21-րդ դարում խմելու ջուր գնելը պետության համար ամոթ է

Արմավիր քաղաքի բնակչուհի Սիլվա Հովհաննիսյանն ամեն առավոտ սպասում է ջրատար մեքենային։ Արդեն 22 տարի, նույն ժամին արթնանում, արագ դույլերը վերցնում և ջրատար մեքենային է դիմավորում։ Տիկին Սիլվան օրական 50 լիտր ջուր է գնում, մեկ լիտրը՝ 10-ը դրամով, չնայած Արմավիր քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում կա։ Տիկին Սիլվայի նման Արմավիր քաղաքում և մարզի տասնյակ գյուղերում խմելու ջուրը գնում են ցիստեռներից, ասում են մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի չէ։
Արմավիր քաղաքի ամենասպասված տրանսպորտային
միջոցը ջուր վաճառող ավտոցիստեռներն են

Հատկապես ամառվա տապին նրանց ձայնային ազդանշանը հիշեցնում է 90-ականների լույսի գալու բերկրալի պահը: Սպասված և ականջ շոյող ազդանշանից նույնիսկ կարելի է կռահել, թե օրվա որ ժամն է: Կարճ ազդանշանը նշանակում է առավոտյան մինչև ժամը 9:00-ն է կամ 22:00-ից հետո, իսկ երկար ազդանշանը հատուկ է ցերեկային ժամերին: Արմավիրցին երբեք չի զայրանում, երբ առավոտյան ժամը 08:00-ին, ամենախոր քնի պահին, իր բաց պատուհանի տակ հնչում է խորհրդային արտադրության ԶԻԼ մակնիշի մեքենայի շչակը, քանի որ դրա իրավունքը չունի: Եթե զայրույթն արտահայտի, վարորդը կսպառնա փողոց չմտնել: Հետևանքը կլինի այն, որ զայրացած հերոսը կարժանանա ծարավ հարևանների պարսավանքին և ստիպված ներողություն կխնդրի վարորդից իր անհարգալից վերաբերմունքի համար, վերջինս էլ մեծահոգաբար կխոստանա շարունակել փողոցի բնակիչներին ջուր հասցնել: Սա արմավիրցիների առօրյան է:
Խորհրդային տարիներին Հոկտեմբերյանի պահածոների գործարանի շչակը 50 տարի շարունակ կանոնավոր ազդարարում էր 3 հերթափոխերի սկիզբն ու ավարտը: Պահածոների գործարանի անգործությունից հետո անկախ Հայաստանի իշխանությունները գիտակցեցին, որ հասարակությանը կարոտախտից փրկելու միակ ճանապարհը գործարանի շչակից սահուն անցումն է «ԶԼԻ» շչակին:

Արմավիրի մարզի Բաղրամյան և Արմավիր տարածաշրջանների բնակչությունն անհիշելի ժամանակներից խմելու ջուրը գնում է ավտոցիստերներից, 1 լիտրի դիմաց վճարելով 10 դրամ: Մարզի բնակավայրերը, քաղաքի թաղամասերը վաղուց բաշխվել են ավտոցիստեռների սեփականատերերի միջև և նրանք, կանոնավոր կերպով, առանց իրար խանգարելու, խմելու ջուր են մատակարարում բնակիչներին:
Ինչո՞ւ արմավիրցին չի խմում ծորակից հոսող ջուրը
Արմավիրցիներն ասում են մատակարավող ջրի մեջ աղերի քանակությունը նորմայից մի քանի անգամ բարձր է, որը հստակ երևում է ջրատաքացուցիչ սարքավորումներում կուտակված աղի քանակով։

Մատակարարը չի հերքում խմելու ջրի կոշտության փաստը, բայց պնդում է, որ, չնայած ջուրը կոշտ է, սակայն առողջության համար վտանգավոր չէ: Նույն մեկնաբանությամբ հանդես է գալիս նաև մարզի հակահամաճարակային կենտրոնը՝ կոշտությունը թույլատրելի սահմաններում է:
Խորհրդային տարիներին Արմավիր քաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարումը իրականացվում էր «Զևայի» և «Ապարանի» ջրերով: Խորհրդային համակարգի փլուզումից հետո Ապարանի ջուրն ուղղվեց մայրաքաղաք, իսկ խողովակաշարն անհայտ պատճառներով ապամոնտաժվեց ու գնաց անհայտ ուղղությամբ: Արմավիրցիների հույսը մնաց հովհարային մատակարարվող «Զևայի» ջուրը: Ջրի պակասը լրացնելու նպատակով հորատվեցին արտեզյան հորեր և այդ հորերից վերցրած ջրերով ապահովվեց Արմավիր, Մեծամոր քաղաքների և հարակից գյուղերի 24-ժամյա ջրամատակարարում: Զուգահեռաբար նույն ճակատագրին արժանացավ նաև Զևայի խողովակաշարը: Արմավիր և Մեծամոր քաղաքները անկախ Հայաստանի առաջին բնակավայրերն էին, որտեղ իրականացվում էր շուրջօրյա ջրամատակարարում:
Սակայն բնակիչները հրաժարվեցին խմել արտեզյան հորերից ստացված ջուրը: Պատճառը ջրի կոշտությունն էր: Այս նոր ջուրը ծարավ չէր հագեցնում, այլ ավելի էր ծարավեցնում բնակիչներին:
Երկու քաղաքների և հարակից գյուղերի բնակիչները սկսեցին տարբեր տեղերից խմելու ջուր հայթայթել և պահանջարկին արձագանքեցին ավտոցիստեռները: Սկզբում անկանոն, իսկ հետո ավտոցիստեռների քանակն ավելացավ ու սկսվեց կանոնավոր կերպով իրականացվել խմելու ջրի վաճառքը:

Խմելու կոշտ ջուր մատակարարելու հիմնավորումները
Հայաստանի Հանրապետությունում, ըստ Առողջապահության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջի, խմելու ջրի ընդհանուր կոշտությունը սահմանվել է 7,0 (10) 2/ մմոլ/լ: Սա նշանակում է, որ 1 լիտր խմելու ջրում լուծվող մագնեզիումի և կալցիումի աղերի քանակը չպետք է գերազանցի 7,0 մգ-էկվիվալենտը: Սակայն կա նաև մեկ այլ ցուցանիշ գրված փակագծերում, որը նշանակում է՝
Երկարատև որոնումներից հետո պարզեցինք, որ Հայաստանը մատը-մատին չի տվել իր երկրում չափորոշիչներ սահմանելու ուղղությամբ և բառացիորեն նույնությամբ թարգմանել է Ռուսաստանի պահանջները խմելու ջրի նկատմամբ:
СанПиН 2.1.4.559-96. Питьевая вода.
Հենց այս փակագծերից սկսվում է Արմավիրի մարզի մոտ 45 գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների դժբախտությունը: Ըստ մեր սեփական չափումների, «Նոր ակունք» ՓԲ ընկերության չափումների, իսկ այսօր «Վեոլիա ջուր» ընկերության հավաստմամբ Արմավիրի մարզի Հոկտեմբերյան և Բաղրամյան տարածաշրջանների բնակչությանը կենտրոնական համակարգով մատակարարվում է 11 մմոլ/լ, իսկ տեղական աղբյուրներից՝ մինչև 13,5 մմոլ/լ կոշտությամբ ջուր: Փորձեցինք գտնել պաշտոնական որևէ թղթի կտոր, ըստ որի Արմավիրի մարզի մի զգալի հատված պարտավոր է խմել նույնիսկ կենդանիներին հակացուցված կոշտ ջուրը: Մեր փնտրտուքին ողջամիտ պատասխան տվեցին միայն «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները՝ ասելով, որ այդ որոշումը ժամանակին կայացրել է ՀՀ Գլխավոր համաճարակաբան հանգուցյալ Արա Ասոյանը: Իսկ թե ո՞ր կառույցի հսկողության տակ է փակագծերի ներսի թիվը, կարելի է ասել, անհայտ է: Առողջապահության նախարարի հրամանով խմելու ջրի որակի հսկողությունը դրված է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների վրա, որը գոյություն չունի: Միայն կարելի է ենթադրել, որ որակի հսկողությունն այսօր պետք է իրականացվի ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Արտավազդ Թորոսյան
"Նոր Ակունք" ՓԲԸ նախկին կոմերցիոն տօրեն
Ո՞վ է հսկելու վաճառվող խմելու ջրի որակը
Արմավիրի մարզի համայնքներին մատակարարվող խմելու ջրի որակի հսկողությունը, համաձայն Առողջապահության նախարարի N 876 հրամանի, իրականացնում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» մասնաճյուղը:
Հայաստանում խմելու ջրի որակի պահանջները նույնականացված են Ռուսաստանի ցուցանիշներին, որն իր հերթին մեծ շեղում ունի միջազգային պահանջներից: Հայաստանում խմելու ջրի որակի պահանջներն ու հսկողությունը ամրագրված են Առողջապահության նախարարի 2002 թվականի N 876 հրամանով: Ըստ այդ հրամանի, խմելու ջրի կոշտությունը չպետք է գերազանցի 7,0 մմոլ/լ: Սա նշանակում է, որ 1 լիտր խմելու ջրում լուծվող մագնեզիումի և կալցիումի աղերի քանակը չպետք է գերազանցի 7,0 մգ-էկվիվալենտը:
"Յուրաքանչյուր երկիր իր չափման միավորն է ընտրել և ջրի կոշտությունը տարբեր կերպ է ընկալվում", - ասում է հակահամաճարակաբան Աշխեն Պողոսյանը և ավելացնում,- "Արմավիրում խմելու ջրի կոշտությունը թույլատրելիի սահմաններում է, այլ բան է, երբ հասարակությունը սովորել է Թալինի կամ Գառնիի ջրի փափկությանը"։
Ավտոցիստեռները խմելու ջուրը բերում են Արագածոտնի մարզի Թալին քաղաքից: Ամեն օր հարյուրավոր տոննա ջուր է վաճառվում: Տասնյակ ավտոցիստեռներ անարգել, սահմանված գնացուցակով Թալինից գնում են և սահմանված գնացուցակով էլ վաճառում բնակիչներին: Ինչպես մեզ բացատրեց Արմավիրի նախկին հակահամաճարակային կենտրոնի տնօրենը, ըստ սանիտարական նորմերի, Թալինում մատակարարը պետք է ցիստեռները կապարակնքի և ջրի վաճառքի ամբողջ ընթացքում կնիքները պետք է տեղում լինեն: Ցիստեռները պետք է պարբերաբար մշակվեն և լվացվեն հականեխիչներով, որպեսզի որևէ մանրե չթափանցի ցիստեռն և համաճարակի վտանգ չառաջանա: Այսօր վաճառվող ջրի նկատմամբ ոչ մի հսկողություն չի իրականացվում: Եթե հատկապես ամառվա ամիսներին, երբ համաճարակի ռիսկերը մեծանում են, հանկարծ համաճարակ բռնկվի, բոլորը միաձայն կմեղադրեն ջուր վաճառող վարորդին, իսկ վերահսկող ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց անգործությունն արդարացնելու համար կասեն, որ այդ մեքենաները հայտնաբերելը իրենց ուժերից վեր է:
Ի՞նչ ռիսկեր է պարունակում կոշտ ջուրը
Կոշտ ջրի և օճառի միացությունը առաջացնում է օճառային շլակ, որը չի լվացվում և, մնալով մաշկի վրա, քայքայում է մաշկի բնական պաշտպանիչ ճարպի թաղանթը, որը հետևանք է դառնում մաշկի վաղ ծերացման և մաշկային հիվանդությունների ավելացման: Նույն ճակատագրին են արժանանում մարդու մազերը:

Մագնեզիումի և կալցիումի աղերը, մարդու ստամոքսում միանալով կենդանական սպիտակուցների հետ, որը մենք ստանում ենք սննդի հետ, նստում են մարսողական օրգանների պատերին՝ դժվարացնելով նրանց կծկումները, առաջացնում են դիզբակտերիոզ, խախտում են ֆերմենտների աշխատանքը և արդյունքում թունավորում են օրգանիզմը: Կոշտ ջրի տևական օգտագործումը բերում է ստամոքսի շարժունակության նվազման և օրգանիզմում աղերի կուտակման: Ռիսկերն ավելի են մեծանում մանկահասակ երեխաների մոտ:
Կենցաղային տեխնիկա վաճառող Մանուկ Ղազարյանը և լվացքի մեքենա վերանորոգող Թևան Թադևոսյանը պնդում են,որ կոշտ ջրի հասցրած վնասները կենցաղային տեխնիկային ակնհայտ են: Ջրի հետ շփվող ռետինե հանգույցները կոշտանալով դառնում են անպիտան, իսկ մետաղական մասը, բառի բուն իմաստով, քայքայվում է: Մասնագետների մեկնաբանությամբ, կոշտ ջրի հետ աշխատող կենցաղային սարքավորումների կյանքը 40-70 տոկոսով կրճատվում է:
Ո՞րն է փրկությունը
Դեռևս 2000 թվականին փորձեր կատարվեցին գտնել այլընտրանքային աղբյուրներ, որոնց ջրի միջոցով հնարավոր կլիներ որոշ քանակությամբ նվազեցնել խմելու ջրի կոշտությունը, սակայն տեսնելով, որ գործ կունենան 2-3 տասնյակ միլիոն դոլարի հետ, դադարեցրին փնտրտուքը:

Ի՞նչու է կոշտ Արմավիրի ջուրը և որքա՞ն ներդրում է պետք նոր ջրագիծ կառուցելու համար

Արտավազդ Թորոսյանն ասում է, որ Արագածոտնի մարզի Ղազարավան (Նազրվան) գյուղի աղբյուրների ջուրը խողովակաշարով հասնում է Էջմիածին քաղաք: Այդ խողովակաշարին Արմավիր քաղաքը միացնող ամենակարճ ճանապարհը ուղիղ գծով 20-22 կմ է: Ընդամենը անհրաժեշտ է Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի մոտակայքում միանալ այդ խողովակաշարին և խնդիրը լուծված է: Այս տարբերակով մի ժամանակ զբաղվել է «Նոր ակունք» ՓԲ ընկերությունը, որը նախկինում իրականացնում էր ջրամատակարարումը: Ըստ ընկերության տնօրենի, խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի մոտ 4 միլիոն դոլարի կարգի ներդրում:

Արտավազդ Թորոսյան
"Նոր Ակունք" ՓԲԸ նախկին կոմերցիոն տնօրեն
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website