Դատապարտյալի ուղղվելու փիլիսոփայությունը իրականության մեջ զրոյանում է
Վերջին տարիների բոլոր համաներումներից հետո մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է հանցագործությունների թվի աճի մասին: Առանց հոգեբանական պատրաստվածության, առանց լուրջ աշխատանքներ կատարելու դատապարտյալը անազատությունից հայտնվում է ազատության մեջ և որոշ ժամանակ անց կրկին վերադառնում փշալարերի հակառակ կողմում: Այս գործընթացը երբեմն հեռու է լինում տրամաաբանությունից, քանի որ հիմքում չկա վերլուծություն, ուսումնասիրություն, կարիքների գնահատում: Ընդամենը մեխանիկական գործընթաց է, որը մեկ գրչի հարվածով սահուն վերածվում է քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու գործընթացի:
Հարցնում եմ Արթիկ Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին՝

- Ի՞նչ մասնագիտություն ունես։ Պատասխանում է՝ «Կալանավոր»։

23-ամյա տղայի պատասխանը կարճ է, սակայն այս մեկ բառը բազմաթիվ հարցադրումների տեղիք է տալիս, քանզի այս «մասնագիտությունը» բնորոշ է բազմաթիվ պատիժը կրող կամ արդեն կրած անձանց համար։ Ստացվում է, որ կալանավոր լինելը ոչ թե կարգավիճակ է այդ անձանց համար, այլ՝ մասնագիտություն։



Կալանավորի կարգավիճակի մեկնարկը տալիս է դատարանը հրապարակելով մեղադրյալի նկատմամբ դատավճռի տեքստը, որը սկսվում է «Հանուն Հայաստանի Հանրապետության» և ավարտվում «նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում»։
Խորհրդային տարիներին էլ նման դատավճիռներ էին կայացվում, սակայն դատավճռի վերջին նախադասությունն այլ ձևակերպում ուներ և օգտագործվում էր «պատիժը կրելու է ուղղիչ աշխատանքային գաղութում» եզրույթը, ինչը ենթադրում էր, որ կալանավորին տրվելու է աշխատելու և ուղղվելու հնարավորություն։ Անկախ Հայաստանում կալանավորը կամ դատապարտյալը մեկուսացվում է և նրան տրվում է միայն կալանավորի կամ դատապարտյալի մասնագիտությունը յուրացնելու հնարավորություն, հատկապես երբ անձը կալանավայրում է հայտնվել դպրոցական աթոռից, ինչպես զրուցակցիս դեպքում էր։
Ի՞նչ է կատարվում փշալարից ներս
Պատկերացնելու համար այցելեցինք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, որը տարբերվում է Հայաստանի մյուս կալանավայրերից նրանով, որ գործում են պատիժը կրելու բոլոր ռեժիմները՝փակ, կիսափակ, կիսաբաց և բաց, ինչպես նաև կալանավայրը։ Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում բավականին դրական փոփոխություններ են կատարվել՝ պատիժը կրելու պայմաններից մինչև դատապարտյալի իրավունքներ և տեսակցություններ։ Դատապարտյալների համար պայմաններ են ստեղծվել զբաղվելու ընթերցանությամբ, սպորտով, հեռուստացույցով հետևելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Սակայն, կան երևույթներ, որոնք կարծրացած են, վեր են իրավունքից, և ընդունելի են ինչպես դատապարտյալների, այնպես էլ՝ վարչակազմի կողմից։

ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ՓՈԽՎՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցերի գերակշիռ մասը վերանորոգվել ու կահավորվել է հենց դատապարտյալների կողմից, և խցերից կարելի է գուշակել խցում ապրող անձանց սոցիալական կարգավիճակի մասին։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ամենամեծ դժգոհությունը օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատման հնարավորության բացակայությունն է, կամ՝ ընտրովի կիրառումը։ Նրանց խոսքով, տարիներ շարունակ առանց խախտումների պատիժը կրելուց, նույնիսկ խրախուսանքների արժանանալուց հետո, վաղակետ ազատման դիմումները մերժվում են՝ պատճառաբանելով, որ վատ բնութագիր ունեն։ Նշենք, որ այս խնդիրը համատարած բնույթ է կրում և նման դժգոհություններ ունեն գրեթե բոլոր դատապարտյալները:
