Ոռոգման ջրի կորուստների քանակը` պետական գաղտնիք

Խանջյանցի Արմեն Հարությունյանն իր 8000 քմ հողատարածքը ոռոգման ջրի սակավության պատճառով չորացել է: Ասում է ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է, խորքային հորերը ցամաքել, իսկ Ախուրյանի ջրամբարի ջուրը բավականացնում է մինչև հուլիսի վերջը: 2017թվ-ին Արմենը կորցրել է մոտ 2 տոննա նռան բերք: 2018-ին նռան այգին 80 տոկոսով չորացել է: Նույն իրավիճակում են հայտնվել Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի բնակիչներ:
Տասնյակ տարիներ գյուղատնտեսության ոլորտը դարձել է ՀՀ իշխանությունների գլուխկոտրուկը: Բոլոր ժամանակներում արձանագրել են բնագավառի տխուր իրավիճակը, փորձել են լուծումներ գտնել, մշակվել են տարբեր ձևաչափի հայեցակարգեր, ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ, պետական բյուջեից ամեն տարի միլիարդավոր դրամի ներդրումներ են կատարվել, սակայն բնագավառում դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Փաստը մնում է փաստ, որ գյուղատնտեսական նշանակության հողերի 40 տոկոսը չի մշակվում:
Ի թիվս այլ պատճառների, հող մշակելուց հրաժարվելու ամենակարևոր գործոնը ոռոգման ջուրն է: Գյուղացին, տարիների դառը փորձը տեսնելով, կորցրել է հավատը, որ սերմը, հողի մեջ դնելով, կարող է աշնանը բերք ստանալ: Չունի հավատ, որ վարկ վերցնելով, հող մշակելով ամառվա շոգին ոռոգման ջուր կունենա:
Ասել թե իշխանությունները ձեռքերը ծալած նստած են և չեն զբաղվում ոռոգման ջրի խնդիրներով, սխալված կլինենք: Պետական բյուջեից և վարկային միջոցներից ահռելի գումարներ են ծախսվում, սակայն տեսանելի տեղաշարժ չի նկատվում:
Վերջին 10 տարիներին ոռոգման համակարգին ուղղված միջոցների ծավալները՝ ըստ տարիների
Ուսումնասիրենք վերջին 10 տարիներին ոռոգման համակարգին ուղղված միջոցների ծավալները՝ ըստ տարիների:
Ջրային կոմիտեն դեռևս 2001 թվականին, երբ մեկ խորանարդ մետր ջուրը գյուղացուն վաճառվում էր 4 դրամով, բացատրում էր, որ ներդրումների շնորհիվ համակարգը կվերականգնվի, կնվազեն կորուստները, ոռոգման ջրի սակագինը կհասնի ինքնարժեքին, այսինքն 8,9 դրամ մեկ խորանարդի դիմաց և համակարգն ինքնուրույն կաշխատի:
2000-2018 թվականներին համակարգին ուղղվել է մոտ 251 միլիարդ դրամ, իսկ վերջին 10 տարում՝ 186,2 միլիարդ դրամ: Սակագինը 4 դրամից հասել է 11 դրամի և համակարգը, դեռևս վնասով աշխատելու պատճառով, բյուջեից դոտացիաներ է ստանում:

Համակարգի առողջացման և վերականգնման նպատակով պետական և վարկային ծրագրերով միլիարդավոր դրամի ներդրումների ֆոնին համակարգը տրամաբանությունից դուրս ոռոգման ջրի կորուստներ է արձանագրում: Պատկերենք 2008-2018 թվականների ընթացքում ոռոգման ջրի փաստացի կորուստների դինամիկան՝ ըստ տարիների:
Կորուստների կորը կարծես թե մինչև 2016 թվականը տրամաբանորեն նվազում է արձանագրում, սակայն, երբ 2017 թվականին բնագավառի ֆինանսավորումը 2016 թվականի նկատմամբ 3,2 միլիարդ դրամով նվազեց, ջրի կորուստները 22 տոկոսով ավելացավ: Պարզ տրամաբանությամբ կարելի է արձանագրել, որ բնագավառի պատասխանատուները պետությանն իրենց նկարած ցուցանիշներով ձեռնոց են նետում և փաստացի հասնում են իրենց նպատակին, 2018 թվականին ստանալով 9,8 միլիարդ ավել գումար, քան 2017 թվականին:
2018 թվականին ոռոգման ջրի կորուստները Ջրային կոմիտեի նախկին նախագահ տիկին Գաբայանի հայտարարությամբ կազմել է 46, 56, իսկ որոշ տեղեր 70 տոկոս: Փորձեցինք Ջրային կոմիտեից ավելի ստույգ տեղեկատվություն ոռոգման ջրի կորուստների վերաբերյալ 2012-2018 թվականների ընթացքում:

Հարցումից երկու շաբաթ անց ապրիլի 4-ին ստացանք պատասխան Ջրային կոմիտեի արդեն նորանշանակ նախագահ Վարդան Մելքոնյանից, ով ի դեպ կոմիտեի պաշտոնական կայքում կատարած ուղերձում նշում է, որ ոլորտն ունի խիստ առողջացման անհրաժեշտություն, քանի որ երկար տարիներ ջրային ոլորտում առկա բացթողումներն ու չարաշահումները հանգեցրել են բավականին սուր իրավիճակի: 2012-2016 թվականներին ոռոգման ջրի կորուստների չափը կանխորոշվել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ի կառավարության N1291-Ն որոշումով, իսկ 2017 թվականից հետո 2016թ. օգոստոսի 25-ի կառավարության նիստի N 33 արձանագրությամբ:
Պատասխանից կարելի է եզրակացնել, որ Ջրային կոմիտեն կամ չի տիրապետում ՀՀ տարածքում ոռոգման ջրի կորուստների ծավալներին կամ խուսափում է փաստացի կորուստների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:


Հետևելով Ջրային կոմիտեի խորհրդին, ուսումնասիրեցինք կառավարության N1291-Ն որոշման և N 33 արձանագրության մի քանի դրվագներ, որոնք ներկայացնում ենք աղյուսակի տեսքով:



Աղյուսակում բերված թվերն իրականության հետ ընդհանրապես առնչություն չունեն: Դեռևս խորհրդային տարիներին գյուղատնտեսության, մելորացիայի և ջրային տնտեսության նախարարություններն ուսումնասիրությունների արդյունքում հաստատել էին նորմատիվներ, որով հաշվարկվում էր՝ կախված մշակաբույսից, մեկ հեկտարի համար ոռոգման ջրի ծախսը:
Այս նորմերը «Գյուղացիական միություն» ՀԿ-ն նախագահ Գավրոշ Հովհաննիսյանը դեռևս 2001 թվականին ներկայացրել էր Ջրային տնտեսության պետական կոմիտե:

Սկզբնական շրջանում այս նորմերը կիրառվում էին, հետո մոռացվեցին և յուրաքանչյուր ոռոգում իրականացնող ընկերություն իր նորմերը սահմանեց: Փաստորեն Ջրային կոմիտեի նորմատիվներով մեկ հեկտար հողատարածք ոռոգելու համար ՋՕ ընկերությունը գյուղացուն տալիս է 4333 խորանարդ մետր ջուր: Սա նշանակում է, որ գյուղացին, եթե խորքային պոմպից 30 լիտր վայրկյանում ջուր է ստանում իր մեկ հեկտար հողատարածքը կջրի առնվազն 2 օրում: Իրականում նույն պայմաններում մեկ հեկտար հողատարածքը ոռոգվում է 5-6 ժամում,սա նշանակում է, որ նորմատիվներն ընդամենը նկարված են 3-4 անգամ շատ՝ ի վնաս գյուղացիական տնտեսությունների: Ասում է Ալաշկերտ համայնքի գյուղատնտես, 40 տարվա խաղողագործ Արայիկ Մովսիսյանը: Մովսիսյանի հետ համամիտ է նաև ջրբաշխը, ով չցանկացավ Անունը հրապարակել, սակայն վստահեցրեց, որ իրենց գործը ջուր տալն է, թե հետո ինչ թիվ է գրվում իրենք տեղյակ չեն , ինքն անձամբ ջուրը գյուղացուն տալիս է խորքային հորի դեպքում ժամաքանակով , իսկ մայր ջրատարից ՝ անգամով:

Բնագավառի պատասխանատուները ոռոգման ջրի կորուստը (ՋՕԸ գումարած ջրառ) հասցրել են 68,6 տոկոսի: Այս կորուստը, նկարված նորմատիվների ֆոնին, ներկայացնում է բնագավառի իրական պատկերը և տալիս գյուղացիական տնտեսություններին հետաքրքրող բազմաթիվ մութ հարցերի պատասխաններ, ասում է Արայիկ Հարությունյանը և ավելացնում , որ սեփականաշնորհումից ի վեր գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում իրենց անհրաժեշտ ջուրն օգտագործել ջրաչափով: Ըստ էության մատակարարը նույնպես կողմ է ջրաչափի տեղադրմանը, բայց իրեն հարմար վայրում արտեզյանի կամ մայր ջրատարի գլխամասում, իսկ հողօգտագործողը պնդում է, որ ջրաչափը պետք է գործի անմիջապես իր մշակվող հողի սկզմբնամասից: Կողմերի անհամաձայնությունը տարիներ շարունակ թույլ չի տալիս հարցը կարգավորել և մեղքը գյուղացու վրա գցելով մատակարարը չափումները կատարում է արտեզյանի կամ ջրատարաի սկզբնամասից, միջինիացնելով մեկ հեկտարի համար գյուղացուն անհրաժեշտ ջուրը մատակարարում + անգամ ջրում բանաձևով: Ըստ գյուղատնտետեսի այսպես երաշխավորվում են ներդրումներն ու արդարացվում կորուստները:
Առաքել Առաքելյան
Շենիկի համայնքապետարանի գյուղատնտես
Շենիկի համայնքապետարանի գյուղատնտես Առաքելյանը ունի հարցեր ու պատասխաններ, որոնք իր կարծիքով ամբողջացնում են պատկերը:
Հարց առաջին – Ինչո՞ւ է կորուստների ծավալը հասցվել մոտ 70 տոկոսի:

Պատասխան - Որպեսզի ոռոգման ջրի մեկ խորանարդ մետրի ինքնարժեքը հասցվի 21 դրամի և լրացուցիչ միլիարդավոր դրամներ ստանան բնագավառի առողջացման, վերականգնման, հիմնանորոգման, կորուստները նվազեցնելու համար:

Հարց երկրորդ – Ինչո՞ւ բարձրացվի ոռոգման ջրի ինքնարժեքը:

Պատասխան – Որովհետև ջուրը գյուղացուն վաճառվում է մեկ խորանարդ մետրը 11 դրամով, իսկ տարբերությունը, այսինքն 11 դրամը, տալիս է պետությունը:

Հարց երրորդ – Ինչո՞ւ են մեկ հեկտար հողատարածք ոռոգելու նորմատիվներն ուռճացված:

Պատասխան – Եթե գյուղացին ունի մեկ հեկտար հող, ոռոգում է օգտվելով խորքային հորի ջրից, իրեն անհրաժեշտ 900 խորանարդ մետր ջուրը ЭЦВ 12-200-70 մակնիշի պոմպից կստանա 4-5 ժամում: Եթե ՋՕ ընկերությունները հաշվարկում են 4333 խորանարդ մետր, դա նշանակում է պոմպակայանն աշխատել է 22-23 ժամ: Այստեղ առաջանում է ծախսված էլեկտրաէներգիայի ավելցուկ մոտ 1000 կվատ: Այստեղ է, որ ջրբաշխներին «ես քեզ, դու ինձ» սկզբունքով օգնության ձեռք են մեկնում ՀԷՑ հսկիչները: Միևնույն է պետական բյուջեով այդ գումարները հատուցվելու են:

Հարց չորրորդ – Այսքանից հետո ինչո՞ւ են ՋՕ ընկերությունների կողմից հավելագրումներ կատարվում:

Պատասխան – Հավելագրումների միջոցով ՋՕ ընկերությունները բալանսավորում են կորուստները: Ենթադրենք այսքանից հետո կորուստները, ասենք 50 տոկոսը գերազանցում է, սկսում են գյուղացիական տնտեսությունների վրա առանց հիմքերի ջուր գրել և հավելագրման պատմությունն ավարտվում է: /Սահականուշի հավելագրման կտրոնը - ֆոտո/ Ընկերությունն ընդամենը մի նամակ է ուղարկում սպառողին՝ տեղեկացնելով, որ ոռոգման ջրի եռանիշ թվով պարտք ունի: Այսպիսի նամակներ ստանում են նաև բարեխիղճ վճարողները:

Էջմիածին ՋՕԸ
Արմավիր ՋՋՕԸ
Շենիկ ՋՕԸ
Ոռոգման ջրի սակագները ժամանակին հայտարարած 8,9 դրամ ինքնարժեքից արդեն գերազանցել է 2,1 դրամով, սակայն ոռոգման ծառայություն մատուցող ընկերություններն ամեն տարի գարնանը միլիարդավոր դրամի օգնություն են ստանում, մասնավորապես՝ 2009-2018 թվականը ստացել են 48,6 միլիարդի օգնություն, ևս 3,6 միլիարդ 2019 թվականին կստանան:
Այս ընկերություններն ամեն տարի աղաղակում են, որ իրենց կողմից մատակարարված ջրի վարձավճարները չեն կարողանում հավաքագրել և միայն Արմավիրի մարզում կուտակվել է 10 միլիարդ դրամից ավելի պարտք:
Բնագավառի ամենահետաքրքրական և աբսուրդի հասնող ծախսերը վերջին 10 տարում նախատեսվում են «Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ» հոդվածով: Նախկինում պահպանումը և շահագործումը առանձին էր՝ տարեկան 225-330 միլիոն դրամ հատկացումով, իսկ առանձին ուսումնասիրությանը հատկացվում էր 95 միլիոն դրամ: Այս նպատակով առանձին և միասին պետական բյուջեից վերջին 10 տարիներին և ներառյալ այս տարի հատկացվել է 3,6 միլիարդ դրամ: Ընթերցողին հասկանալի լինելու համար ասենք, որ դրենաժների միջոցով հողերի աղակալումը կանխելու նպատակով իջեցվում է գրունտային ջրերի մակարդակը: Այսօր Արարատյան դաշտի գրունտային ջրերի մակարդակն աղետալի չափերի նվազել է, ցամաքել է Սևջուր գետը, անգործության են մատնվել երբեմնի գործող դրենաժները: Սակայն, քանի որ պետական բյուջեի ստանդարտ ձևի մեջ այդ տողը եղել է ու կա, գրիչի մի հարվածով այդ ուղղությամբ 2019 թվականին հատկացվել է 336,5 միլիոն դրամ, ավելին՝ այս տարի արդեն ծախսվել է 33,6 միլիոն դրամ:
Արարատյան դաշտավայրի անմշակ հողատարածքների ծավալների մոնոտոն աճը կշարունակվի նաև այս տարի,- ասում է Արմեն Հարությունյանը: Օրինակը երկու հարևաններն են, ովքեր իրենց 4,5 հեկտար հողատարածքը թողել ու երկիրը լքել են: Նրա խոսքով տրամաբանական է, որ ոչ եկամտաբեր և մեծ ռիսկայնություն պարունակող բնագավառից հրաժարվողների թիվը գնալով կավելանա, սակայն անտրամաբանական է, որ այդ ֆոնին տարեցտարի ոռոգման ջրի դեֆիցիտն ավելանում է:



This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website