Կաթիլային ոռոգման միֆը
Արարատյան դաշտավայրի հողատարածքները հիմնականում ոռոգվում են Ախուրյանի ջրամբարում կուտակված և արտեզյան հորերի ջրով: 2017 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Ախուրյանի ջրամբարը պակաս էր լցվել 90 միլիոն խորանարդ մետրով և հուլիս ամսին գյուղացիները կանգնեցին ոռոգման ջրի խնդրի առջև: Այս տարի 525 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը լցվել է կիսով չափ, ինչը նշանակում է՝ ոռոգման խնդիրն ավելի շուտ կառաջանա և գյուղացիական տնտեսությունները մեծ կորուստներ կունենան:
Իշխանություններն առաջարկում են անցնել կաթիլային ոռոգման համակարգի
Կաթիլային ոռոգումը հնարել են հրեաները: Նրանք, չունենալով ջրային ռեսուրսներ, որոշեցին Իսրայելում՝ հատկապես սակավաջուր վայրերում, անցնել կաթիլային ոռոգման: Այս մեթոդի համաձայն հողատարածքում ստեղծվում է անցքավոր պոլիէթիլենային խողովակներով ցանց և այդ անցքերի միջոցով ոռոգվում են մշակաբույսերը: ՀՀ Կառավարությունը ծրագիր է մշակել կաթիլային ոռոգման համակարգի անցնող գյուղացիական տնտեսություններին արտոնյալ վարկեր տրամադրելու համար: Գյուղատնտեսության նախարարությունն իր կայքում մանրամասներ է ներկայացնում կաթիլային ոռոգման առավելությունների և վարկավորման ծավալների վերաբերյալ: Բայց թե որտեղի՞ց պետք է գյուղացին ջուր վերցնի, ոչ ոք չի ասում:
Խանջյանցի Արմեն Հարությունյանն իր 8 հազար քմ հողատարածքում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացրել, բայց նռան այգին ջրի սակավության պատճառով չորացել է: Ասում է ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է, խորքային հորը ցամաքել է, չի կարողանում ջուր կուտակել, որպեսզի կաթիլային ոռոգում իրականացնի: 2017 թվ-ին կորցրել է մոտ երկու տոննա նռան բերք: Արմենը վստահ է՝ այս տարի ևս բերք չի ստանա, բայց պետք է պայքարի, որպեսզի ծառերը չչորանան:
Կաթիլային ոռոգման առանձնահատկությունները
Միջազգային պրակտիկայում կաթիլային ոռոգում իրականացնում են բացառապես սակավաջուր վայրերում, բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում և ջերմոցային տնտեսություններում: Արմավիրի մարզը, որտեղ ոչ վաղ անցյալում քաղցրահամ ջրի առատությունից հողերն էին աղակալվում, իսկ որոշ վայրերում ձախողվում էր հուղարկավորությունը՝ գերեզմանափոսը ջրով լցվելու պատճառով, ոռոգման ջրի խնդիր երբեք չի ունեցել: Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստորգետնյա ջրային ավազանը նստել է, իսկ միայն Ախուրյանի ջրամբարի ջրերով հնարավոր չէ դիզբալանսը լրացնել: Բալանսավորված ջրային ռեսուրսներ ունեցող ոչ մի երկիր չի անցնում կաթիլային ոռոգման, քանի որ այն չի կարող առավելություն ունենալ մակերեսային ոռոգման նկատմամբ: Կաթիլային ոռոգման ժամանակ ջուրը մինչև բույս հասնելը 2-3 անգամ պետք է անցնի պոմպերի միջով, իսկ դա նշանակում է, որ բույսին հասնում է ոչ թե կենդանի ջուր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում բույսի զարգացման համար, այլ՝ հեղուկ մասսա, որը միայն կնվազեցնի բույսի բերքատվությունը:
Կաթիլային ոռոգման դեպքում անհնարին է դառնում ցանքաշրջանառությունը և գյուղատնտեսական սեզոնին հողի կրկնակի օգտագործումը: Արարատյան դաշտի ընդերքի ջուրը կոշտ է, իսկ կոշտ ջրով աշխատող կաթիլային համակարգի կյանքը՝ անցքերը աղակալելու պատճառով, շատ կարճ է:

Կառավարությունը կաթիլային ոռոգման անցնելու ծրագրից ակնկալում է տարեկան 25 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջրի խնայողություն, տարեկան 3 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ, լրացուցիչ աշխատատեղերից 350 միլիոն եկամտահարկի տեսքով մուտքեր: Այս 3 ցուցանիշներն իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: Տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր արտեզյան ավազանից քաղցրահամ ջուր լցնելով Կասպից ծով, ծրագիր ենք մշակում, որ 25 միլիոն խորանարդ մետր խնայենք: Կաթիլային ոռոգումը ոչ մի տրամաբանությամբ բերքատվություն չի կարող ավելացնել, որ 3 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ ստացվի, ընդհակառակը՝ կաթիլային ոռոգմամբ միայն կարող է նվազել բերքատվությունը: Հավելյալ աշխատատեղ որտեղի՞ց է ստացվում, անորոշություն է:



