Հակակարկտային կայանները փրկությու՞ն,
թե՞ սրտահովանք
«Զենիթ» հակակարկտային կայաններն արտադրվում են «Բարվա» ինովացիոն կենտրոնում։ Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանում են հենց այդ կայանների միջոցով։ Այսօր Հայաստանում գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանում են «Զենիթ» հակակարկտային կայանները: Այս կայանները ՀՀ տարածքում տեղադրվել են 2008 թվականից: Մինչ օրս տեղադրվել է 552 կայան: Թե ինչ արդյունավետություն են ապահովում կայանները, կանդրադառնանք ավելի ուշ։
Հիմա գյուղացու կրած վնասների ու փաստերի մասին
Բամբակաշատցի Հռիփսիմե Հովհաննիսյանն առավոտյան պատրաստվում էր դաշտ գնալ, խաղողի բերքահավաք պետք է իրականացներ, բայց կարկուտն ավելի շուտ իր սև գործն արեց։
Ուզում էինք դաշտ գնալ, չէինք կարողանում, կարկուտն ու սելաֆը ճանապարհը անանցանելի էին դարձրել:
Մինչև կես ճանապարհից հետ կգայինք, երեխեքը զանգեցին ասեցին տանիքից ամբողջ ջուրը լցվումա տուն,
մեկ թիզ բարձրությամբ նստել էր կարկուտը, ոնց որ ձյան շերտ լիներ
Արմավիրի մարզում կարկուտը հատուկ է ապրիլ-մայիս ամիսներին: Վերջին երկու տարիներին սեզոնին ոչ բնորոշ բնական աղետ գրանցվեց՝ մարտին, ապրիլին, մայիսին, հունիս և հուլիս ամիսներին։ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Լուկաշին, Հացիկ, Այգեկ համայնքներում մոտ 25 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց գյուղացիական տնտեսություններին: Կարկուտից առավել տուժեցին ծիրանի այգիները: Գյուղացիների վկայությամբ, կարկուտը գետնին էր նստել մոտ 10 սմ հաստությամբ:
Ինչու լռեցին Լուկաշինի հակակարկտային կայանները
Որքան կարկուտն էր հուլիս ամսվա համար անսպասելի, նույնքան անսպասելի էր հակակարկտային կայանների լռությունը: Բացի համայնքների ներսում տեղադրված կայաններից, մարզի տարածքում հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված են տասնյակ կայաններ, որոնք թեորապես պետք է կարկուտից պաշտպանեն սահմանի հարակից համայնքները կարկուտից: Արմավիրի մարզի հակակարկտային կայանները սպասարկվում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից և կառավարվում մեկ կենտրոնից: Հակակարկտային կայաններում, որոնց թիվը մարզում հասնում է մոտ 160-ի, գործարկելուց առաջ իրականացվում է տեխնիկական զննություն և լիցքավորում պրոպան-բութան գազով:
Եթե անգամ կայանները գործակվեին ժամանակին, Լուկաշինի բնակիչները սպասելիք չունեին
Լուկաշին և Հացիկ համայնքների գյուղապետերը համամիտ էին համագյուղացիների հետ, որ հակակարկտային կայանների աշխատանքն արդյունավետ չէ: Խնդիրը նաև նրանում է, որ համայնքների հողատարածքները ոչ լիարժեք են ծածկում կայանները։ Գյուղացիների պնդմամբ, մեկ կայանով մի ամբողջ գյուղի հողատարածքներ փրկելն անհնար է։ Նախորդ 3 տարիներին այս համայնքների պտղատու այգիները կրկին տուժել են կարկուտից՝ այն պարագայում, երբ կայանները լիարժեք գործում էին:
«Զենիթ-1» և «Զենիթ-2» հակակարկտային կայաններ
