Ոռոգման ջուր կա, բայց ոչ մշակության համար
Արմավիրի մարզի մշակելի հողատարածքները, որոնք կազմում են շուրջ հազար հեկտար, ոռոգվում են Ախուրյանի ջրամբարի և արտեզյան հորերի ջրով: 2019 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Ախուրյանի ջրամբարում ջրի պակաս չի եղել: Արմավիրի մարզում ավելացել են նաև խորքային հորերը, բայց գյուղացիները կրկին կանգնեցին ոռոգման ջրի խնդրի առջև:

Ոռոգման սեզոնը դեռ չէր կիսվել, երբ Մրգաշատ, Արաքս, Մայիսյան և Մյասնիկյան համայնքներում ջրամատակարարումը դադարեցվեց։ Առաջին հերթին չհասունացավ ձմերուկի բերքը, հետո չորացան բանջարաբոստանային մյուս կուլտուրաների բույսերն ու ծառերի վրա չիր դարձան կեռասն ու վաղահաս սալորը։
Արաքսի բնակիչ Համբարձում Ավետիսյանը 1 հեկտար ձմերուկի դաշտ ուներ: Երկու շաբաթ չկարողացավ ոռոգում իրականացնել, առուն ցամաքել էր, արտեզյան հորերը չէին աշխատում, կամ էլ աշխատելու դեպքում իրեն հերթը չէր հասնում։
Մի քանի համայնքներում գյուղացիական տնտեսությունների համբերությունը հատեց: Ջրով ապահովելու նրանց բազմաթիվ ահազանգերն անօգուտ էին: Ջուր ունենալու ամենակարճ ճանապարհն ընտրեցին գյուղացիները՝ փակեցին մայրուղին: Շատ կարճ ժամանակահատվածում էլ ոռոգման ջուրը հասավ գյուղեր, բայց կրած վնասը հետ բերելն արդեն անհնար էր,- ասաց մայիսյանցի Ահարոնը, ում լոլիկն ու սմբուկը հազիվ թե վերականգնվեին։
Ոռոգե՞լ, թե՞ ոչ: Սա է խնդիրը
Կառավարությունն այլ տարբերակ է առաջակում
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության 2019 թվականի ծրագրով առաջնահերթություն է տրվում կաթիլային և անձրևային ոռոգման համակարգերի ներդրմանը: Ծրագիրը նորություն չէ և այն մեկնարկել է, երբ Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը ձկնարդյունաբերության պատճառով կտրուկ նվազեց և սկսվեց ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Ներկայիս և նախորդ կառավարությունները, փորձելով լուծել ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը, ներմուծեցին կաթիլային և անձրևային համակարգերի ներդրման ծրագիրը: Ծրագրի հիմքում դրված է վարկերի տոկոսադրույքի մինչև 10 տոկոսի սուբսիդավորումը: 2018 թվականին Արմավիրի մարզում նախատեսված էր 350 հեկտար տարածքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր և այդ նպատակով 25 միլիոն դրամ հատկացնել վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար, սակայն ծրագիրը չի իրականացվել: Սա նշանակում է կաթիլային ոռոգման համակարգերի ներդնումը գրավիչ չէ գյուղացիական տնտեսությունների համար: Գյուղատնտեսության նախարարությունն իր կայքում մանրամասներ է ներկայացնում կաթիլային ոռոգման առավելությունների և վարկավորման ծավալների վերաբերյալ:
Բամբակաշտցի Սամվել Հովհաննիսյանը 4 տարի առաջ մեկ հեկտար հողատարածքում ծիրանի ու կեռասի գաճաճ ծառեր տնկեց, կաթիլային ոռոգման ցանց անցկացրեց ու 3 տարի այգին կաթիլային եղանակով ոռոգեց: Այս ընթացքում հասկացավ, որ ծառերը չեն աճում։ Հարևանների ու գյուղատնտեսների հետ խորհրդակցեց: Եկավ այն համոզման, որ պատճառը եղանակային պայմաններն են՝ հողի խոնավությունը չի կարողանում ապահովել: Հովհաննիսյանը վերադարձավ ավանդական ոռոգման տարբերակին, ասում է ծառերը մոտ մեկուկես մետր աճել են այս տարի։
Միջազգային պրակտիկայում կաթիլային ոռոգում իրականացնում են բացառապես սակավաջուր վայրերում, բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում և ջերմոցային տնտեսություններում: Արմավիրի մարզը, որը ոռոգման ջրի խնդիր երբեք չի ունեցել և որտեղ ոչ վաղ անցյալում քաղցրահամ ջրի առատությունից հողերն էին աղակալվում, հիմա կանգնել է փաստի առաջ։ Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստորգետնյա ջրային ավազանի մակարդակն իջել է, իսկ Ախուրյանի ջրամբարի ջրերով հնարավոր չէ պահանջարկը բավարարել։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանն ասում է, որ կաթիլային ոռոգման ժամանակ ջուրը մինչև բույսին հասնելը 2-3 անգամ պետք է անցնի պոմպերի միջով, իսկ դա նշանակում է, որ բույսին հասնում է ոչ թե կենդանի ջուր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում բույսի զարգացման համար, այլ՝ հեղուկ մասսա, որը միայն կնվազեցնի բույսի բերքատվությունը:

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, բնապահպան Հենրիկ Ալեքսանյանն էլ պնդում է. - «Կաթիլային ոռոգումը բազմամյա և միամյա բույսերի մոտ տոպրակ ստեղծելով մեծ խնդիրներ է առաջացնում և չի հագեցնում ամբողջ տարածքը, չի ստեղծում միկրոկլիմա, որը շատ կարևոր է թե՛ բազմամյա, թե՛ միամյա բույսի համար։ Կաթիլային ոռոգման եղանակը Արարատյան դաշտի կիսաանապատային տարածքի համար խնդիրներ է առաջացնում։ Օդի բարձր հարաբերականության խոնավության պայմաններում այս խնդիրը կարծես չկա: Կաթիլայինը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այն տարածքներում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը բարձր է։ Մեզ մոտ՝ Արարատյան դաշտում, պետք է ամբողջ հողակտորը ջրով հագեցվի, որպեսզի տվյալ տարածքում աճեցվող մեր պայմաններին բնորոշ բույսի համար ապահովվի համապատասխան միջավայր թե՛ բերքատվության, և թե՛ որակի առումով: Կաթիլային ոռոգումը հողի լվացման համար նաև մեծ վտանգ է պարունակում: Այսինքն, Արաքսի միջոցով մեր հողերի համար չենք կարող այնպիսի ջուր ապահովել կաթիլայինի միջոցով, որն Արաքսի բերվածքի հաշվին ձևավորված հողերի համար խիստ անհրաժեշտություն է։

Մաքուր ջուրը նպաստում է հողի լվացմանը, իսկ կաթիլայինը տանում է անապատացման, տանում է նրա կմախքի պահպանմանը, ոչ թե նրա էնդոկայունացման պահպանմանը։
Կաթիլային ոռոգման դեպքում անհնարին է դառնում ցանքաշրջանառությունը և գյուղատնտեսական սեզոնին հողի կրկնակի օգտագործումը,- ասում են Էջմիածնի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունները, ովքեր գյուղատնտեսական սեզոնի ընթացքում առնվազն երկու տեսակի բերք են աճեցնում իրենց հողատարածքներում։ Գեղակերտցի Կարեն Համբարձումյանն ասում է Արարատյան դաշտի ընդերքի ջուրը կոշտ է, իսկ կոշտ ջրով աշխատող կաթիլային համակարգի կյանքը՝ անցքերն աղակալելու պատճառով, շատ կարճ է: Ուստի ավանդական ոռոգման եղանակը, հատկապես բաց տարածքում բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար անփոխարինելի է։

Կառավարությունը կաթիլային ոռոգման անցնելու ծրագրից ակնկալում է տարեկան 25 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջրի խնայողություն, տարեկան 3 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ, լրացուցիչ աշխատատեղերից 350 միլիոն եկամտահարկի տեսքով մուտքեր:

Իսկ գյուղացիների մեծ մասը վստահ է,- կաթիլային ոռոգումը ոչ մի տրամաբանությամբ բերքատվություն չի կարող ավելացնել, ուր մնաց 3 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ ստացվի, ընդհակառակը՝ կաթիլային ոռոգմամբ միայն կարող է նվազել բերքատվությունը,- ասում են գյուղացիները։
Գյուղատնտես Հենրիկ Ալեքսանյանն ասում է, համարենք գյուղացիական տնտեսությունները մի քանի միլիոն ծախսեն ու միաձայն անցնեն կաթիլային ոռոգման, բոլորը հորեր հորատեն, պոմպեր գնեն, խողովակներով ոռոգման ցանց կառուցեն ու սկսեն կաթիլային ոռոգումը: Ի տարբերություն արտեզյան ջրերի, որոնց ծավալները կրճատվում են տարիների ընթացքում, գործ ենք ունենալու գրունտային ջրերի հետ, որոնց ծավալները խիստ սահմանափակ են և Արարատյան դաշտավայրում համալրվում են բացառապես անձրևաջրերով: Տեղումների բացակայության պայմաններում գրունտային ջրերի մակարդակը նվազում է: Իսկ այս դեպքում, երբ բոլորը ոռոգումը կիրականացնեն գրունտային ջրերով, նույնիսկ տեղումների առկայության դեպքում երաշխիք չկա, որ գրունտային ջրերը կբավարարեն բոլորին: Ինչպես տեսնում ենք, սա էլ երաշխավորված տարբերակ չէ»:
Ըստ Սանասար Բաղդասարյանի, Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդիրը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ է կատարել հակառակ գործողությունները, որոնք բերեցին ջրի դեֆիցիտին: Այն է՝ հաշվառել և խիստ հսկողություն սահմանել ձկնարդյունաբերության նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների վրա, միևնույն ժամանակ վերանայել նույն ոլորտի ջրի սակագինը, որը վաճառվում է 100 անգամ պակաս գնով, քան ոռոգման ջուրը գյուղացուն:
Ինչպես Սևանի պարագայում, օրենքով պետք է սահմանել տարեկան արտեզյան ավազանից օգտագործվող ջրի չափաբաժինը:
Կաթիլային ոռոգման ծրագրեր մշակել Հայաստանի այն վայրերում, որտեղ ռելիեֆից կախված՝ անհնար է իրականացնել մակերեսային ոռոգում:
Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման պարագայում 4-5 տարում կվերականգնվի արտեզյան ավազանը և օրակարգից դուրս կգա ոռոգման ջրի դեֆիցիտի խնդիրը:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website