Արագաճ ծառերը նախ պետք է հարմարվեն Հայաստանի պայմաններին
Բամբակաշատցի Հրաչյա Հարությունյանը 2016 թվականին Իտալիայից ներկրված ծիրանենու տնկիներով մեկ հեկտար հողատարածքի վրա հիմնեց ծիրանի այգի։ Այգեգործության բնագավառի գիտակը, հաշվի առնելով շատերի ձախողված փորձը, իտալական ծիրանի արմատակալի վրա պատվաստեց հայկական ծիրանի տեսակներ և 2019 թվականին 5 տոննա բերք ստացավ։ Հրաչյայի մեկնաբանությամբ, հաջորդ տարի 4 տարեկան այգուց 20 տոննա բերք է ակնկալում։ Համային առումով ստացված ծիրանը զիչում է մեր ավանդականին, սակայն ապրանքային տեսքով ու ամրությամբ, ինչը կարևոր է ճանապարհ տանելու համար, ավանդականին գերազանցում է։
Արագաճ ինտենսիվ այգիների ներդրումը ներգրավված է պետական աջակցության ծրագրում
Հայաստանում արտադրված գյուղմթերքն արտաքին շուկայում մրցունակ դարձնելու համար խիստ անհրաժեշտ է բարձրացնել արտադրանքի բերքատվությունը, որն իր հետ կբերի ինքնարժեքի նվազման: Սա պարզ տնտեսագիտական աքսիոմա է, որով մտահոգված են ոչ միայն գյուղացիական տնտեսությունները, այլ նաև իշխանությունները: Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը 2019թ. ծրագրով առաջնահերթությունների ցանկում է ներառել արագաճ ինտենսիվ այգիների ներդրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է մշակել, ըստ որի գյուղացիական տնտեսություններին տրամադրում է 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով մինչև 10 տոկոսը սուբսիդավորվող վարկեր: Ծրագրով նախատեսվում է խաղողի ինտենսիվ այգիների մեկ հեկտարի համար տրամադրել 8,3 միլիոն դրամ, իսկ ինտենսիվ պտղատու այգիների համար՝ 15,4 միլիոն դրամ:
Կառավարության ծրագիրը թեորեապես կարելի էր համարել փայլուն հնարավորություն գյուղացիական տնտեսությունների համար, եթե չլինեին մի քանի էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Ոչ կառավարությունը, ոչ էլ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին չի հուշում վարկը վերցնելուց հետո որտեղից ձեռք բերել տնկիները:

Սա մեծ խնդիր է, որի հետ առճակատվել և մեծ կորուստներ են կրել գյուղացիական տնտեսությունները:
Արմավիրի մարզի Ծիածան համայնքում 22 հեկտար հողատարածքում հիմնվել է ընկույզի ինտենսիվ այգի: Այգու հիմնման օրից 7 տարի է անցել: Ըստ արտերկրից ներմուծած տնկիների տեխնիկական պայմանների, չորրորդ-հինգերորդ տարում տնտեսությունը պետք է բերք հավաքեր, սակայն այսօր ընկուզենիներին նայելով կարելի է կարծել, որ ծառերը մեկ տարեկան չկան: Խնդիրը կայանում է նրանում, որ տնկիները չեն հարմարվել հողին և տեղի բնակլիմայական պայմաններին:
Ինտենսիվ այգիների ներդրումը մասնագետների մեկնաբանությամբ
«Դավթյան ֆարմս» ընկերության նախագահ Սամվել Դավթյանը, ով Գորիսում զբաղվում է արագաճ ինտենսիվ այգիների տնկիների պատրաստմամբ, մեզ բացատրեց և թվարկեց այն սխալները, որոնք թույլ են տալիս գյուղացիական տնտեսությունները:
Գյուղատնտեսի մեկնաբանությամբ, ինտենսիվ այգիներ հիմնելու առաջին պայմանը գերազանց իմացությունն է: Նախ պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, հողի կառուցվածքը, բույսի պահանջները և դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ:
Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փորձարկումներ են իրականացրել ցածրաճ այգիները Հայաստանի պայմաններին հարմարեցնելու համար
- Եթե մենք ինչ-որ մշակաբույսի մշակություն ենք կատարում, նաև հողի անալիզ ենք կատարում, տեսնենք այդ հողը ինչովա հարուստ, ինչովա աղքատ, որպեսզի իմանանք, թե ինչով ենք պարարտացնում: Եթե խոսենք մեր պարարտացման մասին, մենք ամբողջությամբ օրգանական պարարտացում ենք կատարում, այսինքն՝ կենսահումուսով և հնեցված պարարտանյութերով: Իսկ ինչ վերաբերում է բուժանյութերին, մենք կատարում ենք մեկ սրսկում, որն օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրված է: Դա պղնձի պրեպարատն է, սրսկում ենք վաղ գարնանը, իսկ վնասատուների դեմ մեխանիկական պայքար ենք տանում արդեն:

