Դպրոցի տնօրենի ընտրությու՞ն, թե՞ աճպարարություն
Իվանյան Մաշա՝ 5-րդ դպրոցի նախկին տնօրեն

"Իմ դեմ արշավ է սկսվել։ Ապօրինի գործողություններով ուզում են ինձանից ազատվել: Պատճառը կայանում է նրանում, որ մարզպետը չի ուզում ինձ հետ աշխատել"։

2019 թվականի մայիսի 15-ին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում կառավարման խորհուրդը պետք է տնօրեն ընտրեր, սակայն տնօրենի միակ թեկնածու Մաշա Իվանյանը չկարողացավ 5 կողմ ձայն հավաքել, ինչը նշանակեց, որ պետք է նոր ընտրություն կազմակերպել։
Փաստը զայրույթ առաջացրեց ինչպես ծնողական խորհրդի, այնպես էլ՝ աշակերտների և ուսուցիչների մոտ, և մայիսի 15-ից մեկնարկեց դասադուլը։ Արմավիրի մարզում նման իրադարձություններ հաճախ են լինում, ինչպես օրինակ Բագարանի, Շահումյան թռչնաֆաբրիկայի, Էջմիածնի թիվ 3 դպրոցներում, Հովտամեջի, Մայիսյանի և մի շարք այլ դպրոցների դեպքում։ Առաջին տպավորությամբ կարելի է մեղադրել դասադուլի կազմակերպիչներին՝ ասելով, որ կառավարման խորհուրդը, լսելով տնօրենի թեկնածուների ծրագրերը, դպրոցի զարգացման դրույթները, առավելություն են տալիս լավագույնին և քվեարկում նրա օգտին, սակայն տեսականորեն կառավարման խորհուրդն ունակ չէ անաչառ որոշում կայացնելու, ինչը առաջացնում է մանկավարժական կոլեկտիվի, ծնողների և աշակերտների դժգոհությունը։
Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 անձից, որոնցից 2-ը նշանակվում է մարզպետարանի կողմից, մեկը՝ համայնքի կողմից, մեկը՝ Կրթության և գիտության նախարարության կողմից, 2-ը՝ դպրոցի կողմից և 2-ը՝ ծնողական խորհրդի կազմից։ Տեսականորեն ստացվում է 8 անձից բաղկացած հանձնաժողով, որոնցից 4-ը մարզետարանի, մյուս 4-ը՝ դպրոցի հսկողության տակ։

Այս հանձնաժողովի ամենամեծ աբսուրդն այն է, որ զույգ թվով է և, ավանդույթի համաձայն, 2 թեկնածուի պարագայում կողմ ձայները միշտ կիսվում են։ Կանոնակարգի համաձայն տնօրեն կարող է դառնալ այն թեկնածուն, ով կունենա նվազագույնը 5 կողմ ձայն։ Եթե երկրորդ մրցույթի կայացման պարագայում կրկին թեկնածուների ձայները հավասար են բաշխվում, տնօրենի հարցը լուծվում է փոխվարչապետի որոշմամբ։ Բնական է, որ փոխվարչապետը պետք է հարցնի մարզպետի կարծիքը և արդյունքում դպրոցի տնօրեն է դառնում այն անձը, ով մինչև մրցույթը «դաբրո» է ստացել։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ են մրցույթներ կազմակերպվում և ու՞մ են պետք այս բեմականացումները։

Սա է պատճառը, որ դպրոցի տնօրեն փոխելը կամ տնօրենի ընտրությունը ուղեկցվում է դասադուլով և մայրուղի փակելով, գոնե վերջին 6 ամսվա ըթացքում Արմավիրի մարզում կարելի է առնվազն 10 դեպք թվարկել։
Նախորդ իշխանությունների պարագայում սա հասկանալի երևույթ էր, խիստ անհրաժեշտ էր, որ քաղաքականացված կառույցի ղեկավարը լինի կուսակցության անդամ, այսօր դպրոցը ապաքաղաքականացված է, և եթե հասարակությունն արդարացիորեն ենթադրություններ անի, կստանա հակահեղափոխականի պիտակ։
Վերադառնանք Մաշա Իվանյանի պատմությանը
Հուլիսի 31-ին կայացավ Արմավիրի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունները: Այս անգամ տնօրենի պաշտոնի համար պետք է մրցեին 5 թեկնածու: Նրանցից մեկը Մաշա Իվանյանն էր: Մյուս չորս թեկնածուներից 3-ը նույն դպրոցի փոխտնօրեններն էին և մեկը՝ Լուկաշին համայնքի միջնակարգ դպրոցի գործող տնօրենը:

Կառավարման խորհրդի նիստը մեկնարկեց ժամը 14:00-ին: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամները: Քվեարկությամբ՝ 2 կողմ, 6 դեմ ձայներով խորհրդի անդամները որոշել էին նիստը չձայնագրել: Խորհուրդը որոշել էր 5 թեկնածուներին, ըստ այբբենական կարգի, հրավիրել իրենց ծրագիրը ներկայացնելու համար: Երկու ժամ տևած 5 թեկնածուների ծրագրերի ներկայացման ավարտից հետո խորհուրդն անցավ քվեարկության: Թեկնածուներից ոչ մեկը չստացավ պահանջվող 5 կողմ ձայնը: Մեկ ժամ տևած քննարկումներից և նախարարության հետ հեռախոսով բանակցություններից հետո խորհուրդն առավելագույն ձայներ հավաքած 3 թեկնածուների համար հայտարարեց կրկնակի քվեարկության փուլ:

Կառավարման խորհրդի նախագահ Լիաննա Հարությունյանը մեկնաբանեց, որ առաջին փուլով տնօրեն չընտրվեց, քանի որ 5 կողմ ձայն պետք է ստանար, որպեսզի տնօրեն ընտրվեր, և քանի որ 5 կողմ ձայն չհավաքեց առաջին փուլում, առավելագույն ձայներ հավաքած երեք թեկնածուներ կրկնակի քվեարկության փուլ անցան:

Կրկնակի քվեարկության փուլը չկայացավ, ինչո՞ւ, – Լիաննա Հարությունյանը պարզաբանեց, - "Կրկնակի քվեարկության ժամանակ ծնողական խորհրդի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատ էր, դուրս եկավ նիստից և չվերադարձավ: Խորհրդի 3 անդամներ՝ երկու մանկավարժ և մյուս ծնողը, հրաժարվեցին կրկնակի քվեարկության փուլին մասնակցել":
Խորհուրդը որոշեց օգոստոսի 1-ին նիստ հրավիրել և նոր մրցույթի օրակարգ կազմել: Կրկին սկսվեց շղթայական հեռախոսազանգը՝ խորհրդի նախագահ – ԿԳՆ - մարզպետարան, քաղաքապետարանի ներկայացուցիչ - քաղաքապետարան, թեկնածուներ – բարեկամներ: Ակտիվ հեռախոսազրույցներից հետո խորհրդի նախագահը հետ կանչեց արդեն նիստերի սենյակը լքած խորհրդի անդամներին: Հավաքվեցին ու որոշումը փոխեցին, նիստն ավարտված համարեցին և ցտեսություն ասացին խորհրդի անդամներին ու տնօրենի թեկնածուներին:
Ո՞րն էր հերթական որոշումը

Լիաննա Հարությունյանի խոսքով, խորհրդակցել էին Կրթության նախարարության և կրթության տեսչության համապատասխան մասնագետների հետ, որոշել՝ կառավարման խորհուրդը քննարկելով առաջացած իրավիճակը, որոշեց չեղյալ համարել օգոստոսի 1-ին հայտարարվելիք խորհրդի նիստը և անցկացնել կրկնակի քվեարկություն խորհրդի նիստի մասնակից անդամներով: Կրկնակի քվեարկությանը մասնակցեցին խորհրդի 4 անդամներ՝ Խաչիկ Մկրտչյանը, Արմեն Հարությունյանը, Վահե Դավթյանը, Լիաննա Հարությունյանը: Կրկնակի քվեարկությամբ տնօրեն չընտրվեց:

Լիաննա Հարությունյանն ասում է՝ մնում էր առաջնորդվել կառավարության որոշմամբ, այն է՝ հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն կողմ ձայներ ստացած երկու հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությանը ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:

"Կրկնակի փուլ անցած 3 հավակնորդների գործերի և խորհրդի նիստի արձանագրության պատճենները ՀՀ փոխվարչապետին պետք է ուղարկվի եռօրյա ժամկետում, իսկ փոխվարչապետը 5 աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետին կառաջարկի պայմանագիր կնքել թեկնածուներից մեկի հետ", – ասաց Լիաննա Հարությունյանը:
Ինչ եղավ հետո
Առաջին ընտրության դեպքում Իվանյանը, լինելով միակ թեկնածուն, չկարողացավ հավաքել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Հուլիսի 30-ին նշանակված տնօրենի նոր ընտրությունների ժամանակ ստացավ 3 կողմ ձայն, մյուս երկու թեկնածուները՝ երկուական, երկուսը՝ ոչ միաձայն։ Նշված ձայներ հավաքած 3 թեկնածուների համար նշանակվեց մրցույթի երկրորդ փուլ: Այս դեպքում էլ տնօրեն դառնալու համար բավարար ձայներ ոչ մի թեկնածու չհավաքեց։ Երրորդ փուլը, որը նախատեսվում էր օգոստոսի 1-ին, փաստորեն չկայացավ: Տնօրենի ընտրության հարցը մնաց փոխվարչապետին: Փոխվարչապետը լսեց ու ծանոթացավ երեք թեկնաուների գործերին: Տնօրեն նշանակեց 2 կողմ ձայն ստացած Գոհար Գասպարյանին՝ դպրոցի արդեն նախկին ուսմասվարին։ Ըստ Իվանյանի, այս փաստը նույնպես հաստատում է, որ տնօրենի ընտրություն հասկացողությունն առանց հանդիսատեսի բեմականացում է։
Եզրակացություն

Կառավարման խորհուրդը մարզպետների համար դարձել է քավության նոխազ։ Ուսուցիչների, ծնողների և աշակերտների տարբեր ձևաչափի ակցիաները լռեցնում են՝ ասելով, որ մարզպետարանն ընդհանրապես կապ չունի առաջացած խնդիրների հետ: Դա կառավարման խորհրդի որոշումն է, որի վրա մարզպետարանն ազդելու լիազորություն չունի։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website