Հայաստանը պե՞տք է հրաժարվի ավանդական մշակաբույսերից
2019 թվականի պետական բյուջեով նախատեսված է Պետական աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորել խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար գյուղացիական տնտեսությունների վերցրած վարկերի տոկոսադրույքի մինչև 10 տոկոսը։ Այս նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 211,8 միլիոն դրամ, սակայն, 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, այս գումարից ծախսվել է ընդամենը 30,4 միլիոն դրամ: Սա նշանակում է, որ ծրագիրը կյանքի է կոչվել ընդամենը 13,4 տոկոսով։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ գյուղացիական տնտեսությունները չեն ցանկանում օգտվել պետության ընձեռած հնարավորությունից։ Փորձենք հասկանալ գյուղացիական տնտեսությունների մտավախությունները։
Ծրագրի ֆինանսական տրամաբանությունը
Ծրագրով նախատեսվում է ինտենսիվ այգիներ հիմնելու համար 8 տարի մարման ժամկետով սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր տրամադրել գյուղացիական տնտեսություններին։ Ըստ ծրագրի մեկ հեկտար պտղատու այգու համար տրամադրվելու է 18,7 միլիոն դրամ, իսկ խաղողի այգու համար՝ 10,8 միլիոն դրամ։ Վարկերի արտոնյալ ժամկետը սահմանվում է 5 տարի։

Ենթադրենք գյուղացին հիմնում է մեկ հեկտար ծիրանի կամ խնձորի արագաճ ինտենսիվ այգի և այդ նպատակով վերցնում է վարկ 18,7 միլիոն դրամ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, գյուղացին առանց բերք ստանալու պետք է 5 տարի վճարի վարկի միայն տոկոսադրույքը, որը 5 տարում կկազմի 1,87 միլիոն դրամ։ Այնուհետև պետք է 3 տարում մարի վարկը՝ տարեկան տոկոսադրույքի հետ վճարելով 6,42 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ գյուղացին մեկ հեկտարից պետք է ստանա տարեկան 65-70 տոննա ծիրան, որպեսզի կարողանա վարկը մարել, գումարած սպառած ոռոգման ջրի վարձը, բուժանյութերի և պարարտանյութի գումարները, այգու սպասարկման և մեխանիզացիայի գումարները: Նույնիսկ ամենաիդեալական պայմաններում նման բերքատվություն ապահովող ծառեր գիտությունը դեռ չի հնարել։ Իսկ եթե հանկարծ կարկուտ կամ ցրտահարություն տեղի ունենա, գյուղացին կկորցնի և՛ այգին, և՛ տունը։
Ծրագրի բուսաբուծության հետ համապատասխանությունը
Ծրագրում բառ անգամ չի ասվում, թե որտեղից պետք է գյուղացին ձեռք բերի տնկիները: Կարելի է միայն ենթադրել, որ պետք է արտերկրից ներկրել։ Նման ենթադրություն կատարեց նաև Արմավիրի մարզի Ծիածան համայնքում 22 հեկտար ընկույզի ինտենսիվ այգի հիմնող Մ.Հովհաննիսյանը։Այգու հիմնման օրից 7 տարի է անցել: Ըստ արտերկրից ներմուծած տնկիների տեխնիկական պայմանների, չորրորդ-հինգերորդ տարում տնտեսությունը պետք է բերք հավաքեր, սակայն այսօր ընկուզենիներին նայելով կարելի է հաստատ ասել, որ 7 տարի հետո էլ այս ծառերը բերք չեն տա։ Խնդիրը կայանում է նրանում, որ տնկիները չեն հարմարվել հողին ու տեղի բնակլիմայական պայմաններին: Ստեղծված իրավիճակում կարելի է մեղադրել այգետիրոջը, ով հաշվի չի առել ռիսկերը, իսկ ինտենսիվ այգիների հիմնման համար ռիսկերն ավելի քան բավարար են՝ սկսած հողի բաղադրությունից մինչև կլիմա և օդի հարաբերական խոնավություն։
Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի բնակիչ Հրաչյա Հարությունյանը 2016 թվականին Իտալիայից ներկրված ծիրանենու տնկիներով մեկ հեկտար հողատարածքի վրա հիմնեց ծիրանի այգի։ Այգեգործության բնագավառի գիտակը, հաշվի առնելով շատերի ձախողված փորձը, իտալական ծիրանի արմատակալի վրա պատվաստեց հայկական ծիրանի տեսակներ և 2019 թվականին 5 տոննա բերք ստացավ։ Հրաչյայի մեկնաբանությամբ, հաջորդ տարի 4 տարեկան այգուց 20 տոննա բերք է ակնկալում։

