ԵՍ ԻՄ ԶՎԱՐԹՆՈՑԻ ԴՊՐՈՑՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Մարիամիկը մինչև 2018թ. օգոստոս ամիսը հաճախել է Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ օժանդակ (Զվարթնոցի օժանդակ) դպրոց: ՀՀ կառավարության 2016թ. փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրային որոշման համաձայն, 2018թ. օգոստոսին Արմավիրի մարզի բոլոր օժանդակ դպրոցները փակվեցին: Մարիամիկի ճակատագրին արժանացան մարզի 3 հատուկ դպրոցներ հաճախող մոտ 800 երեխա: Երևույթն անակնկալ չէր, քանի որ համընդհանուր ներառական կրթության անցման օրենքի պահանջով 2016 թվականից Սյունիքի մարզով մեկնարկել էր գործընթացը:
Համընդհանուր ներառական կրթությունն իր հետ բերեց մի շարք խնդիրներ,
որոնց պատճառով Արմավիրի մարզի բազմաթիվ ներառված երեխաներ,
հատուկ դպրոցներ հաճախելու հնարավորությունից զրկվելով, հայտնվեցին փողոցում:

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՆԱՅԻՆ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁՐԵՑ
Սարդարապատցի Լուսինեն երեք երեխաների մայր է: Ասում է երկուսը նորմալ են սովորում, մեկը՝ չէ: Հատուկ դպրոցում հոգեբան է աշխատել երեխայի հետ։ Այստեղ ուսուցչուհին չի կարողանում լիարժեք հասկանալ երեխային, երեխան էլ չի սովորում: Չգիտի երեխաներին միջնակարգ դպրոց բերի՞, թե՞ ոչ:
Ծնողներից մեկը՝ Լիանան, պնդում է, որ, երբ երեխաներն օժանդակ դպրոց էին հաճախում, ինքն աշխատում էր, գնում էր օրավարձով բերքահավաքի և նրանց կարիքները հոգում: Ասում է երեխաներն ագրեսիվ դրսևորումներ են ունենում, չի կարող մենակ թողնել տանը, հատկապես մեծ տղային վտանգավոր է փոքրի հետ թողնելը, կծում է, վնասում քրոջը:
ԵՐԵԽԱՆ ՍՈՎԱԾ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԴԱՍՆ ԸՆԿԱԼԵԼ
Երբ մարդու խնդրի առաջին պահանջմունքը չի բավարարվում, երկրորդ-երրորդի մասին խոսելն ավելորդ է,- ասում է Շահբազյանը: Երբ նրա տանը կան մի շարք կենցաղային՝ սննդի, հագուստի, գոյատևման խնդիրներ, մյուս հարցերը նրանց համար վերջին պլանում են հայտնվում:
Սարդարապատի միջնակարգ դպրոցի ուսուցիչները մի շարք խնդիրներ են թվարկում ներառված երեխաների կրթությունն ապահովելու հարցում: Ասում են եթե դասարանում խնդիր ունեցող երեխաները մի քանիսն են, այդ դեպքում ուսուցչի համար շատ դժվար է աշխատել և խնդիրն անդրադառնում է մնացած երեխաների վրա: Խաթարվում է նաև դասապրոցեսը։ Ասում են մինչև առաջադրանքը փորձում ես բացատրել, պահանջը ներկայացնել, արդեն մյուս երեխաները դուրս են մնում ուշադրությունից:
ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՉԿԱՆ
Ուսուցիչների մտահոգությունը մասամբ կիսում է Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետը: Բուդաղյանը համաձայն է, որ կա սոցիալական խնդիր և խորը կատեգորիայով երեխաներ: Մեկ հատուկ դպրոց մարզում, նրա կարծիքով, պետք է լիներ: Ասում է հարցը օրակարգում է, ԿԳՆ և այլ գերատեսչություններ լուծումներ են փնտրում, սակայն չի կարող ասել, երբ հարցը լուծում կստանա: «Առաջարկել ենք, որ ինչ-որ մի կենտրոն, թե ինչ ձևաչափով կլինի, չգիտեմ, գոնե շատ խորը խնդիրներ ունեցող երեխաների համար լինի, սոցիալապես անապահովը դեռ դնենք մի կողմ», - ասում է Բուդաղյանը:
Վերակազմավորվեցին հատուկ դպրոցները, ձևավորվեցին
մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնները
Արմավիրի մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Լիլյա Ասատրյանն ասում է․ - Միտումը հետևյալն է, որ երեխաներն ընտանիքում մեծանան: Ճիշտ է, պետք է կրթություն ստանան, բայց նաև ճիշտն այն է, որ երեխան անպայման ընտանիքում մեծանա, ծնողը պատասխանատվություն կրի, տեղյակ լինի կրթության գործընթացից, հետևաբար միտում եղավ, որպեսզի երեխան ստանա լիարժեք կրթություն, լինի իր համայնքում և ընտանիքում, հատուկ դպրոցները պետք է վերակազմավորվեն:
- Դպրոցի գործը երեխայի համար միջավայր ստեղծելն է: Փակել էդ երեխեքին, իզոլացված վիճակում պահել, դա ճիշտ չի: 9 տարի մնացին էս դպրոցում, վերջը պիտի վերադառնան իրենց համա՞յնք, ավելին ասեմ, ավելի շատ կարծրատիպեր ունենք մենք՝ մեծահասակներս, քան երեխաները:
Արմավիրի մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենը չի հերքում՝ դպրոցներում մասնագետների պակաս կա, կենտրոնը չնայած փորձում է այդ բացը լրացնել: - Եթե մենք այսօր ներառական կրթություն ենք անում, հետևաբար պիտի կարողանանք այդ դաշտում կամաց-կամաց ապահովել մասնագետների առկայությունը: Շատ լավ կլինի, եթե տնօրենը կարողանա ունենալ դայակի հաստիք ոչ թե մեկը, այլ ամեն երեխայի համար՝ խորը խնդիր ունեցող առանձին, օգնականների հաստիքներ, այդ դեպքում մենք կազմակերպչական խնդիրներ չենք ունենա՝ կապված երեխաների պահվածքի հետ (դասարանում միզելու, գոռալու, փախնելու, կծելու, խփելու և այլն): Ես համոզված եմ, որ կամաց-կամաց դա կլինի, միանգամից ոչինչ չի լինում:

