Եղեգնուտ համայնքն ունի երկու գյուղապետարան, մեկում գյուղապետ չկա, մյուսում՝ հաշվապահ

Եղեգնուտի գյուղապետարան 

Եղեգնուտի գյուղապետարան 

Եղեգնուտ համայնքի երկու գյուղապետարաններ կնիք ունեն, բայց ֆինանսական գործարքներ չեն կատարում ոչ մի գյուղապետարանում։

Եղեգնուտ համայնքի բնակիչները, ինչպես եղավ շատ համայնքներում, հեղափոխությունից հետո պահանջեցին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաներ կազմակերպեցին, փողոց փակեցին, գյուղապետի մուտքը գյուղապետարան արգելեցին։

Իրավիճակի համառոտ նկարագրություն

Համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Արմավիրի մարզպետարան։ Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը գյուղապետի դիմումը ՏԿՆ չուղարկեց և, առանց նախարարության հաստատման, որոշեց Եղեգնուտում գյուղապետի ժ/պ նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։  

Ավելի ուշ դիմում գրած Ռազմիկ Մարգարյանը փոշմանեց, մարզպետի որոշումը դատարանում բողոքարկեց։ Դատարանը բավարարեց Մարգարյանի հայցը։ Երկու տարի անց նա վերադարձավ դատարանի որոշումը ձեռքին, գյուղապետի իր լիազորությունները վերականգնած։

Ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի թիմակիցները և նոր ձևավորված աշատակազմը նորից դուրս եկան պայքարի՝ «ոչ մի գնով չզիջել գյուղապետի աթոռը» տրամադրվածությամբ։

Ներկայիս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հուլիսի 18-ի որոշմամբ պետք է ընդունման-հանձնման ակտ կազմվեր։ Ժ/պ Ռազմիկ Մկրտչյանը չկատարեց մարզպետի որոշումը և նրա աջակիցները նորից բողոքի ակցիա կազմակերպեցին։ Գյուղապետարանի դռները կողպվեցին, գյուղացիները հսկողություն սահմանեցին, որպեսզի օրենքով գործող գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը մուտք չգործի գյուղապետարան։  

Ժամանակավոր պաշտոնակատարին գյուղապետարանում փոխարինեց տեղակալ Աշոտ Խուրշուդյանը, ով նույնպես անդրդվելի էր իր որոշման մեջ և պնդում էր, որ նախկին գյուղապետին թույլ չեն տալու շարունակել պաշտոնավարումը։

Իրավիճակն այսօր 

Երկու գյուղապետարաններն էլ ունեն աշխատակազմ։ Երկու գյուղապետարաններում էլ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել նոր գյուղապետարանում, 5 ամիս՝ հին գյուղապետարանում։ Հին գյուղապետարանը գյուղապետ չունի, իսկ տեղակալը, բացի տեղեկանք կնքելուց, այլ իրավասություն չունի։ Նոր գյուղապետարանը հաշվապահ չունի, այդուհանդերձ որևէ ֆինանսական գործարք իրականացնելու հնարավորություն չունի։ Բայց երկու գյուղապետարաններն էլ հավաքագրում են հողի հարկ և գույքահարկ՝ «ով ավելի շատ կարող է բյուջե գումար մուտք կատարել» սկզբունքով։

Նոր գյուղապետարանում հանդիպեցինք աշխատակիցներին։ Այստեղ 5 համայնքային ծառայող կա։ Նրանք նախկինում աշխատել են Ռազմիկ Մարգարյանի հետ։ Ոմանք աշխատել են նաև ժ/պ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Օրինակ, երկրորդ կարգի մասնագետ Գայանե Հարությունյանը հին գյուղապետարանից վերդարաձել է նորը, այսինքն՝ նախկին աշխատակազմ, հաշվապահը, ով նախկինում Ռազմիկ Մարգարյանի աշխատակազմում է եղել, հիմա չի ցանկանում լքել Ռազմիկ Մկրտչյանի ձևավորված աշխատակազմը, որում ընդգրկվել էր։

Նոր գյուղապետարանի աշխատակիցների խոսքով, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել ո՞ր թիմում աշխատել։ Սպասում են հարցի վերջնական հանգուցալուծմանը։

Գայանե Հարությունյան 
Եղեգգնուտի գյուղապետարանի երկրորդ կարգի մասնագետ 

- Բոլոր գործառույթները մենք են կատարում։ Մեր նախկին հաշվապահը մեր հետ չի ցանկանում աշխատել, ինքը այնտեղ է գնում աշխատանքի։ Մենք կանչեցինք աշխատանքի, հրաժարվեց։

