«Հզորներն» ու գյուղացիները
Արարատյան դաշտավայրի անմշակ հողատարածքների ծավալների մոնոտոն աճը անհանգստացրեց նաև կառավարությանը և 2018թ. փետրվարի 8-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ Արարատյան դաշտավայրի ոռոգելի 24 հազար հեկտար հողատարածքներ չեն մշակվում:

Տրամաբանական է, որ ոչ եկամտաբեր և մեծ ռիսկայնություն պարունակող բնագավառից հրաժարվողների թիվը գնալով կավելանա, սակայն անտրամաբանական է, որ այդ ֆոնին տարեցտարի ոռոգման ջրի դեֆիցիտն է ավելանում:

ԻՆՉՈւ՞
Հարց, որի պատասխանը պարբերաբար տարբեր ձևակերպումներով է հնչում. մեկ տեղումների քանակն է կրճատվել, մեկ՝ հարևան երկիրն է մեղավոր, իսկ վերջերս ամենաանհավանական ձևակերպումը եղավ՝ իբր մշակվող հողատարածքների ծավալների ավելացումն է պատճառը:

Ոռոգման ջրի սակավությունը դարձել է հազար ու մի տարբեր տրամաչափի ու ամենատարբեր պատկանելիության կառույցների ուսումնասիրության առարկան, սակայն ոչ ոք իրականությունը կամ չի տեսնում, կամ չի ուզում տեսնել, կամ անտեղյակ է բնագավառին:

Փորձենք ինքներս մի փոքր վերլուծության, մի փոքր համեմատության և մի փոքր էլ թվաբանության միջոցով հասկանալ ոռոգման ջրի ներկան ու ապագան:
Տեղափոխվենք 1980 թվական, երբ դեռ չէր ծնվել Ախուրյանի ջրամբարը
Արմավիրի մարզում Արարատյան դաշտավայրի մաս են կազմում նախկին Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջանները: Այս երկու շրջանների ոռոգելի հողատարածքներն այն ժամանակ կազմում էին 50-52 հազար հեկտար: Արմավիրի մարզի մշակվող հողատարածքները, ըստ ԱՎԾ 2016 թվականի տվյալների կազմում են 33,3 հազար հեկտար: Հոկտեմբերյանի շրջանի հողատարածքների ոռոգման ջուրը մատակարարում էին Սև ջրի, Ղարաղալայի, Հուշակերտի, Այղր լճի ջրհան կայաններից, Հոկտեմբերյանի ջրանցքից և արտեզյան հորերից, իսկ Էջմիածնի շրջանը՝ Քասախ, Հրազդան ջրանցքներից, Այղր լճի ջրհան կայանից և արտեզյան հորերից:

Համեմատելով ասենք, որ այսօր մշակվող հողատարածքները մոտ 40 տոկոսով կրճատվել են: Միևնույն ժամանակ ոռոգման համակարգին է միացել նաև կես միլիարդ խոր.մետր տարողությամբ Ախուրյանի ջրամբարը, բայց ոռոգման ջուր չունենք:

Արմավիրի մարզին, ըստ նախկին և նոր մասնագետների, ովքեր բնագավառին մոտ են կանգնած, ոռոգման համար անհրաժեշտ է ընդամենը 250 -280 միլիոն խոր.մետր ջուր:

Նույն հարցը դարձյալ մնում է օդում կախված՝ ԻՆՉՈւ՞ ՉՈւՆԵՆՔ ՈՌՈԳՄԱՆ ՋՈւՐ
Պատասխանը մեկն է՝ արտեզյան ավազանի մակարդակի անկման պատճառով չորացել է Սև ջուր գետը, նույն պատճառով Այղր լճի մակարդակն իջել է և չի գործում ջրանցքը, նույն պատճառով մարզի տարածքի բոլոր խորքային հորերի արտադրողականությունը 70, 80, 90 տոկոսով նվազել է, իսկ որոշ վայրերում ընդհանրապես հորերը չորացել են:
ԽՈՒՐՇՈՒԴ ՔՈՉԱՐՅԱՆ
Գայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Փաստորեն Արմավիրի մարզի հիմնական ոռոգման աղբյուր են մնացել Ախուրյանի ջրամբարը, Սևանի ավազանը և արդեն մասամբ՝ արտեզյան հորերը:

Սևանի ջուրը բնապահպանների խիստ հսկողության տակ է, որոնց համար ավելի գերադասելի է Սևանի ճահճացած ափերը, քան անապատի վերածվող Արարատյան դաշտավայրը: Ձկնաբուծության նպատակով տարեկան 1,5 միլիարդ խոր/մետր քաղցրահամ ջուր լցնելով Կասպից ծով, շարունակում ենք չորացնել արտեզյան հորերը և մեր միակ հույսը մնում է Ախուրյանի ջրամբարը:
Ախուրյանի ջրամբարը
Գտնվում է Շիրակի մարզում, հայ-թուրքական սահմանի 20 կմ երկայնքով: Կառուցվել է 1980 թվականին՝ համաձայն 1963 թվականին կնքած հայ-թուրքական պայմանագրի: Ջրամբարի սնուցումը հայկական կողմից կատարվում է Ախուրյան գետի, իսկ թուրքական կողմից՝ Կարս, Կարախան և Չորլի գետերի միջոցով, տարողությունը՝ 525 միլիոն խորանարդ մետր: Ջրամբարը համարվում է ամբողջությամբ լցված, երբ իր երկարությունը հասնում է 20 կիլոմետրի, այսինքն Ջրափի գյուղից մինչև Երազգավորս: Մեր նկարահանումների ժամանակ ավազանը լցված էր մինչև Շիրակավան գյուղի մոտակայքը, իսկ Շիրակավանից մինչև Երազգավորս մոտ 7 կիլոմետր է: Ջրամբարի մակերեսը 54 քառ. կմ է, և սա նշանակում է, որ ջրամբարի վերին մակարդակում յուրաքանչյուր 1 մետրը միջին հաշվով պարունակում է մոտ 40-45 միլիոն խոր/մ ջուր: Աղինցի Վալոդյան անմիջապես ջրամբարի հարևանությամբ է բնակվում: Մեզ ցույց տվեց այն մակարդակը, որով նախկինում լցված էր լինում ջրամբարը, որը 6-7 մետր բարձր էր ներկա ջրի մակարդակից:

Փորձենք Վալոդյայի ասածները ճշտել «Google» քարտեզի միջոցով:
Նկարներից պարզ երևում է, որ ջրամբարի ջրի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1445,8 մետր, մինչդեռ լիարժեք լցվելու համար պետք է հասնի 1454 մետրի, այսինքն պակաս է լցված մոտ 8 մետր: Այստեղից դժվար չէ հասկանալ, որ Ախուրյանի ջրամբարն այսօր 35-40 տոկոսով պակաս է լցված: Իսկ եթե հաշվի առնենք տարիների ընթացքում ավազանի հատակին կուտակված տիղմի հաստությունը, այսինքն՝ մեռյալ ծավալը, ապա ավելի շատ է պակաս:
Ո՞վ է մեղավոր
Ոլորտի պատասխանատուներն առաջին հերթին մեղադրում են ժլատ բնությանը, որ, արդեն 2 տարի է, աչքաթող է արել Ախուրյանի ջրամբարին: Երկրորդ հերթին մեղադրում են Թուրքիային, որ իրենց կողմից ջրամբարը սնուցող գետերի վրա ջրամբարներ են կառուցել և չեն թողնում, որ ջուրը հասնի ջրամբար: Այս երկու ծանրակշիռ հանգամանքները բավական են, որ ոլորտի պատասխանատուները ջրամբարի մասին հիշեն միայն գյուղացիների դժգոհության ժամանակ:

Ճիշտ է, այս երկու գործոններն էական նշանակություն ունեն Ախուրյանի ջրամբարի լիցքավորման համար, բայց ամբողջական պատկեր ստանալու համար Ախուրյան գետի հունով բարձրանանք 186 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղից սկիզբ է առնում հայկական կողմից ջրավազանը սնուցող գետը:
Ախուրյանի ջրամբարի ոդիսականը սկսվում է Արփի լճից, որը գտնվում է Շիրակի մարզում, ավելի ստույգ՝ նախկին Ամասիայի շրջանում: Լիճը 1951 թվականին պատվարվել է, որի արդյունքում մակերեսը 4,5-ից հասել է 22 քառ.կմ-ի, իսկ ծավալը՝ 5 միլիոն խոր.մետրից հասել է 100 միլիոն խոր. մետրի: Արփիի ջրերը հիմնականում օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար:

Փետրվարի 22-ին, մեր այցելության պահին, Արփի ջրավազանը լցված էր 1/5-ով, այսինքն մոտ 20 միլիոն խոր. մետրի չափով: Ավազանի տարածքը ստացել է Ազգային պարկի կարգավիճակ և կոչվում է «Արփի լիճ ազգային պարկ», որտեղ մուտք գործելը կամ տեղեկատվություն ստանալը գործնականում անհնարին է:

Տեղաբնակների հետ զրուցելիս պարզեցինք, որ վերջին տարիներին, հատկապես, երբ տեղումները սակավ են լինում, Արփի լիճն ամբողջությամբ չի լցվում: Մյուս կողմից ավելացնում են, որ խորհրդային տարիներին, անկախ տեղումներից, ջրավազանը միշտ լցվում էր:

Մեր հետաքրքրությունը բավարարելու համար պարզեցինք, որ խորհրդային տարիներին Ամասիա շրջկենտրոնում գործել է կազմակերպություն, որը զբաղվել է Արփի լիճը սնուցող վտակների սպասարկմամբ: Սպասարկողների թվում է եղել նաև Միքայել Իվանյանը, ում խոսքով 25-30 հոգուց բաղկացած խմբով, հատկապես ձմռան ամիսներին, զբաղվել են սառույցների կոտրման աշխատանքներով, որպեսզի աղբյուրներից հոսող ջրերը չփոխեին իրենց հոսքի ուղղությունը: Այն ժամանակ մեծ աղբյուրներն ունեցել են իրենց անվանումը՝ Օքսուզ, Պալախլի, Գյուլիջա, Կուլիքյանդ, Չիվիլի, Կարաբուլաղ, Դարինդարա, Ղոնջալի: Բոլորը թուրքական անուններ են, քանի որ ինչպես Ամասիայում, այնպես էլ Արփի լճի հարևանությամբ գտնվող գյուղերում ապրել են մեծամասամբ թուրքեր: Մեծ ուշադրություն էր դարձվում սահմանային գոտու աղբյուրներին և վտակներին: Եթե նման գործողություններ չկատարվեին, վտակները կարող էին իրենց ուղղությունը փոխել դեպի Վրաստան կամ Թուրքիա: Խորհրդային տարիներից հետո նման աշխատանքներ չեն կատարվում:

Ջրավազանի դատարկությունը տեղաբնակները կապում են փոքր ՀԷԿ-ի հետ: Եթե ջուր կուտակելու համար շլյուզները փակեն, ՀԷԿ-երը չեն աշխատի: Ազգային պարկի աշխատակից Արարատի խոսքով մի անգամ շլյուզները փակեցին, մի 2 ժամից Երևանից զանգեցին, բացել տվեցին և ավելացրեց, որ «հզոր» մարդիկ են ՀԷԿ-ի տերերը, ո՞վ կարա իրանց վրա:

Ըստ ընդունված կարգի, մինչև մայիս ամիս ջրավազանն ամբողջությամբ լցվել է, ոռոգման սեզոնի մեկնարկին զուգահեռ ջուրը բաց է թողնվել, այնուհետև նորից կուտակվել է և բաց է թողնվել աշնանացանի ժամանակ:

Այսօր ոչ միայն ջրամբարում ջուր չի կուտակվում, այլ նաև Ախուրյան գետի ջրերն են ինչ-որ խողովակներով տեղափոխվում դեպի «հզորների» ՀԷԿ-եր: Իսկ ՀԷԿ-ի տարածք մուտք գործելը, նույնիսկ կյանքի գնով, գործնականում անհնարին է:
Ճիշտ է, Թուրքիան անում է ամեն ինչ Կարս, Կարախան և Չորլի գետերի ջրերը մինչև Ախուրյանի ջրամբար հասնելն առավելագույնս օգտագործել, և դա շատ հաջող է ստացվում նրանց մոտ, իսկ մեզ մոտ հակառակ երևույթն է շատ հաջող ստացվում՝ տարեկան 1,5 միլիարդ խոր.մետր քաղցրահամ ջուր ենք լցնում Արաքս գետ, որը 3 անգամ գերազանցում է Ախուրյանի ջրամբարի ծավալին: Այստեղ գործ ունենք ձկնաբուծության «հզորների» հետ, որոնց անձնական շահերը գերադասվում են տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների շահերից:
Փաստորեն մի քանի «հզոր» հյուսիսից, մի քանի «հզոր» էլ հարավից, ջրային ռեսուրսների կառավարիչների օգնությամբ չորացնում են Արարատյան դաշտավայրը և գյուղացուն, հողից կտրելով, դարձնում բանկ սպասարկող մուրացկան:
Այս տարվա իրավիճակը
2017 թվականին Ախուրյանի ջրամբարի ջուրը, ըստ պաշտոնական հայտարարությունների, պակաս էր լցվել 70-90 միլիոն խոր.մետրով: Ոռոգման սեզոնը սկսվեց ապրիլի 27-28-ին: Այս տարի ըստ պաշտոնական հայտարարությունների ջրամբարն ավելի պակաս է լցվել, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, ուզենք, թե չուզենք, ոռոգումը պետք է սկսենք մեկ ամիս շուտ: Սա նշանակում է՝ ոռոգման սեզոնն ավելի երկար կտևի, իսկ ջրի դեֆիցիտը՝ աղետալի:

Գյուղացուն մնում է հույսը կտրել ջրային ռեսուրսների կառավարիչներից և խնդրել «Գագիկ Սուրենյանին» կամ Ամենազորին, որ ապրիլ-մայիս ամիսները դարձնեն տեղումնառատ:
Հեղինակ՝ Անժելա Ստեփանյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website