Հայաստանի գյուղատնտեսության մայրամուտը,
Վրաստանի գյուղատնտեսության արևածագը

Երեք տասնամյակ է, ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ոչ մի տեղաշարժ չկա։ Անտեղյակ չինովնիկների անարդյունավետ ծրագրերի շքերթը շարունակվում է։ Միլիարդավոր դրամները քամուն են տրվում։ Զուգահեռների միջոցով խաղողագործության համատեքստում համեմատենք մեր երկրի գյուղատնտեսությունը Վրաստանի գյուղատնտեսության հետ։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ֆերմեր Արայիկ Մովսիսյանը մոտ 2 հեկտար խաղողի այգի ունի, որի մի մասը` սեղանի տեսակի, մյուս մասը՝ տեխնիկական տեսակի խաղողի վազեր են։ Մովսիսյանը խաղողի մշակության գաղտնիքներին լավ է տիրապետում, ունի սեփական գյուղտեխնիկա և անհրաժեշտ բոլոր գործիքներն ու պայմանները խաղողագործությամբ զբաղվելու համար, սակայն տարեցտարի եկամուտները նվազում են, խնդիրները՝ ավելանում։ Մովսիսյանն առանց դժվարությունների տարի չի հիշում՝ կամ բնական աղետ, կամ իրացման խնդիր։ Օրինակ, անցյալ տարի բնական աղետ չկար։ Տեխնիկական տեսակը գործարանին հանձնեց, իսկ սեղանի տեսակը՝ գնորդ չունենալու պատճառով մնաց վազերին: Ստիպված այգեգործը բերքը հավաքեց ու սառնարանում պահեստավորեց՝ հույս ունենալով ավելի ուշ վաճառքի հանել: Կրկին խաղողն իրացնել չհաջողվեց, ստիպված օղի թորեց։ Օղին նույնպես իրացնել չկարողացավ։ Մառանում պահեստավորված օղու ճակատագիրն անորոշ է։
Մովսիսյանի խոսքով, խաղողի մշակությամբ զբաղվելն աշխատատար է և մեծ ծախսեր է պահանջում։ Վաղ գարնանից մինչև ուշ աշուն բոլոր գործողությունները գումար են պահանջում։ Իսկ այդ ամենից հետո, չգիտես, կարո՞ղ ես բերքդ իրացնել այնպիսի գնով, որ ծախսերը փակես և ընտանիքդ պահես, թե՞ փաստի առաջ կկանգնես։