Ես այնտեղ էլ եմ աշխատել, հիմա այստեղ եմ հետ եկել։ Կան աշխատողներ չեն ուզում լավամարդ-վատամարդ լինել, չեն գալիս, ասում են մինչև հարցերը կկարգավորվի, նոր կորոշենք։

Իրանք ուղղակի շենքը զավթել են, ոչ մի բան չեն անում, ոչ մի գործարք չեն անում, ուղղակի գնում նստում են այնտեղ, հետո գնում են իրանց տները։ Արդեն 6-րդ ամիսն է, աշխատավարձ չենք ստացել, հուլիսից չենք ստացել։ Այնտեղ էլ չեն ստացել։ Ես երկու ամիս ընդեղ չեմ ստացել, հիմա էլ եկել եմ ստեղ, էլի չեմ ստացել։  

Աշխատում ենք։ Ինչ կարողանում ենք, դա ենք անում, տեսնենք ինչ լուծում կստանա էս հարցը։

Բյուջե հավաքագրում ենք, բայց ծախսեր չենք կարողանում անել։

Հին գյուղապետարանի դռները փակ էին, այստեղ չկարողացանք հանդիպել ոչ մեկի

Ավագանին նույնպես բաժանված է 3/4 հարաբերակցությամբ 

Եղեգնուտը ավագանու 7 անդամ ունի։ Ավագանու վերջին նիստը կայացել է 2020թ․ հունիսի 10-ին։ Այդուհետ ավագանու նիստ չի գումարվել։

Մինչ այդ տեղի ունեցած նիստերի որոշումներն ուսումնասիրելիս նկատում ենք, որ ավագանու նիստերին մասնակցել ավագանու 7 անդամներից 4-ը։ Ավելի ուշ պարզեցինք, որ ավագանու 7 անդամներից 4-ը հավակնում են այն ժամանակ ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանին, 3-ը՝ Ռազմիկ Մարգարյանին։

Համենայն դեպս, Ռազմիկ Մարգարյանը պատրաստվում է առաջիկայում ավագանու նիստ գումարել։

Ո՞վ է գյուղապետը, ո՞րն է գյուղապետարանը

Անորոշությունից դուրս գալու համար որոշեցինք գյուղացիներից ճշտել՝ ո՞րն է գյուղապետարանը և ո՞վ է գյուղապետը։ Այստեղ ավելի խճճվեցինք։ Ոչինչ պարզել հնարավոր չեղավ․ բնակիչների մի մասը խուսափեց պատասխանել մեր հարցին, մի մասը մատնանշեց Ռազմիկ Մկրտչյանի թիմին, մյուս մասը ցույց տվեց նոր գյուղապետարանի տեղը։ Զարմանալին այն էր, որ բոլորը, չգիտես ինչու, վերջին 6 ամիսների ընթացքում գյուղապետարանի հետ որևէ առնչություն չէին ունեցել և չգիտեին անրաժեշտության դեպքում ո՞ր գյուղապետարան պետք է գնան։ Բնականաբար, սա իրականությունից հեռու էր, քանի որ գոնե ավտոմեքենայի տեխզննման նպատակով, գոնե գույքահարկ պետք է վճարած լինեին։

Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում նույնպես անորոշություն է։ Համայնքներ բաժնում համայնքի ղեկավար է Ռազմիկ Մկրտչյանը, համայնքի ղեկավարի որոշումներ բաժնում տեղադրված է Ռազմիկ Մարգարյանի որոշումները։ 

Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք պարազաբանում ստանալ Արմավիրի մարզպետարանից։Մարպետարանի Իրավաբանական վարչության պետ Լիաննա Հարությունյանից տեղեկացանք, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերը և կապը Եղեգնուտի գյուղապետարանի հետ պահպանվում է Ռազմիկ Մարգարյանի միջոցով։ Լիաննա Հարությունյանի խոսքով, Ռազմիկ Մարգարյանը մարզպետարան գրությամբ գյուղապետարանի նոր հաշվառման հասցե է ներկայացրել և բոլոր փաստաթղթաշրջանառությունը կատարվում է այդ հասցեով։ Համայնքային ծառայողների մասով՝ գյուղապետը կարող է ժամանակավոր պայմանագիր կնքել և համալրել գյուղապետարանի աշխատակազմը մինչև կհայտարարվի մրցույթ և կնշանակվի համայնքային ծառայող տվյալ հաստիքի համար։

 

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website