Սեյրան Հարությունյանը շուտով կդառնա 61 տարեկան, դատապարտվել է 6 անգամ: Կյանքի 18 տարիներն անցկացրել է անազատության մեջ: Ունի 5 երեխա, այդ թվում՝ անչափահաս, և 3 թոռ։ Սեյրանի խոսքով, վերջին անգամ դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով, 2 տուփ թեյ և մեկ օգտագործված սավան գողանալու համար։ Պատիժը կրելուն մնացել է մեկ տարի 2 ամիս։ Նրա դժգոհությունը կայանում է նրանում, որ օրինակելի վարքագծի համար փակ ռեժիմից տեղափոխել են պատիժը կրելու կիսաբաց ռեժիմ, սակայն նախկին 6 անգամ դատված լինելու պատճառով իր վրա չի տարածվել համաներումը և անհնարին է դարձել վաղաժամկետ ազատվելը։
Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող գյումրեցի Գևորգը 2011 թվականին շտապօգնության բժշկին սպանելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նրա խոսքով, իրեն դատապարտել են կանխամտածված սպանության համար, ինչն ըստ նրա՝ արդարացի չէ։ Բազմաթիվ անգամ հացադուլ է հայտարարել, 4 անգամ ինքնավնասում կատարել, սակայն, իր խոսքերով՝ չի կարողացել հասնել արդարության։ Գևորգն արդեն 36 տարեկան է: Ազատվելուց հետո շատ ծրագրեր ունի, դրանցից առաջնայինը ընտանիք կազմելն է։ Գևորգը դեռ 6 տարի 6 ամիս պետք է պատիժը կրի, սակայն կփորձի օգտվել վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Մեզ հետ զրույցում անընդհատ շեշտում էր, որ փորձել է կյանքին վերջ տալ, սակայն իրեն փրկել են: Նրա որովայնի սպիերը «ահազանգում» են, որ Գևորգը գտնվում է հոգեբանական բարդ իրավիճակում: Նա կարիք ունի անհատական հոգեբանական թերապիայի, որպեսզի վերջնականապես ազատվի վատ մտքերից:
«Արթիկ» ՔԿՀ-ում վատ մտքերը ցրելու համար բարենպաստ պայմաններ չկան: Ապահովված չէ դատապարտյալների ազատությունը: Նրանք պարզապես օր են «սպանում» փշալարերով պատված պարիսպների դեպքում: Այս երևույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում համատարած բնույթ կրում: Իսկ մասնագետները փաստում են, որ զբաղվածության բացակայությունը հղի է լուրջ վտանգներով: Քրեակատարողական հիմնարկներն ինքնուրույն չեն կարող լուծել այս հարցը, զգացվում է կառավարության միջամտության կարիքը:
Համաներում
2018 թվականին «Էրեբունի-Երևան» հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի ուժով համաներման շահառուներ դարձան 2257 քաղաքացի: 2882 կալանավորված և դատապարտված անձանցից 590-ը ազատ արձակվեց, 799-ի գործերի վերաբերյալ դատարանները որոշում կայացրեցին, 439-ի նկատմամբ դատախազությունները համաներում կիրառեցին և 429 դատապարտյալների պատժի չափը կրճատվեց:
Ի պատասխան մեր 19.06.2019թ-ի հարցմանը, ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ 2019թ. հունիսի 20-ի դրությամբ, շուրջ 630 համաներմամբ ազատ արձակված անձանցից 86-ի կամ շուրջ 14%-ի կողմից կրկին կատարվել են 175 հանցագործություններ։
Համաներմամբ ազատված անձանց կողմից կրկին կատարված հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են գողության (115 դեպք, որից 20-ը՝ բնակարանային), ծեծի և մարմնական վնասվածք պատճառելու (14), առանց իրացնելու նպատակի՝ թմրանյութ պահելու (10) դեպքերը։
Համաներմամբ ազատված կին դատապարտյալներից 3-ի կողմից կրկին կատարվել է հանցագործություն։