Մեր այցելությունները մարզի տարբեր դպրոցներ ցույց տվեցին, որ ներառված երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում: Այս մասին վկայում են նաև տնօրենները: Մասամբ համաձայն են նաև կրթության վարչության պետը և մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնի պետը:
ԱՇՏԱՐԱԿԻ ՕԺԱՆԴԱԿ ԴՊՐՈՑԻ 40 ՍԱՆ
ԱՅՍ ՏԱՐԻ ԿԳՆԱ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Աշտարակի օժանդակ դպրոցի տնօրենը վստահ է, որ հատուկ դպրոցի կարիք կա, որտեղ կարող են ընդգրկվել շատ ծանր խնդիր ունեցող երեխաներ: Ինչ վերաբերում է իրենց դպրոցին, ապա դրա կարիքը չկար, քանի որ, Աղաբաբյանի կարծիքով, Աշտարակի օժանդակ դպրոց հաճախող 40 երեխաներն էլ կարող են ներառվել հանրակրթական դպրոցներում:
Կարինե Սմբատյան՝ Սարդարապատի դպրոցի տնօրեն
- Ես դեմ չեմ ներառմանը, բայց ներառենք այնպիսիններին, որոնք կարող են ադապտացվել, կարող են շփվել, իսկ ծանր և մտավոր ունակություններով երեխան պարզապես ինքն իրեն չի ինտեգրում: Հասարակությունն ինտեգրում է, մեր աշակերտները վերաբերվում են հավասարը-հավասարին, բայց այդ երեխան ինքն իրեն չի ներառում, ընկճվում է, ինչքան էլ մենք ներքաշում ենք մեր մեջ:

Միջազգային փորձը
Ներառական կրթության մասին դրույթները ներառված են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին կոնվենցիայում, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան ստորագրած երկրներն աստիճանաբար անցնում են ներառական կրթության: Մեկ այլ հարց է, թե անցումային ինչպիսի՞ մեխանիզմներ ու գործիքներ է ընտրում երկիրը: Եվրոպական շատ երկրներ վաղուց անցել են ներառական կրթության և մինչ օրս քննարկվում են դրական ու բացասական կողմերը: Ռուսաստանը մեծ զգուշությամբ է մոտենում հարցին, պահպանելով հատուկ դպրոցը՝ ներդրում է ներառական կրթությունը: Ներառական կրթության համար ամենաթանկը վճարում են ԱՄՆ-ը և Իզրայելը: Այս երկրներում յուրաքանչյուր ներառված երեխայով զբաղվում են անհատական մասնագետներ և, նրանց համոզմամբ, արդյունք կարելի է ակնկալել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների ճիշտ աշխատանքի պարագայում:
Չնայած բազմաթիվ երկրների ներառական կրթության անցնելու տարբեր մոդելների և գործիքների, բոլորի մոտ մեկ ընդհանուր մոտեցում կարելի է արձանագրել` հաշմանդամ երեխայի ծնողներին տրվում է ընտրության հնարավորություն:



Ներառական կրթության դրական և բացասական կողմերը
Հայաստանում ներառական կրթության մեջ ներգրավված կառույցները, սկսած ԿԳ նախարարությունից մինչև աջակցության կենտրոններ, պնդում են, որ հայկական տարբերակը խոցելի տեղեր չունի: Ավելին, կարող են հիացմունքով ներկայացնել հաջողված մեկ կամ երկու օրինակ՝ տեղյակ չլինելով, որ յուրաքանչյուր մեկ հաջողված պատմության շուրջ իրականության մեջ կան տասնյակ անհաջող օրինակներ, որի արդյունքում երեխան հայտնվել է փողոցում:
Ներառական կրթության դրական կողմերից կարելի է առանձնացնել
մարդկանց ավելի լայն շրջանակի հետ շփվելու հնարավորություն
հասարակության մեջ ներգրավվելու հնարավորություն
կրթությանը զուգահեռ ներառված երեխան ունենում է հոգեբանական,
հոգեբանա-սոցիալական, վերականգնողական և սոցիալիզացման աջակցություն
Այժմ անդրադառնանք բացասական կողմերին
ներառական կրթության համար բավարար նյութատեխնիկական բազայի բացակայություն
հատուկ ուսուցիչների, հոգեբանների և հատուկ կարիքներով երեխաների համար անհրաժեշտ այլ մասնագետների բացակայություն
ստանդարտ վերապատրաստման ծրագրերը բավարար չեն հատուկ կարիքներով երեխաներին կրթելու համար
գնահատող կենտրոնների կողմից գիտելիքների գնահատումը հաճախ չի համապատասխանում իրականությանը
անխոհեմ և հաճախ թշնամական վերաբերմունք հաշմանդամների նկատմամբ առողջ երեխաների և նրանց ծնողների կողմից
Սրանք այն դրական և բացասական կողմերն են,
որոնք հատուկ են ներառական կրթության անցած համարյա բոլոր երկրներին:

Հայաստանն ընտրել է ներառական կրթության
ամենավատ մոդելը
Ներառական կրթության հայկական մոդելն ինքնատիպ է և խնդիրներն ավելի խորքային: Վաղարշապատցի Զենֆիրան ծրագրի ներդրման օրվանից պայքարում է իր երեխայի իրավունքների համար: Նրա դուստրը՝ 15-ամյա Մարիամը, ունի մտավոր խորը հետամնացություն, այսինքն երեխայի մոտ դա արտահայտվում է հավաքվածության, կազմակերպվածության, կենտրոնացման բացակայությամբ: "Մարիամը շատ խելացի է, շատ գրագետ խոսում է, բայց պահի տակ կորցնում միտքը", - ասում է Զենֆերան:

Հայաստանը հրաժարվել է հատուկ գիշերօթիկ դպրոցներից: Դա նշանակում է հաշմանդամ երեխայի ծնողները, այլընտրանք չունենալով, կամ երեխային պետք է ուղարկեն հանրակրթական դպրոց, կամ պետք է թողնեն տանը: Ներառական կրթության հայկական մոդելը մերժում է հաշմանդամ երեխայի ծնողներից մեկի աշխատանքը, իսկ միակողմանի ծնողազուրկի դեպքում դատապարտում է սովի:
Վաղարշապատցի Իզան անելանելի վիճակում է,
երեխան այլևս դպրոց չի հաճախում,
Աշտարակի օժանդակ դպրոցը նույնպես փակվեց
- Ես չափից շատ խնդիրներ ունեմ, տարել 100 000 դրամ տվել եմ, երեխուս բուժել եմ, դպրոցում քաշքշել էին, թևը կոտրել: Ես ինչ անեմ, որտեղ տանեմ իմ երեխուն, հազիվ համակերպվել էր գիշերօթիկ դպրոցում: Ընդեղ երեխեքը մեկը-մեկով ապրում էին:

Հիմա տանում եմ Աշտարակ, որովհետև Զվարթնոցում փակեցին: Տարա դպրոց, էրեխեն ընդեղ չհամակերպվեց: 4 հատ դպրոց եմ ես փոխել, տարա սովորական դպրոց, ընդեղ ուշադրություն չդարձրին երեխայի վրա, ստիպված տարա 4-րդ, ընդեղ էլ չհամակերպվեց, ստիպված տարա Աշտարակ: 10 տարեկան է երեխան: Հիմա եթե էդ դպրոցից էլ հանեն իմ երեխուն, ի՞նչ եմ անելու: Ո՞նց կարելի էր փակել գիշերօթիկ դպրոցը, 12 ժամ ես աշխատում եմ, ժամը 5-ից մինչև 7-ը ես փուռն եմ, որ 2000 դրամ փող աշխատեմ գոյատևենք: Երեխան որ դուրս մնաց գիշերօթիկից, չեմ կարող աշխատել: Իմ երեխան աուտիզմ ունի, ուր տանում եմ, ասում են աուտիզմը չի բուժվում, չեմ կարող մենակ թողնել:
"Ներառական կրթության մասին օրենք մշակողները շատ նրբություններ հաշվի չեն առել: Բազմաթիվ են մտավոր թերզարգացում ունեցող երեխաները, ովքեր իրենց հիվանդությունը ժառանգել են ծնողներից: Այս երեխաները հատուկ գիշերօթիկ դպրոցներում ունեին սնվելու, լողանալու հնարավորություն։ Այսօր նրանք զրկվել են այդ հնարավորությունից",- ասում է Մարիամի մայրը՝ Զենֆերան:
Հայաստանում նախատեսված է ուսուցման 3 տարբերակ՝
հատուկ, ինտեգրված և ներառական կրթություն,
սակայն, չգիտես ինչու, հատուկ կրթության հաստատություն
նախատեսված է միայն մայրաքաղաքում:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website