Վրաստանի Կախեթիի մարզի Գորիի տարածաշրջանի Կակաբետի գյուղի բնակիչ Դմիտրի Օկորոնգեցիշվիլին ունի մեկ հեկտար տեխնիկական սորտի խաղողի այգի։ Նրա խոսքով, խաղողի մշակությունը Վրաստանում համարվում է գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ Վրաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում խաղողի այգիների ծավալներն ավելացել են 50 տոկոսով։ Պետությունն այս բնագավառը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում։ Դմիտրի Օկորոնգեցիշվիլին իրացման խնդիր չի ունենում, ընտրությունը մեծ է։ Եթե վերամշակող կազմակերպությունները մեծ գին առաջարկեն, ուրեմն բերքի մի մասը կվաճառի մթերողներին, եթե ոչ, ապա ամբողջ բերքը կուղղի գինու պատրաստմանը։ Դմիտրին հիմնել է ընտանեկան "Օկրոուլա" ընկերությունը։ Համապատասխան վերամշակման գործողություններ կատարելով, համապատասխանեցնելով երկրի ընդունած չափանիշներին, շշալցում կիրականացնի և իր սեփական ապրանքանիշով, որի համար բոլոր իրավական փաստաթղթերն ունի, պատրաստի գինին խանութներին կհանձնի։
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Վրաստանի բնակլիմայական պայմանները տարբեր են։ Օրինակի համար համեմատենք Արմավիրի մարզում և Վրաստանի Կախեթի տարածաշրջանում խաղողի մշակման նրբությունները։ Արմավիրի մարզում խաղողի մշակության մեկնարկը տրվում է այգեբացով՝ փետրվար-մարտ ամիսներին, և ավարտվում նոյեմբերի վերջին՝ այգեթաղով։ Կախեթիում նման գործողություններ չեն կատարվում, այգեթաղ գոյություն չունի։ Մեզ մոտ խաղողը տարվա ընթացքում 4-5 անգամ պետք է ոռոգել: Այս հասկացությունն էլ Կախեթիում չկա: Օդի բարձր հարաբերական խոնավությունը թույլ է տալիս առանց ոռոգման համակարգի զբաղվել խաղողի մշակությամբ։
ՀԱՅԱՍՏԱՆ
ՎՐԱՍՏԱՆ
Պետական աջակցության ծրագրեր
Հետխորհրդային բոլոր երկրներում գյուղատնտեսությունը հայտնվեց զրոյական վիճակում և խիստ անհրաժեշտություն առաջացավ մշակելու ճանապարհային քարտեզ՝ բնագավառը զարգացնելու և հարմարեցնելու նոր շուկայական հարաբերություններին։ Ստեղծված իրավիճակում վճռորոշ էր, թե երկրի իշխանությունները որքանով են կարևորում բնագավառը։ Փորձենք համեմատել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերն ու դրանց արդյունավետությունը:
Հայաստանում առայժմ գոյություն չունի ագրարային ռազմավարություն։ Անկախության առաջին տարիներից մինչ օրս կարճաժամկետ և երկարաժամկետ տեղայնացված պետական աջակցության ծրագրեր են իրականացվել, որոնք ուղեկցվել են կոռուպցիոն դրսևորումներով։ Գրեթե բոլոր պետական աջակցության ծրագրերով քրեական գործեր են հարուցվել։ Դիզվառելիք, պարարտանյութ, էլիտար ցորենի սերմացու, ոռոգման համակարգի վերականգնում, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ և այլն. Հայաստանում չկա գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի հետևանքը եղել է այն, որ գյուղնշանակության հողատարածքների մոտ 40 տոկոսը չի մշակվում։ Հետաքրքիրն այն է, որ նախարար Սերգո Կարապետյանի պաշտոնավարումից հետո (2016թ.) նշանակված նախարարները նույնիսկ գյուղատնտեսական կրթություն չեն ունեցել և ստանձնել են ժառանգած անարդյունավետ ծրագրերի պահպանության գործը։ Բնական է, տեղաշարժ չապահովող նախարարության պահելն այլևս անիմաստ դարձավ և այն, որպես աքսեսուար, մտավ Էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ։
Վրաստանի գյուղատնտեսությունը, խորհրդային մյուս հանրապետությունների նման, սկսեց անկում ապրել։ Ի տարբերություն մյուս հանրապետությունների, Վրաստանի գյուղատնտեսության անկումային ժամանակահատվածն ավելի երկար տևեց՝ մինչև 2006 թվականը։
Քաղաքների գործազրկության պատճառով սկսեց ավելանալ գյուղատնտեսության բնագավառում զբաղվածության մակարդակը։ Եթե 1990 թվականին զբաղվածությունը կազմում էր 25,2 տոկոս, 1995 թվականին դարձավ 54,4 տոկոս, իսկ 2006 թվականին՝ 55,6 տոկոս։ Զբաղվածության մակարդակի բարձրացումը չէր նպաստում բնագավառի զարգացմանը։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում անկում էր արձանագրվում։ Համաշխարհային բանկի տվյալներով, Վրաստանի գյուղատնտեսության ավելացված արժեքի ծավալի գրաֆիկը՝ ըստ տարիների, այսպիսի տեսք ուներ։
Նման իրավիճակ էր տիրում գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում։ Վրաստանի իշխանություններն այս տարիների ընթացքում փորձեր էին կատարում գյուղատնտեսությունը դուրս բերելու ճգնաժամային իրավիճակից, սակայն դրանց էֆեկտիվությունը շատ ցածր էր և էական դրական ազդեցություն չէր ունենում բնագավառի վրա։ Վրաստանում գյուղատնտեսությունը դարձավ երկրի զարգացման գերակա ճյուղերից մեկը և մշակվեց բնագավառի զարգացման ռազմավարություն։ 2008-2010 թվականների միջազգային ճգնաժամի պատճառով դրական տեղաշարժեր չնկատվեցին, սակայն 2011 թվականից հետո Վրաստանի գյուղատնտեսությունը ռեկորդային ցուցանիշներ արձանագրեց։