Այս տվյալների համատեքստում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ազատության բերկրանքը չհասցնելով վայելել, շատ դատապարտյալներ հետ են վերադառնում իրենց նախկին կացարան։
Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ կատարվող աշխատանքները
Բոլոր քրեակատարողական հիմնարկներում ՀՀ Արդարադատության նախարարի 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 279-Ն հրամանով ստեղծվել են Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնելու բաժիններ։
Բաժինների խնդիրն է կալանավորված անձանց և դատապարտյալների՝

- արտաքին աշխարհի հետ սոցիալապես օգտակար կապեր ու շփումներ ստեղծելը, պահպանելը և զարգացնելը,
- հոգեկան առողջությունը պահպանելը և ամրապնդելը,
- սոցիալական, հոգեբանական և իրավական պաշտպանվածությանը նպաստելը,
- աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, ստեղծագործական գործունեության զարգացմանը նպաստելը,
- հոգևոր պահանջմունքների բավարարմանը նպաստելը,
- օրինապահ վարքագծի դրսևորմանը, իրավագիտակցության բարձրացմանը նպաստելը,
- հսարակության համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը նպաստելը,
- դատապարտյալների սոցիալական վերականգնման և պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար պայմաններ ստեղծելը,
- դատապարտյալների հասարակություն վերաինտեգրվելուն նպաստելը:

«Արթիկ» ՔՀԿ սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Սարիբեկ Նահապետյանի մեկնաբանությամբ, ազատվածների հետ գալու պատճառները շատ են։ Նրա խոսքերով՝ որքան էլ աշխատանք տանեն դատապարտյալների հետ չվերադառնալու ուղղությամբ, իրենց աշխատանքը զրոյանում է անմիջապես քրեակատարողական հիմնարկի դարպասներից դուրս։ Իրենք չգիտեն՝ ազատվածի հարևանն ով է, հարազատն ով է, դուրս գալուց հետո ում հետ է շփվելու, արդյոք կհետևի իրենց ասածներին, թե իր համար հեղինակություն հանդիսացող մեկը կառաջարկի գնալ այսինչ բանն անելու։

«Նա մեծ հաճույքով կգնա, որովհետև մենք իր համար հեղինակություն չենք։ Ու այդկերպ հետ վերադառնալը չի նշանակում, որ մենք մեր աշխատանքում թերացել ենք»,- ասում է Ս. Նահապետյանը։
Հետ վերադառնալու հիմնական պատճառները
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասում է, որ ինչպես մեզանում, այնպես էլ քրեական աշխարհում սոցիալական արդարությունը խախտված է։ Հեղինակությունները հարստանում են, շարքայինները՝ աղքատանում։ Ի՞նչ պետք է անի կալանավայրից ազատ արձակված անձը, ով 5 կամ ավելի տարի անցկացրել է անազատության մեջ, իսկ ընտանիքն ունի սոցիալական խնդիրներ։
Փաստաբանի խոսքերով՝ դատապարտյալի համար աշխատանք գտնելը գրեթե անհնարին է։ Քրեական աշխարհը նախկինի պես իր համայնքի անդամին օգնության ձեռք չի մեկնում։ Ըստ Գրիգորյանի, նախկին ավանդույթները վերացել են, ազատ արձակված նախկին դատապարտյալը՝ մնալով միայնակ իր խնդիրների հետ, չկարողանալով նայել ընտանիքի անդամների աչքերին, դիմում է ծայրահեղ քայլի, սրանով գոնե լուծում է ընտանիքի համար բեռ չդառնալու խնդիրը։
Գրիգորյանի կարծիքով՝ ավանդույթները վերացել են։ Նախկինում քրեական աշխարհի հեղինակությունները, ունենալով կապեր իշխանությունների և իրավապահների հետ, կարողանում էին բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր լուծել համայնքի անդամների խնդիրները մեղմելու ուղղությամբ։ Այսօր հեղինակությունները համայնքի անդամից պահանջում են պահպանել ներքին կանոնները, մասնավորապես՝ գողություններից մասհանումների տեսքով, սակայն, երբ այդ գողության հետևանքով պատիժը կրած ու ազատված համայնքի անդամը նեղության մեջ է հայտնվում, ձեռք մեկնող չի հայտնվում:
Գուրգեն Գրիգորյան
Փաստաբան
Համաներումով ազատ արձակված, նախկին դատապարտյալ Ս.Պ-ն, մեր հարցին, թե արդյո՞ք կալանավայրում անցկացրած տարիներն իրեն չեն ուղղել և չեն ստիպել վերանայել իր գործողություններն արդեն ազատության մեջ, նրա մոտ քմծիծաղ առաջացրեց:
«Ենթադրենք ուղղվել և վերանայել եմ, հետո՞։ Իմ դեմ փակ են բոլոր դռները։ Այսօր դիպլոմավոր երիտասարդները չեն կարողանում աշխատանք ճարել, ես դատապարտված, հասակս առած, կարո՞ղ եմ աշխատանք ճարել։ Համաձայն եմ կատարել յուրաքանչյուր աշխատանք, շատ չէ, գոնե ծխախոտի ու հացի գումար վաստակեմ, տեսնեմ հետոն ինչ կլինի: Սակայն այդ հնարավորությունն էլ չունեմ։ Գաղութում օրերն էի հաշվում ժամկետս լրանալու պահով, դուրս եմ եկել ու ի՞նչ։ Գաղութում գոնե ծխախոտի ու հացի խնդիր չեմ ունեցել, մեկս մեկով ապրում էինք։ Այս ամենը բավական չէ, օր ու մեջ ոստիկաններ են հարցերով դիմում, մի հատ հանցագործություն, որ կատարվում է, ոստիկանների առաջին թիրախը նախկին դատապարտվածներն են։ Թե որքան կշարունակվի այս վիճակը, և թե որքանով կարող եմ դիմակայել, չգիտեմ»,-ասում է նախկին դատապարտյալը։
Կան դատապարտյալներ, ովքեր համարում են, որ իրենք ծնվել են գաղութում ապրելու համար, ազատության մեջ նույնիսկ մեկ ժամ չեն կարող ապրել։ Փաստաբան Կարեն Ղոնյանը օրինակ բերեց, որ դատապարտյալը համաներումով ազատ է արձակվել, դեռ տուն չհասած, ավազակային հարձակում է կատարել ու կրկի բռնվել:
Կարեն Ղոնյան
Փաստաբան
«Արթիկ» ՔՀԿ սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ, փոխգնդապետ Սարիբեկ Նահապետյանն ասում է. «Ուղղակի այստեղ կան մարդկանց կատեգորիաներ, որոնք պատասխանատվությունից խուսափում են։ Դրսում իրենք ընտանիքի հոգս, կենցաղային ծախսեր են հոգալու, իսկ այստեղ այդ խնդիրը չկա։ Այն մարդը, որը պատասխանատվության զգացում չունի, ձգտում է ամեն կերպ հետ գալ, որովհետև իրենից այստեղ ոչ մեկը ոչ մի բան չի պահանջում, հակառակը՝ ինքն է պահանջողը։ Սննդի խնդիր չունի, հագուստի խնդիր չունի, քնելու տեղի խնդիր չունի, առողջական վիճակի մասին էլ մենք ավելի լավ ենք հոգ տանում»։
Հոգեբան Հասմիկ Գալստյանի կարծիքով էլ ովքեր կրկին վերադառնում են քրեակատարողական հիմնարկ, չի կարելի միանշանակ որակել, որ հոգեբանական, կենցաղային կամ սոցիալական դրդապատճառով են վերադարձել։ Այդ բոլոր պատճառները համակցված են, որովհետև ազատության մեջ հայտնվելուց հետո շատ կարևոր է միջավայրը, դաստիարակությունը, սոցիալական կարգավիճակը և ամենակարևորը՝ մարդու բնավորությունը կամ անհատականությունը։ Եթե մարդը կայացած չի լինում և ազատազրկվում է, ինչ-որ կերպ փորձում է կայանալ թույլի հաշվին կամ իր հաշվին է կայանում և այստեղ, երբ նա վերադառնում է ազատություն, չի վերագտնում իրեն, արդեն ինքն իրեն զգում է երկրորդ-երրորդ կարգի մարդ, իրեն ոչ մեկը չի ընդունում այնպիսին, ինչպիսին նախկինում էր։ Եվ հնարավոր է մարդու մոտ այդ բացասական էներգիան ավելցուկ տա և նա նորից ձգտի ոչ թե նորից վերադառնալ անազատություն, այլ, չարությամբ լցվելով, ինչ-որ քայլեր կատարի, որն օրենքից դուրս լինի և նա նորից պատասխաատվության ենթարկվի։