Խաղողի այգի, կաթիլային ոռոգման համակարգով
Ի՞նչ անի գյուղացին
Օրինակի համար վերցնենք ամենատարածված 0,8-1,0 հեկտար մակերեսով հողակտոր, որը գտնվում է գյուղից 3-5 կմ հեռավորության վրա և շրջապատված է նմանատիպ հողակտորներով:

Կաթիլային ոռոգման անցնելու համար նախ անհրաժեշտ է ջուր, որի ձեռքբերման միակ տեղն առայժմ ընդերքն է: Սա նշանակում է՝ գյուղացին պետք է 25-30 մետր խորությամբ փոս փորի և մոտ 1,5-2,0 կվտ հզորությամբ պոմպով գրունտային ջուրը դուրս քաշի: Որպեսզի պոմպը մշտապես չաշխատի, պետք է ունենա գետնից մի 3 մ բարձրության վրա տեղադրված առնվազն 10 տոննա տարողությամբ տարա, որտեղ կկուտակվի ջուրը: Ջուրը մինչև կաթիլային համակարգ հասնելը պետք է գոնե 2 անգամ ֆիլտրվի, քանի որ ընդերքից ջրի հետ միշտ ավազի հատիկներ են բարձրանում և կարող են փակել խողովակի անցքերը: Ենթադրենք գյուղացին մի 3-4 միլիոն ծախսելով այս ամենը կառուցեց, կաթիլային համակարգի խողովակները տեղադրեց, մնում է էլեկտրաէներգիան, որ համակարգն աշխատացնի: 0,4 կվտ լարման էլեկտրական հոսանքն ամենաշատը կարելի է տեղափոխել 350-400 մետր: 10 կվտ լարման էլեկտրական հոսանք անցկացնել և լրացուցիչ տրանսֆորմատոր տեղադրել, հսկայական և չարդարացված ծախս են այն աստիճան, որ գյուղացին 5-7 տարվա եկամուտով ծախսը չի կարողանա փակել: Գյուղացուն մնում է 2 տարբերակ՝ կամ ներքին այրման շարժիչով էլեկտրակայան աշխատացնելով էլեկտրականության հարցը լուծի, կամ վառելիքով աշխատող պոմպակայան աշխատացնի: Այս 2 տարբերակներով էլ ոռոգման ծախսը կրկնակի անգամ կավելանա, որը կբերի գյուղմթերքի ինքնարժեքի թանկացման՝ չհաշված կատարած ներդրումները:
Ենթադրենք գյուղացիական տնտեսությունները միաձայն անցան կաթիլային ոռոգման, բոլորը հորեր հորատեցին, պոմպեր գնեցին, խողովակներով ոռոգման ցանց կառուցեցին ու սկսեցին կաթիլային ոռոգումը: Ի տարբերություն արտեզյան ջրերի, որոնց ծավալները կրճատվում են տարիների ընթացքում, գործ ենք ունենալու գրունտային ջրերի հետ, որոնց ծավալները խիստ սահմանափակ են և Արարատյան դաշտավայրում համալրվում են բացառապես անձրևաջրերով:
Տեղումների բացակայության պայմաններում գրունտային ջրերի մակարդակը նվազում է: Իսկ այս դեպքում, երբ բոլորը ոռոգումը կիրականացնեն գրունտային ջրերով, նույնիսկ տեղումների առկայության դեպքում երաշխիք չկա, որ գրունտային ջրերը կբավարարեն բոլորին: Ինչպես տեսնում ենք, սա էլ երաշխավորված տարբերակ չէ:

Գրունտային ջրեր
Կաթիլային ոռոգում
Աղակալված հողատարածքներ, որոնք Արմավիրի մարզում հազարավոր հեկտարների են հասնում
Ի՞նչ կարելի է անել
Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդիրը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ է կատարել հակառակ գործողությունները, որոնք բերեցին ջրի դեֆիցիտին: Այն է՝ հաշվառել և խիստ հսկողություն սահմանել ձկնարդյունաբերության նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների վրա, միևնույն ժամանակ վերանայել նույն ոլորտի ջրի սակագինը, որը վաճառվում է 100 անգամ պակաս գնով, քան ոռոգման ջուրը գյուղացուն:
Ինչպես Սևանի պարագայում, օրենքով պետք է սահմանել տարեկան արտեզյան ավազանից օգտագործվող ջրի չափաբաժինը:
Կաթիլային ոռոգման ծրագրեր մշակել Հայաստանի այն վայրերում, որտեղ ռելիեֆից կախված՝ անհնար է իրականացնել մակերեսային ոռոգում:






This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website