Համային առումով ստացված ծիրանը զիջում է մեր ավանդականին, սակայն ապրանքային տեսքով ու ամրությամբ, ինչը կարևոր է ճանապարհ տանելու համար, գերազանցում է ավանդականին։
Մասնագետների մեկնաբանությունը
Արմավիրի գլխավոր գյուղատնտեսի մեկնաբանությամբ, պատվաստումը նույնպես ունի իր թերությունները: Մեր բնակլիմայական պայմաններում շատ են դեպքերը, երբ 3-4 տարի հետո ծառի պատվաստված հատվածը չորացել է՝ չորացնելով նաև ծառը։
Արթուր Այվազյան
Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտես
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Ալեքսանյանի մեկնաբանությամբ, ինտենսիվ այգիներ հիմնելու համար պետք է ոտքից գլուխ հողն անալիզի ենթարկվի, պարզվի քանի՞ գրամ ազոտի, քանի՞ գրամ ֆոսֆորի, կալիումի, մագնեզումի, ցինկի կարիք ունի, ե՞րբ և որքա՞ն է օդի հարաբերական խոնավությունը, ճառագայթումը, որպեսզի ցանկալի բերք ապահովվի։ Իսկ մենք, վայրենի կերպով, առանց հասկանալու, ասում ենք ցանենք, ազոտը տանք, թող բույսի հետ ինչ լինում է լինի։
Հենրիկ Ալեքսանյան
Գյուղատնտես, բնապահպան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Դավթյանն ասում է,-«Միջազգային պրակտիկայում յուրաքանչյուր նոր կուլտուրա երկիր ներմուծելիս նախ պետք է հասկանալ տվյալ կուլտուրան կարող է հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին: Եթե նույնիսկ ցուցանիշներն առաջին հայացքից դրական միտումներ ունեն, մի քանի տարի կպահանջվի բույսին լիարժեք ուսումնասիրելու և գնահատական տալու համար: Բացի այս ամենը, շատ կարևոր է, թե բույսը նոր պայմաններում որքանով կպահպանի իր տեխնիկական ցուցանիշները և ինչպես իրեն կդրսևորի հիվանդությունների նկատմամբ: Շատ են լինում դեպքեր, երբ կուլտուրան ընդհանրապես չի հարմարվում տեղի միջավայրին և մեռնում է»։
Սամվել Դավթան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, "Դավթյան ֆարմս" ընկերության հիմնադիր
Գյուղացու զգուշությունն արդարացված է
Այս երևույթները հաշվի առնելով, գյուղացիական տնտեսությունները վերապահումով են մոտենում ծրագրին: Արմավիրի մարզում 2018 թվականին ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվել էր մարզում հիմնել 410 հա ինտենսիվ այգի: Ըստ մարզպետարանի պաշտոնական հաշվետվության՝ ծրագիրըչիիրականացվել: Ծրագիրը չի իրականացվել նաև 2019 թվականին։
Ի՞նչ անել
Նախ Հայաստանը չպետք է հրաժարվի ավանդական մշակաբույսերից։ Հայկական ավանդական մրգերը միայն իրենց համային և որակական ցուցանիշներով կարող են մրցակցել արտաքին շուկաներում։

Իսկ եթե ինտենսիվ արագաճ այգիների անցումը այլընտրանք չունի, իշխանությունները նախ պետք է խրախուսեն խաղողի վազերի և պտղատու ծառատեսակների տնկարաններ ստեղծելու ծրագրերը կյանքի կոչելուն, որտեղ փորձարկումների միջոցով կընտրվեն և կարտադրվեն Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարվող ինտենսիվ արագաճ ծառատեսակներ ու խաղողի վազեր:


Այս ամենն իրականություն դառնալուց հետո միայն հնարավոր կլինի խոսել և խրախուսել ինտենսիվ արագաճ այգիներ հիմնելու ծրագրերը, - ասում է «Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիրն ու իր օրինակով կիսվում ֆերմերների հետ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website