Հայաստանում պետական ծրագրերի արդյունավետությունը
Չնայած գյուղատնտեսության նախարարություն այլևս չկա, սակայն դեռ պահպանվում է «ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն» վերնագրով կայքը, որտեղ գրքույկի միջոցով ներկայացված է 2019 թվականի գյուղատնտեսության պետական օժանդակության ծրագրերի ցանկը։ Ըստ գրքույկի և պետական բյուջեի հոդվածների, պետությունը գյուղատնտեսության զարգացման համար 2019 թվականի ընթացքում պետք է իրականացնի 11 օժանդակության և աջակցության ծրագրեր, որոնցից 9-ին, ըստ գրքույկի և մանրամասն վերլուծությունների, մեծ տեղ է տրվում։
Օգտվելով ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալներից, փորձենք աղյուսակի օգնությամբ հասկանալ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ որքանով են կյանքի կոչվել այս 9 ծրագրերը։


2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գյուղատնտեսության ոլորտին ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքը
Աղյուսակից պարզ երևում է, որ ծրագրերի ընդհանուր արդյունավետությունը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում ընդամենը 27,15 տոկոս է։ Իսկ եթե աղյուսակից հանենք «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը պարզ պատճառով, որ գյուղացին տասնյակ տարիներ վարկ վերցրել է և վերցնելու է անկախ սուբսիդիայից, մնացած ծրագրերի արդյունավետությունը կկազմի 9,46 տոկոս։

Սա չի նշանակում, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ձեռքները ծալած նստել են: Մեկ այլ աղյուսակով ներկայացնենք, թե ինչ են արել։

9 ամիսների կատարած աշխատանքների կատարողականից երևում է, որ պատասխանատուները բավարարվել են աջակցելով, փորձաքննելով, զարգացնելով, բարելավվելով, ուսումնասիրելով և աշխատավարձ ստանալով։ Նույնիսկ դրամաշնորհային ծրագրերի մասով զրոյական արդյունք են ապահովել։
Վրաստանում պետական ծրագրերի արդյունավետությունը
Վրաստանում գյուղատնտեսությունը 2012 թվականից համարվում է տնտեսության գերակա ճյուղ և այս կապակցությամբ գյուղացիական տնտեսություններին տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն է տրվում օգտվել մատչելի տոկոսադրույքներով վարկերից, անհատույց օժանդակություններից, տեղական և միջազգային դրամաշնորհներից, անվճար ծառայություններից ու անվճար արտոնագրերից։ Վրաստանում գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր է մշակված, որը տարածվում է ինչպես գյուղմթերք արտադրողների, այնպես էլ՝ վերամշակողների ու ենթակառուցվածքների վրա։

Վրաստանում իրականացվող ծրագրերի շնորհիվ տարեցտարի արտաքին շուկաներում ավելանում է վրացական գյուղատնտեսական մթերքի և պատրաստի արտադրանքի պահանջարկը, որի շնորհիվ ավելանում են մշակվող հողատարածքներն ու արտադրական հզորությունները։ Միայն վերջին 5 տարիների ընթացքում խաղողի այգիների ծավալն ավելացել է 50 տոկոսով, իսկ խաղողի վերամշակող կազմակերպությունների քանակը հասել է 300-ի։
ՀԱՅԱՍՏԱՆ
ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանում և Վրաստանում պետական ծրագրերի արդյունավետությունը
Հայաստանում 2019 թվականին նախատեսվող պետական աջակցության ծրագրերի մի մասը ներդրվել է առանց մասնագիտական վերլուծության, մյուս մասն էլ այնքան ծախսեր է պահանջում, որ գյուղացին նման ռիսկի տակ երբեք չի մտնի։

Արայիկ Մովսիսյանը լուրջ չմոտեցավ կաթիլային ոռոգման համակարգի անցնելու մեր հարցմանը։

Օրինակ, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը – Այս ծրագրով նախատեսված է 2019 թվականին պետական բյուջեից ծախսել 284.9 միլիոն դրամ: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, սակայն 9 ամիսների ընթացքում ծախսվել է 31,34 միլիոն դրամ։ Խնդիրը կայանում է նրանում, որ կաթիլային ոռոգում կարելի է իրականացնել այն երկրներում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը 70 տոկոսից ավելի է։ Սա նշանակում է, որ նույնիսկ առանց ոռոգելու կարելի է զբաղվել բույսերի աճեցմամբ։ Նման հարաբերական խոնավության պայմաններում բույսն իրեն անհրաժեշտ խոնավությունը վերցնում է մթնոլորտից, իսկ չնչին քանակությամբ կաթիլային ոռոգումը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ բույսի զարգացման համար։ Մեր երկրում հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ եղանակային քարտեզի, օդի հարաբերական խոնավությունը միանիշ թվով է չափվում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կաթիլային ոռոգման համակարգը երբեք արդյունավետ չի կարող լինել։ Գյուղացիական տնտեսությունները դա հասկանում են, մնում է հասկանան ծրագրի հեղինակները։

Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում - Այս ծրագրով առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին մեկ հեկտարի հաշվով 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով վերցնել 3,6-8,5 միլիոն դրամ վարկ։ Գյուղացու համար նման վարկ վերցնելն ավելի շուտ ինքնասպանություն է, քանի որ ռիսկերը հսկայական են։ Գյուղացին մինչև վարկի մարելը, այսինքն 7 տարի, ֆինանսական խնդիրներով միայն վարկ պետք է սպասարկի, իսկ եթե հանկարծ ցրտահարություն կամ երաշտ լինի, գյուղացին կործանված է։ Գյուղացիական տնտեսություններն ավելի շուտ կհամաձայնեն 3 կամ 4 տարին մեկ անգամ կարկտահարվել, քան մտնել այդ ռիսկային դաշտը։ Մեկ այլ հարց է, թե քանի տարի են ծառայելու ցանցերը։ Ծրագիրը կատարվել է 13,2 տոկոսով։

Նույն տրամաբանությամբ գյուղացիական տնտեսությունները խուսափում են օգտվել «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման» ծրագրից: Այս ծրագրով ծախսերը տատանվում են 10-20 միլիոնի միջակայքում և վարկի մարման ժամկետը սահմանված է 8 տարի։ Ինչո՞վ է ապրելու գյուղացին մինչև առաջին բերքահավաքը, որը սպասվում է այգու հիմնումից 3-4 տարի հետո, կամ որտեղի՞ց է ձեռք բերելու արդեն Հայաստանում փորձաշրջան անցած տնկիները, սրանց պատասխաններն առայժմ գոյություն չունեն։ Ծրագիրը կատարվել է 11,0 տոկոսով։

Մնացած ծրագրերին կարելի է չանդրադառնալ, քանի որ բոլորը պատճենված են այլ երկրների հաջողված փորձերից, սակայն առանց հաշվի առնելու Հայաստանի բնակլիմայական պայմաններն ու գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները։
Վրաստանում ամենատարածված ծրագիրը ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրումն է։ Միայն 2018 թվականին այս վարկերից օգտվել են 32 հազար գյուղացիական տնտեսություններ, որի ընդհանուր գումարը կազմել է 698 միլիոն դոլար։ Արդյունքում իրենց աշխատանքը սկսեցին 185 նոր ձեռնարկություններ և 880 ձեռնարկություններ վերազինվեցին նոր տեխնոլոգիական սարքավորումներով։

«Տնկիր ապագադ» ծրագրով պետության կողմից 100 տոկոսով ֆինանսավորում են ստանում այն գյուղացիական տնտեսությունները, որոնք նոր մրգատու այգիներ են հիմնում կամ ընդլայնում են եղած պտղատու այգիները։ 70 տոկոսով ֆինանսավորվում են նոր մշակաբույսերի ներդրման ծրագրերը։ 50 տոկոսով ֆինանսավորվում են ոռոգման արդիական համակարգ ներդնողները։

Այս ծրագիրը տարածվում է գյուղատնտեսության հետ առնչվող բոլոր բնագավառների վրա: Վերամշակողների կատարած ծախսերը նույնպես հատուցվում են 50 տոկոսով։

«Երիտասարդ գործարար» ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին ներգրավվելու գյուղատնտեսության մեջ: Այդ կապակցությամբ պետությունը ծրագրի արժեքի 40 տոկոսը ֆինանսավորում է դրամաշնորհի տեսքով։ Արդյունքում, միայն 2018 թվականին, 100 երիտասարդներ գյուղատնտեսության բնագավառում սկսել են իրենց բիզնեսը։

Պետական սուբսիդավորմամբ ապահովագրությունը մեծ խթան հանդիսացավ Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար։ Պետությունը սկզբնական շրջանում ապահովագրական վճարների 70 տոկոսը վերցրեց իր վրա, այնուհետև, արդեն կայացած ճյուղերում, սուբսիդավորումը նվազեցրեց՝ հասցնելով 50 տոկոսի։

Վրաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում խաղողագործությանը և գինեգործությանը։ Այս նպատակով պետությունը սուբսիդիաների, դրամաշնորհների միջոցով խթանել է խաղողագործության զարգացմանը։ Պետության կողմից ամենակարևոր քայլը եղել է խաղողի մթերման գների պահպանումը։ Արդյունքում խաղողագործությունը դարձել է ամենաեկամտաբեր բնագավառներից մեկը, և պատահական չէ, որ 2018 թվականին Վրաստանում արտադրվել է 245 հազար տոննա խաղող: Ցուցանիշը մի քանի անգամ ավելի է 2008 թվականի ցուցանիշից։ Պետությունը մեծ ծախսեր է կատարում Վրաստանի ավանդական խաղողի տեսակները պահպանելու համար։ Այսօր Վրաստանում գործում են խաղող վերամշակող 292 կազմակերպություններ, որոնք տարեկան 78-82 միլիոն շիշ գինի են արտահանում 53 երկրների շուկա։

Վրաստանը կոոպերատիվների մեջ է տեսնում գյուղատնտեսության ապագան և կոոպերատիվների ստեղծումը սկսել է ըստ բնագավառների։ Միայն 2018 թվականին Վրաստանի ցածրադիր շրջաններում ստեղծվել են 10 կաթի վերամշակման և 10 խաղողի վերամշակման կոոպերատիվներ։ Բարձրադիր շրջաններում 2017-2018 թվականների ընթացքում ստեղծվել են չորս տասնյակ անասնապահական կոոպերատիվներ: Պետությունը նրանց հատկացրել է արոտավայրեր 25 տարի ժամկետով և օժանդակել է կերի արտադրամասեր հիմնելու համար։

Վրաստանի տարածքում տեղադրվել և տեղադրվում են հակակարկտային հրթիռային կայաններ: Կախեթիի տարածաշրջանն ամբողջությամբ պաշտպանված է կարկուտից: Մյուս շրջաններում աշխատանքները շարունակվում են։

Վրաստանը, գյուղտեխնիկայի և սարքավորումների հետ կապված, բացի սուբսիդավորվող ծրագրերից, ունի նաև անհատույց աջակցության ծրագիր։ Այս ծրագրից օգտվում են ինչպես գյուղացիական տնտեսությունները, այնպես էլ՝ վերամշակող կառույցները։
Գյուղացիական տնտեսություն - պետական աջակցություն
Ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Վրաստանում, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը միտված են զարգացնելու բնագավառը։ Խնդիրը կայանում է նրանում, թե որքանով են իրատեսական այդ ծրագրերը և ինչպիսի գործիքներ են կիրառվում դրանք կյանքի կոչելու համար։ Մեր դիտարկումներով Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի մեջ ռիսկեր կան, քանի որ իրականացման ճանապարհն անցնում է բանկային համակարգով, իսկ Վրաստանում իրականացվող շատ ծրագրեր կյանքի են կոչվում դրամաշնորհների, անհատույց աջակցության միջոցով։
Գյուղատնտեսության տեսակարար կշիռը Հայաստանում
ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տվյալների, գյուղատնտեսության տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ամենաբարձրն է և կազմում է 13,7 տոկոս։ Նույն աղբյուրի տվյալների համաձայն, գյուղատնտեսության մեջ ներգրավված է Հայաստանի ակտիվ բնակչության 40,9 տոկոսը, ինչը նշանակում է գյուղատնտեսությունը զբաղվածության մակարդակով էլ առաջատար ճյուղ է։
40 տոկոսի հասնող անմշակ հողատարածքների համատեքստում ենթադրվում է, որ այս ցուցանիշները բարելավվելու մեծ պոտենցիալ կա և պետությունը ջանք ու միջոցներ չպետք է խնայի բնագավառը զարգացնելու համար։

Համեմատության համար բերենք այլ երկրների տվյալներ՝
Միջազգային պրակտիկայում, եթե երկիրը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը և ապահովել իր պարենային անվտանգությունը, առնվազն պետական բյուջեի 15-20 տոկոսը պետք է նախատեսի այդ նպատակի համար։ Մեր երկրում 2019 թվականի պետական բյուջեում գյուղատնտեսությանը հատկացվող գումարի տեսակարար կշիռը կազմում է 0,93 տոկոս։ Եթե հաշվի առնենք, որ 9 ամիսների ընթացքում բնագավառի կատարողականը կազմում է ընդամենը 31,55 տոկոս, պատկերն ամբողջական կդառնա։
Գյուղատնտեսության տեսակարար կշիռը Վրաստանում
Վրաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով 2018 թվականի գյուղատնտեսության տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմում է 9,1 տոկոս։ Նույն աղբյուրի տվյալների համաձայն, գյուղատնտեսության մեջ ներգրավված է Վրաստանի ակտիվ բնակչության 39,7 տոկոսը, ինչը նշանակում է գյուղատնտեսությունը զբաղվածության մակարդակով համարվում է առաջատար ճյուղ։ Մինչև 2012 թվականը պետական բյուջեում գյուղատնտեսությանն ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կազմում էր 1 տոկոս, 2018 թվականին այն հասցվել է 3 տոկոսի։