«Մարդիկ կան, ովքեր ի սկզբանե մտադրված գնում են նման վայրեր, որպեսզի իրենք կայանան, դուրս գան և ասեն՝ ես նստած դուրս եկած եմ, պիտի բոլորին իշխեմ։ Դա էլ չկայացած լինելու խնդիր է իրականում։ Եթե խորը ուսումնասիրենք, ապա իրենք ունեն լուրջ խնդիրներ վաղ հասակից՝ մերժվածություն, սիրո և ջերմության պակաս, նրանք փորձում են իշխելու հաշվին ծածկել այդ բացը։ Մյուս տարբերակը սոցիալականն է, որը մարդկանց իրոք ստիպում է, հատկապես, որ այդ վայրերում գտնվող մարդկանց հետագայում դժվար է լինում ինտեգրվել։ Մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել: Հասարակությունը մերժում է նրանց ներկայությունն ու ներգրավվածությունը այս կամ այն գործում և նրանք, անճարությունից, ստիպված գնում են վատ արարքների կամ կրկնում սխալ ճանապարհով շարժվելու փորձն ու նորից ընկնում կալանավայր»,-ասում է Հասմիկ Գալստյանը։
Հոգեբանի խոսքերով՝ դատապարտյալի կամ անազատության մեջ գտնվողի, արդեն ազատության մեջ հայտնված նախկին դատապարտյալի ուղղվելու, կամ ուղղվելու ցանկություն ունենալու, դրսևորվելու կամ դրսևորման ցանկություն ունենալու, իդելականին մոտ մարդ դառնալու հարցին միանշանակ չենք կարող նայել: Միշտ պետք է առնվազն երկու կողմով դիտարկել և շրջապատի, հասարակության դերակատարման մասին մտածել, թե ինչպես է հանրությունն ընդունում և ինչ պայմաններ է ստեղծվում մարդու հոգեբանական ուղղվածությունը ոչ միայն ապահովելու, այլև պահպանելու համար։

«Դա լուրջ հոգեբանական խնդիր է, կարող է մանկությունից գալ։ Երբ որ մարդը պատահական է ընկնում այդ իրավիճակում, հասկանալի է, բոլորի հետ էլ կարող է պատահել, բայց կա որ գենետիկորեն, բնավորությամբ է գալիս ու արդեն նախատրամադրվածություն կա։ Այսինքն, այդ հոգեբանական բարդույթը պետք է շտկել համալիր մոտեցմամբ, հոգեբանական, սոցիալական աջակցությունների, ճիշտ միջավայրի, զբաղվածության ապահովման միջոցով։ Զբաղված մարդը երբեք ժամանակ չի ունենա վատ արարքների մասին մտածելու համար»,-ավելացնում է Հ. Գալստյանը։
Հասմիկ Գալստյան
Հոգեբան
Նախկին դատապարտյալին Ս.Պ-ն պատմում է, թե որքանով է իր հոգեբանության վրա ազդեցություն թողել ՔՀԿ-ում իր հետ կատարված հոգեբանական աջակցությունը՝ կապված սոցիալական ինտեգրման, նոր իրավիճակին հարմարվելու ուղղությամբ։ Ս-ն քմծիծաղով ասում է՝ «թող հոգեբանը կամ խրատ տվողը հիմա գա նստի ձեր տեղը և ինձ բացատրի՝ ես ո՞նց առանց աշխատանքի դասավորեմ իմ կյանքը։ Գաղութում կյանքից կտրված ճառերը դուրսը զրո են»։
Արդարադատության նախարարության ՔՀԿ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն էլ կարծում է, որ համաներումից հետո ազատ արձակվածների կրկին ՔՀԿ վերադառնալը որոշ առումով նաև սպասելի էր: Ըստ նրա՝ շատ հետաքրքիր հոգեբանություն կա, երբ մարդը շատ հեշտ հնարավորություն է ստանում իր կողմից կատարած հանցանքից կարճ ժամանակ հետո վերադառնալ հասարակություն այն դեպքում, երբ նրա ռիսկերն ու կարիքները բավարար չափով գնահատված չեն համապատասխան մարմինների կողմից: Պատշաճ կերպով չի իրականացվել գնահատում՝ հասկանալու համար մարդը ինչքանով է ուղղվել, ինչ տենդենց կա, զղջում կա, թե չկա և այլն, ու շատ հեշտ նա ստանում է հնարավորություն հետ վերադառնալ հասարակություն: Նման դեպքերում մարդն ադքան էլ այդ ազատության գինը չի գնահատելու և առաջին հնարավորության դեպքում նույն սխալը կրկնելու հավանականությունը մեծանալու է։ Դրա մասին խոսում է նաև վերադարձողների թիվը, ոչ միայն 2018-ի համաներումը, կարող են նաև համեմատել 2012, 2013թ-ի համաներումները»։
Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ եթե համաներումը դիտենք որպես անձի ազատ արձակվելու հնարավորություն, իսկ մյուս կողմից դիտենք հասարակության պաշտպանությունը, կան շահեր, որ պետք է որոշակի ձևով հավասարակշռվի։ Համաներումն ինքնին մարդասիրական մոտեցում է և հնարվորություն է, որ մարդիկ ազատ արձակվեն, բայց երբ այդ ազատ արձակվելու հիմքում բավարար կայուն հիմքեր չեն դրվում, բնականաբար այդ ռիսկերն առաջանալու են և ունենալու ենք տուժող հասարակություն և կրկնակի թվի հանցագործությունների ավելացում, ինչին հիմա ականատես ենք։
«Համամիտ եմ, զբաղվածությունը նվազեցնում է սխալ արարք կրկնելու հավանականությունը, բայց այստեղ պետք է բանտից աշխատանքները սկսվեն, այսինքն կլինի համաներում, կլինի դատապարտյալի պատժի ժամկետի կրման ավարտ, կլինի վաղաժամկետ ազատում և այլն: ՔՀԿ-ներում պետք է աշխատանքներ տարվեն անձի հետ, որպեսզի անազատությունից հասարակություն վերադարձը, հատկապես եթե խոսում ենք երկարաժամկետ ազատազրկվածների մասին, անսովոր է լինելու, և՛ այդ անձի համար, և՛հասարակության ընկալումներն են տարբեր լինելու, հատկապես եթե անձը բախվի սոցիալական խնդիրների հետ: Զբաղվածությունը չկա, ընտանիքի հետ կապն է կտրված լինում և այլն, առաջանում է ինքնագնահատականի խնդիր, և բնականաբար ամենահեշտ տարբերակը այդ անձի համար լինելու է կրկին ՔՀԿ վերադառնալը, այսինքն պետք է ապահովվի սոցիալական երաշխիքներ, զբաղվածություն և այլն»,-ասում է Հ. Հարությունյանը։
Դիտորդական խմբի ղեկավարը նշում է, որ եթե դիտարկենք 2019թ. առաջին վեց ամիսների տվյալներն արդեն ունեցել ենք մահացության դեպքեր: Առհասարակ մահացության դեպքերի, ինքնավնասումները ներառյալ, պատճառները բավարար չափով վեր չեն հանվում, հաշվի չի առնվում անձը ի՞նչ հոգեբանական վիճակում է, ինչ անձնային որակներ ունի, ինչ աշխատանքի կարիք կա նրա հետ տարվող։ Հասմիկ Հարությունյանը փաստում է, որ մի շարք ռիսկեր և խնդիրներ, որոնք ուղեկցվում են այդ գործընթացում, անտեսվում են, արդյունքում ունենում այդ ինքնավնասումների, ինքնասպանությունների դրսևորումների դեպքերը։ Սրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
«Եթե մենք նայենք հեգաբանական բավարարություն, որպես այդպիսին, ինչքանո՞վ է արդյունավետ գործում, գոհացուցիչ համարվել չի կարող։ Օրինակ, վերցնենք Նուբարաշեն ՔՀԿ-ն, որտեղ միջինը 600-700 անձ կա և մեկ հոգեբանի հաստիք, որը ոչ միշտ է համալրված լինում։ Հաշվի առնելով, որ ի՞նչ աջակցության կարիք է լինում և հոգեբանի արդյունավետ հասանելիությունը ինչպիսի՞ն է որակյալ ծառայության առումով, արդեն պարզ է դառնում, թե ինչքանով է արդյունավետ հոգեբանի ծառայությունը, և արդյո՞ք դրա պակասը կամ ոչ պատշաճ իրականացումը բավարար հիմքերի վրա է կամ ոչ»,-ավելացնում է Հասմիկ Հարությունյանը։



Հասմիկ Հարությունյան
Արդարադատության նախարարության ՔՀԿ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ
Նշենք, որ կատարված հանցագործությունների ցանկից պարզ է դառնում, որ դրանք հիմնականում տնտեսական բնույթի են։ Յուրաքանչյուր հանցագործություն, անկախ իր ծավալից ու բնույթից, դատապարտելի է, սակայն, արդյո՞ք մեր երկիրը, բացի փիլիսոփայությունից, գործիք է հնարել ազատ արձակված դատապարտյալին ադապտացվելու և ինտեգրվելու հասարակությանը, գոնե նվազագույնս լուծելու իր կենսական առաջնային խնդիրները․․․
Այս հարցը մտահոգում է և՛ փաստաբաններին, և՛ ազատ արձակված դատապարտյալներին։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ լրագրող Անժելա Ստեփանյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿի տեսակետները:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website