Կաթիլային ոռոգում
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության 2019 թվականի ծրագրով առաջնահերթություն է տրվում կաթիլային և անձրևային ոռոգման համակարգերի ներդրմանը: Ծրագիրը նորություն չէ և այն մեկնարկել է, երբ Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը ձկնարդյունաբերության պատճառով կտրուկ նվազեց և սկսվեց ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Ներկայիս և նախորդ կառավարությունները, փորձելով լուծել ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը, ներմուծեցին կաթիլային և անձրևային համակարգերի ներդրման ծրագիրը: Ծրագրի հիմքում դրված է վարկերի տոկոսադրույքի մինչև 10 տոկոսի սուբսիդավորումը: 2018 թվականին Արմավիրի մարզում նախատեսված էր 350 հեկտար տարածքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր և այդ նպատակով 25 միլիոն դրամ հատկացնել վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար, սակայն ծրագիրը չի իրականացվել: Սա նշանակում է կաթիլային ոռոգման համակարգերի ներդնումը գրավիչ չէ գյուղացիական տնտեսությունների համար:



Օրինակ, լուկաշինցի Արմեն Ավետիսյանը 5 տարի առաջ երկու հեկտար հողատարածքում հիմնեց դեղձի, ծիրանի, ընկույզի ու նռան այգի: Այգում խորքային հոր հորատեց, ջուրը կուտակելու համար փոքրիկ ջրամբար կառուցեց և կաթիլային եղանակով ոռոգման ցանց անցկացրեց: Երեք տարի անց նկատեց, որ ծառերը չեն աճում, մտածեց պատճառը եղանակային պայմաններն են: Ծիրանի և դեղձի ծառերը չորացան: Չնայած կատարած ներդրումներին, Արմենը որոշեց մակերեսային ոռոգում իրականացնել: Արդյունքում ծառերը 25-40 սմ աճ արձանագրեցին։ Նման օրինակները բազմաթիվ են։
Կառավարության հիմնավորումները
և օժանդակության մեխանիզմները
Կառավարության 2019թ. մարտի 7-ի N 212-Լ որոշմամբ հաստատվել է Ոռոգման արդիական համակարգի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը։ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը կաթիլային ոռոգման համակարգերի անցումը հիմնավորում է՝ նշելով մի շարք առավելություններ
ոռոգման ջրի խնայողություն
բերքատվության ավելացում
երաշխավորված ոռոգում
ծախսերի նվազեցում
Գյուղատնտեսության նախարարությունը մեջբերում է նաև այլ երկրների փորձը, որոնք դրական ցուցանիշներ են արձանագրել՝ անցնելով կաթիլային ոռոգման համակարգերի: Օրինակ՝ Հնդկաստանում, Հորդանանում, Մարոկկոյում, Եգիպտոսում և Թունիսում բերքատվությունն աճել է 10-30 տոկոսով և ջրի խնայողությունը կազմել է 20-55 տոկոս:
Ինչ է առաջարկվում գյուղացիական տնտեսություններին
Կառավարությունը նախատեսում է գյուղացիական տնտեսությունները օժանդակության ծրագրով սուբսիդավորել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նպատակով վերցրած վարկերի տոկոսադրույքի մինչև 12 տոկոսը։

Ծրագրում ներկայացված են տարածված մշակաբույսերի հողատարածքներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու ծախսերը և կապալառու կազմակերպությունների ցանկը։
Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծախսերը 1 հեկտարի հաշվարկով
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ Քյարամը, ով ձմերուկ է աճեցնում իր վարձակալած 2 հեկտար հողատարածքի վրա, կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար ծախսել է 580 հազար դրամ: Նա նույնիսկ մանրամասնում է, որ 50 հազար դրամով գնել է 250 մետր 50 մմ ռետինե խողովակ, 350 հազար դրամով 7 կմ ռետինե բարակ խողովակ, 110 հազար դրամ ցանցը տեղադրելու համար և 70 հազար մնացած կցորդիչների համար: Ըստ Քյարամի, մեկ հեկտար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը 300 հազար դրամ:

Մի կողմ թողնելով կառավարության գայթակղիչ ու անիրատեսական հաշվարկները, հաշվի չառնենք ցրտահարության և կարկտահարության վտանգները, անտեսենք նաև իրացման խնդիրներն ու տեսնենք մասնագիտական առումով որքանո՞վ է իրատեսական Հայաստանի տարածքում, հատկապես Արարատյան դաշտում, կաթիլային ոռոգման մասին խոսելը։