Կարևորություն տալով գյուղատնտեսությանը, Վրաստանն իր զարգացման ծրագրերը սկսեց փոքր տնտեսություններից, այնուհետև՝ միջին տնտեսություններ: Այսօր մեծ օժանդակություն է ցուցաբերվում կոոպերատիվներին։

Վրաստանում պետական աջակցություններն արդեն իրենց պտուղներն են տալիս՝ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ծավալը գերազանցում է 1,4 միլիարդ դոլարը։ 2020 թվականին Վրաստանում արտահանման ծավալները կգերազանցեն ներմուծման ծավալներին։

Վրաստանում խաղողագործությունն ու գինեգործությունը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ պետությունն աստիճանաբար այս բնագավառը դուրս է բերում օժանդակության ծրագրերից։

Հայաստանի գյուղատնտեսության խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Խնդիրներ լինում են յուրաքանչյուր պահի, նույնիսկ եթե ամեն ինչ իր հունով գնա, անորակ թունաքիմիկատները բավական են, որ ամբողջ բերքը վնասվի։ Արայիկ Մովսիսյանի մեկնաբանությամբ, եթե ժամանակին խաղողի այգում բռնկված հիվանդությունները չբուժվեն, բերքի կորուստն անխուսափելի կդառնա։ Սակայն հաճախ է պատահում, որ ձեռք բերված թունաքիմիկատը անորակ է լինում և մեծ կորուստներ են կրում։

Հայաստանի գյուղատնտեսությունը մեծ պոտենցիալ ունի զարգացման համար։ Ընդամենը պետք է ներդնել ծրագրեր, որոնք համահունչ են մեր բնակլիմայական պայմաններին և գյուղացիական տնտեսությունների հնարավորություններին։

Վրաստանում բոլոր աջակցության ծրագրերն իրականացվում են նպատակային որոշակի ճյուղի կամ որոշակի խմբի շահառուների շրջանում։ Սա է պատճառը, որ Վրաստանի գյուղատնտեսության աջակցության ծրագրերում ընդգրկվում են մեծ թվով շահառուներ, իսկ մեզ մոտ շահառուների թիվը միանիշ թվով է հաշվվում։
Վրաստանի գյուղատնտեսության անբաժանելի մասն են կազմում լրատվամիջոցները, որոնց միջոցով հասարակությունը ծանոթանում է ծրագրերին, հաջողված և միջազգային փորձերին։ Բացի հանրային հեռուստաընկերության պարտադիր 2-ժամյա գյուղատնտեսական ծրագրերը, գործում է «Ագրոգարեմո Տիվի» հեռուստաընկերությունը, որը մեծ մասսայականություն է վայելում Վրաստանում։ Վրաստանի գյուղոլորտի պատասխանատուները պատրաստակամ են շփվելու լրատվամիջոցների հետ և մեր առաջին խնդրանքին՝ մեկնաբանություններ ստանալու Վրաստանի պետական աջակցության ծրագրերից, առաջինն արձագանքեց Գյուղատնտեսության փոխնախարար Գեորգի Իվանաշվիլին, ով մոտ 30 րոպե մեկնաբանություն տվեց ծրագրերի և դրանց արդյունավետության մասին։
Մեր 3-ամսյա բանակցությունները Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ՝ որևէ պատասխանատուի միջոցով մեկնաբանություններ ստանալու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի ընթացքի մասին, արդյունք չտվեցին, իսկ գյուղատնտեսությանը վերաբերող հաղորդումներ, մեկնաբանություններ կամ այլ բնույթի հաղորդումներ ընդհանրապես գոյություն չունեն։
Նյութի պատրաստման համար «ԱԼՏ» հեռուստաընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի «Ագրո» ՏԻՎԻ ընկերությանը, Թելավիի քաղաքապետարանին, Վրաստանի Ժուռնալիստների Ռեսուրս կենտրոնին, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրերի նախարարությանը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website