«Զենիթ» հակակարկտային կայաններն արտադրվում են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Աշխատանքի սկզբունքը շատ հասարակ է. գլանաձև խողովակ է մղվում պրոպան-բութան խառնուրդ գազը, կայծի միջոցով գազը պայթեցվում է և նեղ անցքով դուրս է ժայթքում տաք օդը՝ առաջացնելով դեպի վեր ընթացող հարվածող ալիք: Տեսականորեն ենթադրվում է, որ հարվածող ալիքը հասնում է կարկտաբեր ամպերին և, ցրելով նրանց, կանխում է կարկուտը:
Կարո՞ղ են արդյունավետ լինել «Զենիթ» կայանները
Հակակարկտային կայանների արդյունավետությունը երաշխավորում է արտադրողը՝ «Բարվա» ընկերությունը: Տեխնիկական մենեջեր Արման Վարդանյանը վստահեցնում է՝ 2006 թվ-ին, երբ սկսվեց «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրությունը, տարիների ընթացքում փորձեցին կատարելագործել և արդեն վերջին սերնդի կայանները, որոնք արտադրվում են, դժգոհություններ չեն առաջացնում։
Սա արտադրողի բացատրությունն է։
Հիմա անդրադառնանք վիճակագրությանը։
Կարկուտի պատճառած վնասների պաշտոնական տվյալները 2010-2019 թվականներին *


Հակակարկտային կայանների տեղադրումից 10 տարի անց
Իշխանությունները նույնպես հասկացան, որ տեղադրված «Զենիթ» հակակարկտային կայաններն ի զորու չեն պաշտպանել գյուղացուն կարկուտից: Ինչպես միշտ, միլիարդավոր դրամի ապարդյուն ծախսեր կատարելու համար պատասխանատուներ չկան: Չկան նաև հակակարկտային կայանների արդյունավետության վերաբերյալ պաշտոնական հայտարությունուններ: 2006 թվ-ից, երբ սկսվեց «Զենիթ» հակակարկտային կայանների տեղադրումը Արմավիրի մարզում, մեկ կայանի մեկնարկային գինը կազմում էր շուրջ 6 մլն դրամ, մինչև 2016 թվ-ին նույն կայանի արժեքը կազմեց 1-1,5 մլն դրամ:
Ինչ են ասում «Բարվա» ընկերության հիմնադիրները
«Բարվա» ինովացիոն կենտրոնի տեխնիկական մենեջեր Արման Վարդանյանն ասում է, ինչ վերաբերվում է այn մեկնաբանություններին, որ կայաններն անարդյունավետ են, ապա ճիշտ է անդրադարձ կատարել մասնավոր գնորդին, ով շահագրգռված չէ իր գումարները քամուն տալ։ Եթե նույն գնորդը մի քանի տարի հետո վերադառնում է ու նոր պատվեր տալիս, ուրեմն հաստատ արդյունավետ է գործել հակակարկտայյին կայանը։
Չնայած արտադրողի այն պնդմանը, թե «Զենիթ» հակակարկտային կայաններն արդյունավետ են, երկու տարի առաջ կառավարությունը փորձեց անցում կատարել հակակարկտային հրթիռային պաշտպանության տարբերակին և այդ նպատակով Արմավիրի ու Արագածոտնի մարզպերում տեղադրվեցին 3 փորձնական, ռուսական արտադրության հրթիռային համակարգեր: Ինչպե՞ս շահագործվեցին կամ արդյո՞ք օգտագործվում են հրթիռային կայանները, փորձեցինք ճշտել ԱԻՆ-ից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ հակակարկտային հրթիռային կայանները տեղադրվել են պիլոտային ծրագրի շրջանակներում, 2018 թվ-ին և հանրապետությունում կարկտահարության դեմ պայքարի ակտիվ ներգործության աշխատանքներն իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ձեռք բերված 3 հրթիռային արձակիչ կայանների միջոցով:
Այսուհետ կգործարկվե՞ն հրթիռային կայաններ, թե՞ ոչ, կամ կավելանա՞ դրանց թիվը, թե՞ ոչ, մնում է անորոշ։
Իսկ կառավարությունը շարունակում է գյուղացիական տնտեսություններին հորդորել, որ անհրաժեշտ է ձեռք բերել հակակարկտային ցանցեր, և որ բերքը բնական աղետից պաշտպանելու ամենաարդյունավետ եղանակը դա է:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website