Վերահսկողությունից դուրս հանքավայրերը խլում են գյուղացիների ապրուստի վերջին միջոցը
Արմավիրի մարզի հանքավայրերի աշխարհագրությունը
Հայաստանում կառուցվող յուրաքանչյուր շինության մեջ Արմավիրի մարզն իր մասնիկն ունի: Դա կարող է լինել օգտագործվող քարի, ավազի կամ խճի տեսքով: Մարզի տարածքում բազմաթիվ հանքավայրեր կան, որոնցից կարելի է առանձնացնել տուֆի, բազալտի, ավազակոպճային խառնուրդի, ավազի, անդեզիտի ու հրաբխային խարամի հանքավայրերը։ Ամեն օր Արմավիրի մարզից հանրապետության տարբեր բնակավայրեր են մեկնում շինարարական նյութերով բեռնված բազմաթիվ բեռնատարներ։

Բնական է, որ յուրաքանչյուր երկրում ընդերքի հարստությունն օգտագործվում է, սակայն անբնական է, որ հանքերը շահագործող տնտեսվարողները, գերազանցելով իրենց հատկացված հանքավայրի սահմանները, համայնքներին են թողնում անապատի վերածված ավերակներ ու ճահիճներ։

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանքավայրի շահագործման թույլատվություն ստանալը բավականին աշխատատար և ժամանակատար գործընթաց է։

Ի թիվս բազմաթիվ տարատեսակ փաստաթղթերի, տնտեսվարողին է տրվում օգտակար հանածոների հանքավայրի 50 էջանոց անձնագիր։ Անձնագրում ամեն ինչ նշված է՝ սկսած երկրաբանական սխեմատիկ քարտեզից, մինչև օբյեկտի շահագործման տնտեսական ցուցանիշները և շրջակա միջավայրի պահպանության ու վերականգնման միջոցառումները։

Բոլոր փաստաթղթերի և բիզնես ծրագրի առկայության պարագայում տնտեսվարողի հետ կնքվում է հանքավայրի շահագործման պայմանագիր որոշակի տարածքում և ժամկետով։
Ի՞նչ է կատարվում ավազի հանքավայրերում

Մեկ համայնքի օրինակով ներկայացնենք ավազի հանքավայրերի ապօրինի և վնասատու գործունեությունը։
Արմավիրի մարզի Արգավանդ համայնքի վարչական տարածքում, ըստ Հանրապետական երկրաբանական ֆոնդի պաշտոնական կայքի տվյալների, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլատվություն են ստացել 2 ընկերություն՝ «Արգավազ» և «Քաջ շինարար» ՍՊ ընկերությունները։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տվյալներով 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արգավանդ համայնքի վարչական տարածքում ընդերքօգտագործման իրավունք է տրված «Արգավազ» ՍՊ ընկերությանը մինչև 2036 թվականը։

