսկ տնօրենը դպրոցում չէր, ասացին դուրս է եկել։ Իրականում Թլիկի միջնակարգ դպրոցում աշխատող, բայց ոչ տեղացի ուսուցիչների այս վերաբերմունքը տարօրինակ էր։

Ավելի բարեհամբույր էին աշակերտները: Ասացին, որ հաճույքով են դպրոց գնում, ավելի հարմար է դասի գնալ, քան հեռավար դասն անցնել։ Ամենաշատը Եզդերեն մայրենի լեզու առարկան են սիրում, հայոց լեզու և գրականություն նույնպես սիրով են անցնում։ Թինան երկու դպրոցահասակ երեխա ունի։ Դուրս է եկել երեխաներին դիմավորի, դասերն ավարտվել են։ Ասում է գոնե դպրոցի առկայությունը հոգսը մի քիչ թեթևացրել է, մտածում է, որ անհնար կլիներ ամեն օր երեխաներին ուրիշ գյուղ դպրոց տանել։ Վստահեցնում է՝ երեխաները լավ են սովորում։

Թլիկի գյուղապետարանն է, փակ է 



Թլիկ համայնքի խնդիրների մասին փորձեցինք խոսել գյուղապետի հետ։ Թլիկցիներն ունեն նաև ավագանու 5 անդամ։ Գյուղապետարանի դուռը կողպված է, գյուղապետ Սլավիկ Սալոյանն էլ գյուղում չէ, գործով դուրս է եկել։ Գյուղապետից թլիկցիները գոհ են, ասում են հասնող է, ձեռք բռնող, խնդիրներով մտահոգված, բայց ինքն էլ գյուղացիների նման նույն պայմաններում է ապրում։ "Փորձում է գյուղի համար հարցեր լուծել, բայց չի ստացվում, համայնքի բյուջեով ոչ մի գործ անել հնարավոր չէ, փոքր է։ Փորձում է բարերարներ գտնել, որ ներդրում անեն, մի քիչ ճանապարհ սարքեն, խմելու ջուր քաշեն, բայց ոչ մի բան դուրս չի գալիս, - ասում է թլիկցի Ուսոն ու ավելացնում, - գյուղապետի ձեռքին ոչ մի բան չկա, քյասիբ գյուղ է, ոչ մեկի պետքը չէ"։

Ընդհանուր տեղեկություններ
Թլիկում ամենաշատը բնակվել է 507 բնակիչ՝ 1979 թվականին

Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքում տեսնում ենք, որ Թլիկն ունի 32 տնտեսություն՝ 166 բնակիչով։ Գյուղացիներն ասում են, որ փաստացի քիչ մարդ է մնացել գյուղում, բոլորն արտերկիր են մեկնել: Դրա վկայությունը կողպված ու քանդվող բնակելի տներն են։ Ինչպես արդեն նշեցինք, Թլիկը չունի նաև բուժկետ (կայքում նշված է, որ կա բուժկետ)։ Թլիկցիները բուժօգնություն ստանում են Արագածավանում։ Գնումներ նույնպես կատարում են այդտեղից՝ տեղաշարժը սեփական մեքենաներով։ Թլիկցի Ուսոն ասում է, որ գյուղում ոչ մի խնդիր չի լուծվել, ավելին՝ հեղափոխությունից հետո շատ խոստումներ են լսել, նույնիսկ խոստացել են գյուղում խմելու ջրագիծ կառուցել, բայց գործն անավարտ է մնացել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խմելու ջուրը գնում են ցիստեռնից: Ընդհանուր օգտագործման և կենդանիների համար ջուրը բերում են գյուղի կենտրոնում տեղադրված ցիստեռնից, որի մեջ ջուրը կուտակվում է մոտակա ձորակից։ Գյուղը գազաֆիկացված չէ, ամռան ամիսներին հիմնականում օջախ են վառում, ջուր տաքացնում, ճաշ եփում, պահածո պատրաստում։ Ձմռանն ավելի շատ վառարանն են օգտագործում այդ կարիքների համար։ Կան ընտանիքներ, որ բալոնով գազ են օգտագործում՛։ 

