ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
Գյուղատնտեսությունը անկախության առաջին օրից անկում է ապրում և մինչ օրս չկա իրատեսական դեղատոմս բնագավառն առողջացնելու և ոտքի կանգնեցնելու համար: Ոռոգման խնդիրները տարեցտարի ավելի են խորանում, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակն օր-օրի վատանում ու թանկանում է, մթերման խնդիրները կան ու մնում են, բնական աղետներն ամեն տարի անպակաս են, անմշակ հողատարածքների ծավալները գնալով ավելանում են, գյուղացու սոցիալական խնդիրները՝ գնալով ավելի խորանում:

Քսան տարուց ավելի գյուղատնտեսությունը եղել է իշխանությունների ամենանպաստավոր բնագավառը, որտեղ կյանքի են կոչվել տասնյակ կոռուպցիոն ծրագրեր, իսկ երբ ամբողջ աշխարհը տնտեսության անկում էր գրանցում, մեզ մոտ գյուղատնտեսության հաշվին հակառակ երևույթն էր արձանագրվում:

Նոր իրավիճակից գյուղացիական տնտեսություններն ակնկալում էին, որ, ի թիվս այլ բնագավառների, գյուղատնտեսության մեջ էլ կնկատվեն դրական տեղաշարժեր, սակայն, աչքի անցկացնելով նոր կառավարության ոլորտի զարգացման ռազմավարությունը, հասկանում ես, որ ծրագիրը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից, միայն այն տարբերությամբ, որ նախկինում կար պատասխանատվություն կրող մարմին, հանձինս՝ Գյուղատնտեսության նախարարության, այսօր այդ հասցեատերն էլ չկա։

Ուսումնասիրենք ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի առավել ուշագրավ դրույթները, որոնց իրականացման համար գյուղացիական տնտեսությունները կարող են օգտվել ցածր տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկային միջոցներից:
Ի՞նչ անել
Բնագավառի մասնագետների խոսքով, ժամանակը ցույց տվեց, որ գյուղացիական տնտեսությունները ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում այս ծրագրերի նկատմամբ։ Շատ գյուղացիական տնտեսություններ փորձեր կատարեցին ու մեծ ֆինանսական կորուստներով վերադարձան ավանդականին։

Հայաստանի գյուղատնտեսությունը, բժիշկների լեզվով ասած, հայտնվել է կայուն ծանր վիճակում և անիրատեսական փորձարկումների ժամանակ չի տալիս։ Օրվա հրամայականն է տարիների ընթացքում կորցրածը աստիճանաբար, առանց ցնցումների վերականգնել, իսկ դրա համար անհրաժեշտ է՝

1. վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը,

2. մշակել գյուղատնտեության զարգացման նոր, իրատեսական հայեցակարգ,

3. վերականգնել Արարատյան արտեզյան ավազանը՝ նույնիսկ ձկնարդյունաբերության զոհաբերման գնով. աշխարում չկա մի սակավաջուր երկիր, որտեղ ձուկ արտադրեն,

4. հրաժարվել կաթիլային ոռոգման գաղափարից. աշխարում չկա երկիր, որտեղ օդի ցածր հարաբերական խոնավության պայմաններում խոսեն կաթիլային ոռոգման մասին,

5. վերականգնել հողը, ինչից ամենաթանկ բան դեռ մարդկությունը չի հորինել,

6. վերադառնալ ավանդական մշակաբույսերին, որը երաշխիքներ կստեղծի արտաքին շուկայում մրցունակ լինելու համար,

7. ֆինանսական տեսանկյունից խզել պետություն-գյուղացի հարաբերությունները՝ փոխարինելով պետություն-վերամշակող և վերամշակող-գյուղացի հարաբերություններով,

8. ներդնել արդիական հակակարկտային կայաններ,

9. պետության մասնակի մասնակցությամբ ներդնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգ։

Սրանք խնդիրներ են, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն, և եթե չենք ուզում գյուղատնտեսությունն ու գյուղը կորցնենք, պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք բնագավառի նկատմամբ, - վստահ է Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանը։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website