ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ
Ոռոգման համակարգի կոռուպցիոն գործելաոճի մասին խոսում են տարբեր մակարդակներում, սակայն էական փոփոխություններ, որոնք կնպաստեին համակարգի բարելավմաննը և գյուղացու հոգսերի թեթևացմանը, այդպես էլ չի նկատվում։
Գյուղատնտեսական սեզոնը դեռ չսկսված, սկսվեցին դժգոհություններն ինչպես ՋՕ ընկերություններում, այնպես էլ գյուղացիական տնտեսություններում։
Սկզբում «Արմավիր» ՋՕ ընկերության աշխատակիցները հրաժարվեցին աշխատել մինչև չստանան իրենց հասանելիք աշխատավարձը։ Հունիսի 31-ին անժամկետ գործադուլ հայտարարեցին, իսկ դա նշանակում է, որ կաթվածահար կլինի ընկերության սպասարկման տարածքի 41 գյուղերի ոռոգման գործընթացը:
Բանը նրանում է, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով «Արմավիր» ՋՕ ընկերության դրամական միջոցների վրա մարտ ամսին 100 մլն դրամի չափով արգելանք է դրվել: Մյուս կողմից ընկերությունը նույնքան գումարի աշխատավարձի պարտք ունի աշխատակիցներին:
Մեկ շաբաթ անց Արմավիր-Երևան հանրապետական նշանակության ճանապարը փակեցին Մայիսյանի և Մրգաշատի բնակիչները։ Ոռոգման ջուր էին պահանջում։ Ջրօգտագործող ընկերության աշխատակիցների գործադուլը հանգեցրել էր ջրամատակարարման խաթարման։ Գյուղերում ոռոգման ջուր չէր մատակարարվում, գյուղացու բերքը չորանում էր։
Այս ամենն իր նախապատմությունն ունի, որի մեկնարկը տրվեց ս/թ մարտի 28-ին։ ՀՀ Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին՝ կապված ՋՕ ընկերություններում աշխատավարձերի հետ, մասնավորապես ասաց, որ «հերթով բոլորի հետևից կգնանք»:
Այս նախադասությունը բավական էր, որ ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգում «Ոռոգում» բաժնի թվերից մնար միայն կմախքը: Տևական ժամանակ տիրույթում անորոշ վիճակ էր, որից հետո նշմարվեց «Ոռոգում» բաժնի անատոմիան: Ներկայացնենք վարչապետի հայտարարությունից առաջ և հետո ՋՕ ընկերություններին տրվող սուբսիդիաների գրաֆիկական տեսքը՝ ընտրելով համեմատաբար խոշոր 9 ընկերություններ:
ՋՕ ընկերություններին պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաների չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ընկերության նախորդ տարվա կուտակած պարտքերը: ՋՕ ընկերությունները, ավանդույթի համաձայն, պարտքեր են կուտակում աշխատավարձի, հարկային պարտավորությունների, ծախսած էլեկտրաէներգիայի, ծառայությունների և նույնիսկ վարկային պարտավորությունների տեսքով:

ՀՀ պետական բյուջեի հոդվածներում թվերն օդից չեն վերցվում, յուրաքանչյուր թիվ իր դերն ու նպատակն ունի, բայց արի ու տես, որ Ջրային կոմիտեի թվերը, մեղմ ասած, օդից են վերցվել, այլապես ինչպե՞ս հասկանալ միայն ՋՕ ընկերությունների սուբսիդիաների մասով 1 միլիարդ 65 միլիոն դրամի փոփոխությունը:
Համաձայն ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքի տվյալների, տարեսկզբին «Արմավիր» ՋՕ ընկերությանը ՀՀ Պետական բյուջեից նախատեսված էր տրամադրել 1 մլրդ 489 մլն 725 հզր դրամ, ինչը կբավարարեր բոլոր պարտքերը մարելու և ոռոգման սեզոնը զրոյից սկսելու համար: Հարկ է նշել, որ «Արմավիր» ՋՕ ընկերությունն իր մատակարարած ոռոգման ջրի ծավալներով ամենամեծն է, սակայն և ամենավերջինն է ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման մասով, որը կազմում է 29,1 տոկոս:

2019թ. հունվար-փետրվար ամիսներին «Արմավիր» ՋՕ ընկերությանը պետական բյուջեի 2 հոդվածներով հատկացվեց 1 մլրդ 194 մլն 159 հզր դրամ, իսկ մարտ ամսին ընկերությունում սկսվեցին ստուգումներ: Զուգահեռաբար խափանվեց ՀՀ Էլեկտրոնային կառավարման «Ինտերակտիվ բյուջե 2019»-ի «Ոռոգում» բաժնի աշխատանքները:

Ստուգումն ավարտվեց, «Արմավիր» ՋՕ ընկերության տնօրենն աշխատանքից ազատվեց, Էլեկտրոնային կառավարման կայքը վերականգնվեց, բայց «Արմավիր» ՋՕ ընկերության 291 մլն դրամն անհետացավ: Վերջապես չէր կարող 291 մլն դրամը գոլորշիանալ: Երկարատև փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ 236 մլն-ը հանգրվանել է «Էջմիածին» ՋՕ ընկերությունում, որի տնօրենը նույնպես ազատվեց աշխատանքից: Մեզ համար տարօրինակն այն էր, որ մյուս ՋՕ ընկերություններում էլ կրճատումներ էին կատարվել և միանգամից 265 մլն դրամով ավելացել էր նաև «Արտաշատ» ՋՕ ընկերության հատկացումները:
Թե ի՞նչ ուղիղ կապ ունեին տնօրենները 291 և 236 միլիոնների հետ, մենք չգիտենք, միայն Ջրային կոմիտեն կարող է մեկնաբանել, սակայն համոզված ենք, որ գյուղացիական տնտեսություններն այդ գումարի հետ բոլորովին առնչություն չունեն և կարող են դառնալ այդ աճպարարությունների զոհը:

Հույսներս կտրելով Ջրային կոմիտեից բացատրություն ստանալուց, փորձենք ինքներս տրամաբանական կապ գտնել ՋՕ ընկերությունների մատակարարած ոռոգման ջրի, սպասարկման տարածքի, կուտակած պարտքերի և տրամադրվող սուբսիդիաների միջև:

Մեր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում ՋՕ ընկերություններին վերաբերող 2 աղյուսակ կարողացանք գտնել՝ «Ամփոփ տեղեկատվություն 21.12.2018թ. դրությամբ» և «Ամփոփ տեղեկատվություն 01.01.2019թ. դրությամբ»: Այս 2 ամփոփ աղյուսակները կարծես իրարից անկախ գերատեսչություններ կազմած լինեին:

Օրինակ, միայն ՋՕ ընկերությունների ջրտուքի ցուցանիշների տարբերությունը կազմում է մոտ 40 մլն խորանարդ մետր: Ասենք, «Արմավիր» ՋՕ ընկերության գանձումների ցուցանիշը 2018թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ եղել է 37,4 տոկոս, իսկ 9 օր հետո այդ ցուցանիշը դարձել է 29,1 տոկոս: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել:

Այնուամենայնիվ, մենք փորձեցինք 9 խոշոր ՋՕ ընկերությունների մատակարարած ոռոգման ջրի և սպասարկման տարածքի ցուցանիշներով կապ ստեղծել ստացած սուբսիդիաների հետ:

Աղյուսակի թվերի միջոցով դժվար է տրամաբանական կապ գտնելը: Մեկ խորանարդ մետր ջրի դիմաց 4,8-25,1 դրամ, մեկ հեկտար սպասարկման տարածքի համար 24,1-169,4 հազար դրամ անտրամաբանական միջակայքերն արդեն խոսում են այն մասին, որ այստեղ տրամաբանական կապ գտնելը գործնականում անհնարին է:

Ջրային կոմիտեն այս կապակցությամբ բազմաթիվ արդարացումներ կարող է բերել՝ սկսած մեխանիկական ջրամատակարարումից մինչև գերնորմատիվային հողատարածքներ, սակայն հարկ է նշել, որ «Արմավիր» և «Արարատ» ՋՕ ընկերությունների ջրամատակարարման մեխանիզմները համարյա նույնն են:

Վարչապետի արձագանքից բխող գործողությունների արդյունքում չարաշահումներ հայտնաբերվեցին «Արմավիր» և «Էջմիածին» ՋՕ ընկերություններում և տնօրենների նկատմամբ քրեական գործ հարուցվեց:

Եթե համակարգի վերին օղակներում գոյություն ունեն կոռուպցիոն դրսևորումներ, ինչի վկայությունն է «Արմավիր» և «Էջմիածին» ՋՕ ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական գործ հարուցելը, դա չի կարող անդրադարձ չունենալ ներքին օղակների վրա:

Այս հարաբերությունները կարգավորվում են 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունած կառավարության N2121-Ն որոշմամբ: Ըստ այս որոշման, մատակարար-սպառող հարաբերությունները, բացի պայմանագրից, պետք է կարգավորվեն լրացուցիչ, թվով 9 երկկողմանի ստորագրված փաստաթղթերով: Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններից ոչ մեկը չի տիրապետում կառավարության որոշմամբ ամրագրված փաստաթղթերին և սպառողին փաստաթղթեր չտրամադրելը ծուղակ է սպառողների համար: 2019 թվականի գարնանը Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքների գյուղացիական տնտեսություններ ծանուցագրեր ստացան ՋՕ ընկերություններից, ըստ որի իրենք ունեն եռանիշ թվերով կուտակված պարտքեր:
ՋՕԸ - Սպառող հարաբերություններ
Գյուղացիները ծանուցագրերը ձեռքներին վազեցին ՋՕԸ: ՋՕ ընկերությունը հանգստացրեց սպառողներին՝ ասելով, որ այդ պարտքը կարող են չմուծել, բայց երաշխիք էլ չտվեցին, որ որոշ ժամանակ անց դատարանից ծանուցագիր չեն ստանա:

Ապօրինությունները ՋՕ – սպառող հարաբերություններում սրանով չեն սահմանափակվում: Կանխիկ գումարներ վերցնելու արատավոր երևույթը չի վերացել և ունենում է իր հետևանքները: Գյուղացին մինչև չվճարի նախորդ ոռոգման ջրի վարձը, նոր ջուր չի ստանում, բայց արի ու տես, որ 2018 թվականին «Արմավիր» ՋՕ ընկերության գանձումների ցուցանիշը կազմում է ընդամենը 29,1 տոկոս: Այս թիվը փաստում է այն մասին, որ կանխիկ գանձումները ճանապարհին անհետացել են և գյուղացին իր վճարումը ապացուցելու ոչ մի տարբերակ չունի:

Իշխանություններն էլ հասկանալով, որ բնագավառի կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու համար երկար ժամանակ կպահանջվի և այդ ընթացքում կտուժեն գյուղացիական տնտեսությունները, ստիպված ՋՕ ընկերությունների կրեդիտորական պարտքերը մարելու համար պետական բյուջեից ևս 4 մլրդ դրամ հատկացրեց:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website