Եթե նույնիսկ միայնակ մնա, Թլիկից դուրս չի գա

Տիկինն ասում է 50 տարի Թլիկում է բնակվում, եթե նույնիսկ ամենավերջին բնակիչը մնա, գյուղը չի լքի։ Իր հողն ու ջուրը ամենաքաղցրն է, որքան էլ դժվարությունները շատ լինեն։ Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Այս տարի հացահատիկի բերքից գոհ են, ոռոգման ջրի պակաս չեն զգացել, առողջ բերք են հավաքել։ Խոտի պակաս էլ չի եղել, կենդանիների խոտի ձմռան պահուստն արդեն ապահովել են։ Ասում է յուրաքանչյուր ընտանիք 100 գլխից ավելի մանր ու խոշոր եղջերավոր անասուն էր պահում, փողոցներում երեխաների խաղի ու լացի ձայն էր լսվում, սիրով էին ապրում գյուղում, հարևանություն անում, ամենակարևորը՝ պահպանում ազգային դեմքը: Տխրում է, ասում է հիմա գյուղից ոչինչ չի մնացել:

Թլիկցիների մի մասն արտերկիր, մյուս մասը՝ Հայաստանի այլ բնակավայրեր են տեղափոխվել: Թլիկում տուն վաճառելն անհնար է դարձել: Գնացողները դռներն ու պատուհանները փակում են, բանալին հանձնում մնացողներին, - ասում է Ուսոն և ավելացնում, - ինքն առայժմ գյուղը լքելու մտադրություն չունի, հույս ունի, որ մի օր Թլիկում էլ զարգացման ծրագրեր կիրականացվի, համագյուղացիները հետ կվերադառնան և գյուղը միասին կշենացնեն։ 

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը այն եզակի համայնքներից է, որտեղ բացառապես բնակվել են եզդի ազգի ներկայացուցիչներ, ունեցել են հոգևոր առաջնորդներ և պահպանել իրենց ազգային առանձնահատկությունները:

Հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և գյուղի աշխարհագրական դիրքը նպաստավոր է եղել դրա համար: Օրինակ, հարևան հայկական համայնքները գոնե ապահովված են կենսագործունեության մինիմում պայմաններով, իսկ Թլիկում ոչ մի պայման չկա ապրելու համար, մի տուփ աղ գնելու համար պետք է 15 կիլոմետր ճանապարհ անցնել: 

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքը լուսանկարներով

Թլիկցիները հյուրընկալ են, սիրով կարող են դիմավորել, խոսել ու կիսվել հոգսերով։ Գյուղով առանձնապես հետաքրքրվողները շատ չեն, երբեմն լրագրողներն են այցելում, ընտրությունից-ընտրություն՝ թեկնածուներ կամ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Մեր նկարահանող խմբին հարազատի պես են ընդունում, ամենահաճախ հյուր գնացողներից ենք։ Ուսոն խնդրեց հաջորդ այցը երեկոյան ժամերին պլանավորել, որպեսզի գյուղացիները դաշտից տուն եկած լինեն։ Մեծերն ավելի ճիշտ կներկայացնեն խնդիրները, առաջարկներ էլ կանեն, եզդիների մշակույթի ու ադաթների մասին կպատմեն։ Նրանք ավելի շատ լավ ու վատ օրեր են տեսել, հիմա էլ շատ են տանջվում։ Պատերազմի օրերին ամբողջ գյուղը փորձել է պարենով օգնել ռազմաճակատում գտնվող զինվորներին, սեփական անասուններն են մորթել, հաց թխել, ու Արցախ ուղարկել, - ասաց Ուսոյի մայրն ու խնդրեց հաճախակի հետաքրքրվել սահմանամերձ Թլիկով։ 

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website