Հեքիաթ կաթիլային ոռոգման մասին

Այսօր Հայաստանում հասցեատեր չկա, որին կարելի է կաթիլային ոռոգման գայթակղիչ հեքիաթից հարցեր տալ։ Միջազգային պրակտիկայում կաթիլային ոռոգումը ծայրահեղ միջոց է՝ կապված ոռոգման ջրի դեֆիցիտի և տեղանքի ռելիեֆի հետ: Բնական է, ոռոգման այս եղանակի պայմաններում տնտեսվում է ոռոգման ջուրը և այն վայրերում, որտեղ տեղանքի թեքությունների հետ կապված հնարավոր չէ իրականացնել մակերեսային ոռոգում, կաթիլային համակարգն այլընտրանք չունի:

Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Չնայած Ալեքսանյանի ասածները համոզիչ են, այնուամենայնիվ փորձենք ինքներս ուսումնասիրենք այն երկրների բնակլիմայական պայմանները, որտեղ կաթիլային ոռոգումն անհավանական արդյունքներ է արձանագրել և գաղափարի հեղինակներն այդ երկրների փորձով ցանկանում են գյուղատնտեսության բնագավառում հեղափոխական արդյունքներ արձանագրել։ 2019թ. օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում օդի հարաբերական խոնավությունը, ըստ https://geocenter.info/monitoring/wind -ի, այդ երկրներում և Հայաստանում եղել է՝

- Հնդկաստանում - մինչև 94 %

- Հորդանանում - 72 %

- Մարոկկոյում - 98 %

- Եգիպտոսում - 82 %

- Թունիսում - 93 %

- Իզրաելում - 76 %

- Հայաստանում - մինչև 10 %

Մենք փորձեցինք օդի ցածր հարաբերական խոնավություն ունեցող ևս մեկ երկիր գտնել, որտեղ ներդրված են կամ փորձեր են կատարվում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր, սակայն ապարդյուն անցավ։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ աշխարհում Հայաստանը մինչև 10 տոկոս հարաբերական խոնավությամբ միակ երկիրն է, որտեղ արկածախնդիր չինովնիկները, պետական միջոցներ վատնելով, փորձում են անցնել ոռոգման կաթիլային եղանակի։

Այսքանով չինովնիկների արկածները դեռ չեն ավարտվում։ Նրանց մեկնաբանությամբ, ավելանում է բերքատվությունը։ Վերջապես մշակաբույսի բերքատվությունն ավելանում է ինչ-որ բանի հաշվին: Թե ինչո՞ւ պետք է կաթիլային ոռոգման պայմաններում բերքատվությունը ավելանա, ոչ ոք չի ներկայացնում: Մի առիթով Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այս կապակցությամբ, որպես հիմնավորում, ասաց, որ կաթիլային ոռոգման ժամանակ բույսը սթրեսի չի ենթարկվում և դա բարձրացնում է բերքատվությունը:

Այս փաստարկը հեռու է մասնագիտական հիմնավորում լինելուց: Ըստ գյուղացական տնտեսությունների, կաթիլային ոռոգումը մակերևույթային ոռոգումից ոչ մի չափանիշով առավելություն չունի և չի կարող բերքատվություն ավելացնել։

Մակերեսային ոռոգման դեպքում բույսը կենդանի ջուր է ստանում, իսկ կաթիլային համակարգի պարագայում ջուրը առնվազն 2 անգամ անցնելով պոմպերի միջով մահանում է, ինչը նշանակում է բույսին տրվում է ջրային մասսա, որը բացասական ազդեցություն է ունենում բերքատվության վրա:

Այս կապակցությամբ կաթիլային ոռոգման ջատագովները մի աղյուսակ են նկարել, որտեղ թվային տվյալները, մեղմ ասած, վերցվել են օդից։
Այս ցանկությունների աղյուսակն իրականության հետ ոչ մի կապ չունի։ Գյուղացիական տնտեսությունները աղյուսակի հատկապես բերքատվության բաժնին հումորով են մոտենում։ Արարատյան դաշտի սնանկացած հողատարածքներում նման ցուցանիշներն այլևս հիշողություն են։
Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանը չի կարող գնահատական տալ կաթիլային ոռոգման հաջողությանը։ Նրա կարծիքով, մակերեսային ոռոգումը մշակությամբ զբաղվելու համար մնում է ամենաարդյունավետը։ Այվազյանն անձամբ կաթիլային եղանակով հողատարածքը ոռոգելու մտադրություն չունի։ Նրա խաղողի և պտղատու այգիները ոռոգվում են մայր ջրատարի ջրով, ասում է Արաքսից հոսող ջուրը կենսական անհրաժեշտություն է բույսի կամ ծառի համար։ Չնայած Այվազյանը չի հերքում, այն տարածքները, որտեղ իսկապես ոռոգման ջրի մեծ խնդիր կա, անապատացումից խուսափելու կամ բերքը փրկելու, ինչպես նաև ջուրը խնայելու տարբերակը մնում է կաթիլային ոռոգումը։ Այդ պատճառով, օրինակ, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի հազարավոր հեկտարներ, որտեղ ոռոգումն իրականացնելը գրեթե անհնար էր դարձել, սեփականատերերը ջրամբարներ են կառուցել և կաթիլային ոռոգման համակարգ անցկացրել։
Կաթիլային ոռոգման ամենաանհավանական առավելությունը դա երաշխավորված ոռոգումն է: Սա ենթադրում է՝ գյուղացին երբ ցանկանա, ոռոգում կիրականացնի: Ո՞վ է երաշխավորը և ինչպե՞ս է երաշխավորելու: Կարելի է ենթադրել, որ արդեն մոնտաժվել է հազարավոր կիլոմետրի հասնող ճնշումային խողովակաշար և գյուղացին, իր կաթիլային ոռոգման համակարգը հողամասի սկզբնամասից միանալով՝ ճնշումային ոռոգման ջուր է ստանալու: Ե՞րբ կունենանք նման համակարգ, եթե չկա, գյուղացին որտեղի՞ց է ոռոգման ջուր վերցնելու: Գյուղատնտեսության նախարարության կայքն ուշադիր ուսումնասիրելիս հասկանալի է դառնում, որ գյուղացին պետք է սեփական ուժերով լուծի մինչև մայր ջրատար խողովակաշար անցկացնելու հարցը: Նույնիսկ եթե գյուղացին է այդ խնդիրը լուծելու, ապա ինչպե՞ս է լուծվելու խողովակաշար անցկացնելու ճանապարհի հարցը, ո՞վ թույլ կտա իր հողամասն օգտագործել տարանցիկ խողովակաշար անցկացնելու համար: Համենայն դեպս, այս խնդիրի լուծման տարբերակներ չկան:

Կաթիլային ոռոգման անցնելու քարոզարշավները և սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերը գյուղացիական տնտեսություններին չեն ոգևորում։ Գյուղացին շատ լավ հասկանում է ոռոգման այս եղանակի ռիսկերը, և դա է պատճառը, որ չի տրվում գայթակղությանը։
Որտե՞ղ կարելի է իրականացնել կաթիլային ոռոգումը
Այժմ տեսնենք, թե կաթիլային ոռոգման անցնելիս ի՞նչ հարց կարող ենք լուծել: Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների բաշխվածությունը ըստ մշակաբույսերի այսպիսին է՝
Այս վարելահողերում անհնար է իրականացնել կաթիլային ոռոգում: Օրինակ, Արմավիրի մարզի շատ համայնքներում նույն հողակտորի վրա մեկ տարվա ընթացքում 2-3 կուլտուրա է մշակվում և ամեն անգամ հողը վարվում է: Կաթիլային ոռոգման պայմաններում անհրաժեշտ կլինի 2-3 անգամ համակարգը հավաքել և մոնտաժել: Խոտհարք, արոտ և այլ հողերում նպատակ չկա նման համակարգ անցկացնել: Մնում է բազմամյա տնկարկներում իրականացնել կաթիլային ոռոգում, որն ընդհանուր գյուղնշանակության հողերի ընդամենը 2 տոկոսն է կազմում: Այս 2 տոկոսի մեջ են մտնում ավանդական կորիզավոր բազմամյա տնկարկները և խաղողի այգիները: Եթե հրաշք կատարվի և այս հողատարածքների 20 տոկոսը անցում կատարի կաթիլային ոռոգման, կունենանք մոտ 6 հազար հեկտար, որն ընդհանուր հողատարածքների կես տոկոսն էլ չի կազմի և այս կես տոկոսով փորձում ենք լուծել ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը։
Որն է ելքը
Նախ պետք է հիշել, որ Հայաստանը ոռոգման ջրի պակաս չի ունեցել և այսօրվա դեֆիցիտը կապված է արտեզյան ավազանի մակարդակի անկման հետ: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել և հույս դնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման վրա: Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման պարագայում 5-6 տարում կվերականգնվի արտեզյան ավազանը և օրակարգից դուրս կգա ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website