Արգավանդ համայնքի ղեկավարի մեկնաբանությամբ, գյուղի վարչական տարածքում ընդերքի օգտագործում չի իրականացվում։ Այս 3 աղբյուրների իրարամերժ տեղեկատվությունը հիմք է տալիս հրաժարվել պաշտոնական տվյալներից և խնդիրների պատճառները փնտրել գյուղում՝ լսելով գյուղացիներին։ Արգավանդցիներն իրենց զայրույթը թաքցնել չեն կարողանում, մեզ են ծանոթացնում փաստացի չօգտագործվող հարյուրավոր հեկտարիների հասնող հողատարածքները, որոնք, նրանց պնդմամբ, ճահիճ են դարձել հենց հանքավայրի շահագործման պատճառով։ Գյուղացիները երևույթն աղետ են որակում, ասում են ընտանիք կերակրող հողի հետ այսպես վարվելը, մեղմ ասած, անմարդկային է։
ՈՎ Է ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Խնդիրը կայանում է նրանում, որ տնտեսվարողներն օգտվելով տեսչական մարմինների անգործությունից, գյուղացիական տնտեսություններին զրկում են ապրուստի միակ միջոցից։ Արգավանդցիների խոսքով, տնտեսվարողներն իրենց կողմից նախապես մշակված ծրագրով, շուկայականից բարձր գնով, իրենց ընտրած տարածքից հողակտոր են գնում և դարձնում հանքավայր։ Որոշ ժամանակ անց, նոր հանքավայրի հարևանությամբ հողատարածքները ջրազրկվում են և դառնում գյուղատնտեսական աշխատանքների համար անպիտան։ Այդ ժամանակ է, որ մեկնարկում է իրենց ծրագրի հիմնական փուլը և սկսում են ջրազրկված հողակտորները գնել կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գներով։
Ստեղծված իրավիճակում գյուղացին ոչ մի ելք չի ունենում, քան համաձայնվել առաջարկված գնի հետ, իսկ ով կտրականապես հրաժարվում է իր վերջին ապրուստի միջոցը կորցնել, մնում է դատարկաձեռն։
Արգավանդ համայնքի վարչական տարածքում պաշտոնապես ընդերքօգտագործման իրավունք է տրված «Արգավազ» ՍՊ ընկերությանը 7,3 հեկտար տարածքում, սակայն, ըստ գյուղացիների, Արգավանդի հողատարածքներից մոտ 200 հեկտարը դարձել է գյուղատնտեսության համար անպիտան։
Արգավանդի հարևան Տանձուտ համայնքում 3 հեկտար մակերեսի վրա ընդերքօգտագործման իրավունք ունի «Տնաշին Աշոտ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության ավազի լվացման ու տեսակավորման արտադրամասը գտնվում է Արգավանդ համայնքում։ Գյուղացիների պատմելով, այս ընկերությունն է հիմնականում գնել սեփականաշնորհված հողատարածքներն ու դարձրել հանքավայր։
Նման ձեռագրով են աշխատում այլ ընդերքօգտագործող ընկերություններ։ Օգոստոսի 30-ին Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի բնակիչներն արթնացան ծանր տեխնիկայի աշխատանքի ձայնից։ Գյուղացիները պարզեցին, որ գյուղի բնակելի տներին կից Աղավնատուն համայնքի վարչական տարածքում աշխատում են «Մլ Մայլինգ» ընկերության ծանր տեխնիկաները։ Գյուղացիները համախմբվելով արգելեցին հետագա աշխատանքը։ Ընկերության աշխատակիցները մի քանի հեռախոսազանգ ունեցան և լքեցին տարածքը։ Աղավնատուն համայնքի ղեկավարից պարզեցինք, որ գյուղի վարչական տարածքում գտնվող այդ հողատարածքը, որպես արոտավայր, վարձակալությամբ էր տրվել «Մլ Մայլինգ» ընկերությանը:
Գյուղապետ Գնել Մաթևոսյանն ասաց խոսել է ընկերության աշխատակիցների հետ ու հասկացել, որ հետախուզական աշխատանք է կատարվել հասկանալու համար արդյո՞ք տարածքը կարող է որպես հանքավայր օգտագործե՞լ: Եթե այո, ապա կդիմեին գյուղապետարան հողի նշանակությունը փոխելու համար, իսկ քանի որ գյուղացիներն աղմուկ էին բարձրացրել, դժգոհել, ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները,- ասաց Աղավնատան գյուղապետը։
Գնել Մաթևոսյան
Աղավնատուն համայնքի ղեկավար
Պարզեցինք նաև, որ «Մլ Մայլինգ» ընկերությունը գյուղից ոչ հեռու, Արագածոտնի մարզում զբաղվում է բազալտի արդյունահանմամբ և Աղավնատուն համայնքում, գյուղապետ Գնել Մաթևոսյանի մեկնաբանությամբ, 10 հեկտար արոտավայր է վարձակալել։ Փաստորեն վարձակալման միակ նպատակը նոր հանքավայրի ստեղծումն էր, որին առայժմ դիմադրում են լեռնամերձցիները։
Ընդերքօգտագործման իրավական կարգավորումը
Ավազի կամ, ինչպես ճիշտ անվանումն է, ավազակոպճային խառնուրդների (ԱԿԽ) հանքավայրերի շահագործումը գյուղատնտեսական հողատարածքների հարևանությամբ կարող է անպիտան դարձնել հանքավայրից 10 անգամ մեծ մակերեսով գյուղատնտեսական հողեր։
Սակայն, ըստ «Արգավազ» ՍՊ ընկերությանը տված անձնագրի, շրջակա միջավայրի վրա ազդեցություն կարող է ունենալ միայն տեխնիկական միջոցների մթնոլորտ արտանետումները։
Ընդերքի մասին ՀՀ օրենքի 70 հոդվածը նախատեսում է որ հանքը շահագործելուց հետո ընդերքօգտագործողը պարտավոր է իրականացնել բնապահպանական(այդ թվում ռեկուլտիվացիոն) աշխատանքներ։
Այս աշխատանքները ոչ մի ընդերքօգտագործող, առանց բացառության, չի կատարում։ Օրենքն այս դեպքերն էլ է կարգավորում 70 հոդվածի 4-րդ կետով, որտեղ, ըստ էության, գրված է, որ, եթե ընդերքօգտագործողը չի իրականացնում շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ, բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ։
Փաստորեն հազարավոր հեկտարով կորսված հողատարածքների մեղավորը միայն ընդերքօգտագործողը չէ, իր մեղքի բաժինն ունի նաև ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website