Միջազգային պրակտիկայում յուրաքանչյուր նոր կուլտուրա երկիր ներմուծելիս նախ պետք է հասկանալ տվյալ կուլտուրան կարող է հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին: Եթե նույնիսկ ցուցանիշներն առաջին հայացքից դրական միտումներ ունեն, մի քանի տարի կպահանջվի բույսին լիարժեք ուսումնասիրելու և գնահատական տալու համար: Բացի այս ամենը, շատ կարևոր է, թե բույսը նոր պայմաններում որքանով կպահպանի իր տեխնիկական ցուցանիշները և ինչպես իրեն կդրսևորի հիվանդությունների նկատմամբ: Շատ են լինում դեպքեր, երբ կուլտուրան ընդհանրապես չի հարմարվում տեղի միջավայրին և մեռնում է:

Սամվել Դավթյան
"Դավթյան Ֆարմս" ընկերության նախագահ

Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
- Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանը անթուլատրելի է համարում Արարատյան դաշտում ինտենսիվ այգիների ներդրումը։ Ալեքսանյանի մեկնաբանությամբ, մենք կորցնում ենք հողը, ինտենսիվ այգիներն այնքան շատ են վերցնում հողի համար կարևոր նյութերը, որ այնտեղ գրեթե կենսազանգված չի գոյանում։

Ալեքսանյանի կարծիքով, ավանդականը շատ ավելի ճիշտ է Արարատյան դաշտի համար, քան ինտենսիվ այգիները: Դրանք դեռ որևէ արդարացում չունեն մեր տարածքում, համենայն դեպս մենք իրական գնահատական տալ դեռ անկարող ենք։ Գուցե մեգապոլիսների հարևանությամբ ինտենսիվ այգիներն անհրաժեշտություն են, որտեղ ամբողջ մշակակարգը վերից վար ուսումնասիրված է, ստեղծված է հոսքագիծ, որի մեջ մտնում են բույսերը և արդյունք են ստանում, դա նորմալ է, բայց մեր տարածքի համար, որտեղ կիսաանապատային պամաններ են և կա հողի պահպանություն օրակարգային խնդիր, ինտենսիվ այգիներին սիրահարվելը անմտություն է։ Հողերը գնում են կմախքացման, անապատացման, մի քանի տարի անց բոլորը դա կզգան։


Հենրիկ Ալեքսանյան , - "Մի օր հողը ասելու է մի կպի ինձ, ցավումա, հիվանդ եմ, ի վիճակի չեմ։ Վերևում ինտենսիվ այգիների մշակությանն անցնելու մասին են խոսում, կաթիլային եղանակով ոռոգման մասին են խոսում, ախր ի՞նչ եք խոսում, այ ձեր ցավը տանեմ, հողը ոտքներիդ տակ հալ ու մաշա լինում։ Հողը վերանում կմախք է դառնում, ավազն է մնում, գնձիկային, բույս պահող, մարդ պահող, երկիր պահող հողը կորչում է ավելի արագ, քան կարելի էր ենթադրել։ Հողի փրկության մասին ոչ ոք չի խոսում"։
Ինչի՞ վրա ինտենսիվ այգի, ավազուտի՞

Ինտենսիվ այգիներ հիմնելու համար պետք է ոտքից գլուխ հողը անալիզի ենթարկվի, պարզվի քանի գրամ ազոտի, քանի գրամ ֆոսֆորի, կալիումի, մագնեզումի, ցինկի կարիք ունի, երբ և որքան է օդի հարաբերական խոնավությունը, ճառագայթումը, որպեսզի ցանկալի բերք ապահովվի։ Իսկ մենք, վայրենի կերպով, առանց հասկանալու, ասում ենք ցանենք, ազոտը տանք, թող բույսի հետ ինչ ուզումա լինի։

Տեսեք, մի քիչ ավել բերք ենք ստանում, խնդիր ենք ունենում, չգիտենք որտեղ սպառենք։ Օրինակ՝ այս տարի գյուղացիները ձմերուկ ցանեցին, բերքը մնաց դաշտերում, չծախվեց, կամ ասենք 20-30 դրամով ծախվեց, տրակտոր, բուժանյութ, աշխատուժ, ծախսերը չարդարացրեց։ Հիմա գյուղացին նորից ձմերուկ կցանի՞։


Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Գյուղացու զգուշությունն արդարացված է
Այս երևույթները հաշվի առնելով, գյուղացիական տնտեսությունները վերապահումով են մոտենում ծրագրին: Արմավիրի մարզում 2018թ. ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվել էր մարզում հիմնել 410 հա ինտենսիվ այգի: Ըստ մարզպետարանի պաշտոնական հաշվետվության ծրագիրը չի իրականացվել:
Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանի խոսքով, Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել սուբսիդավորվող տոկոսադրույքներով 5 ծրագիր, որոնցից միայն պահանջարկ է ունեցել 5 տոկոսանոց գյուղատնտեսական վարկերի ծրագիրը, մնացած ծրագրերի մասով հայտեր չեն եղել։
Այվազյանն իր նոր հողակտորում հիմնելու է ավանդական մրգատու այգի։ Իր խոսքով, արտասահմանից ներկրվում են ինտենսիվ արագաճ ծառատեսակների արմատակալները, որոնք հետագայում պատվաստվում են։ Մեր բնակլիմայական պայմանների պատճառով բազմաթիվ են եղել դեպքեր, երբ 3-4 տարի անց ծառի պատվաստման հատվածը չորացել է՝ չորացնելով ծառը։

Ի՞նչ անել

Նախ Հայաստանը չպետք է հրաժարվի ավանդական մշակաբույսերից։ Հայկական ավանդական մրգերը միայն իրենց համային և որակական ցուցանիշներով կարող են մրցակցել արտաքին շուկաներում։

Իսկ եթե ինտենսիվ արագաճ այգիների անցումը այլընտրանք չունի, իշխանությունները նախ պետք է խրախուսեն խաղողի վազերի և պտղատու ծառատեսակների տնկարաններ ստեղծելու ծրագրերը կյանքի կոչելուն, որտեղ փորձարկումների միջոցով կընտրվեն և կարտադրվեն Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարվող ինտենսիվ արագաճ ծառատեսակներ և խաղողի վազեր: Այս ամենն իրականություն դառնալուց հետո միայն հնարավոր կլինի խոսել և խրախուսել ինտենսիվ արագաճ այգիներ հիմնելու ծրագրերը,- ասում է «Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիրն ու իր օրինակով կիսվում ֆերմերների հետ:

Սամվել Դավթյան
"Դավթյան Ֆարմս" ընկերության նախագահ
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website