ԽԱՂՈՂԸ ՄԻԱՅՆ ՈւՏԵԼՈւ ՀԱՄԱՐ ՉԷ
Վաղ գարնանից մինչև բերքի իրացում ռիսկերը հետապնդում են գյուղացուն։ Ռիսկերը կարող են լինել բնության կողմից թելադրված ցրտահարության, կարկուտի, փոթորիկի կամ երաշտի տեսքով։ Բացի այս ռիսկերից, գոյություն ունեն նաև հիվանդությունների և համաճարակների ռիսկեր, որոնք նույնքան վնաս կարող են հասցնել գյուղացիական տնտեսություններին, որքան բնական աղետները։ Գյուղացու համար ամենասարսափելի ռիսկը դա բերքի իրացումն է։ Ամբողջ տարին ընտանիքով չարչարվելով, գումարներ ծախսելով, աճեցնում ու հավաքում է բերքը, բայց գնորդներ չկան, եղածն էլ այնպիսի գին է առաջարկում, որ բերքահավաք կազմակերպելու ծախսերը չի կոմպենսացնում։ Շատ գյուղատնտեսական երկրներում գյուղացիական տնտեսությունների կամ ֆերմերների գործը գյուղմթերք արտադրելն է: Բերքի իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծում է պետությունը՝ իր ներքին և արտաքին քաղաքականության միջոցով։ Զուգահեռներ անցկացնելով, փորձենք ներկայացնել Հայաստանի ու Վրաստանի խաղողի իրացման և գինեգործության հետ կապված խնդիրները։
ՀԱՅԱՍՏԱՆ
Բերքահավաք Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում
Արայիկ Մովսիսյանը 1,8 հեկտար խաղողի այգի է մշակում, մի մասը տեխնիկական տեսակի, մյուս մասը՝ սեղանի տեսակի այգիներով։ Սեղանի տեսակն իրացնում է սեփական ուժերով և վաղօրոք չգիտի ինչ ծավալով և ինչ գնով կարող է վաճառել. ամեն ինչ կախված է գնորդների առաջարկից։ 2018 թվականին գնորդների առատություն չկար, եղածն էլ ձեռնտու գին չէր առաջարկում։ Տեխնիկական տեսակի խաղողը Արայիկը, արդեն 20 տարի է, տալիս է «Արարատ» կոնյակի գործարանին։ Հայաստանում խաղող ամենաշատը մթերում է «Արարատ» կոնյակի գործարանը, և նա էլ թելադրում է մթերման գինը։ Ընտրությունը մեծ չէ: Մի քանի կազմակերպություններ են մթերում խաղողի տեխնիկական տեսակներ և բոլորն իրենց մթերման գները նույնականացնում են «Արարատ» գինու, կոնյակի գործարանի առաջարկած գների հետ։

Մովսիսյանը «Արարատ» կոնյակի գործարանի հետ պայմանագիր ունի և գործարանի հետ համաձայնեցրել է խաղողի մթերման օրերը։ Այս տարի գործարանը մթերման գին է սահմանել 155 դրամ: Որքանո՞վ է ֆերմերին ձեռնտու այս գինը, սա երկրորդական հարց է, քանի որ ընտրության այլ տարբերակ չկա։
Խաղողի մթերման գործընթացում պետությունը համարում է, որ անելիք չունի։ Պետությունը բավարարվում է միայն մթերողին համոզելով, որպեսզի արտադրված ամբողջ խաղողը մթերվի, իսկ թե ի՞նչ գնով, դա պետության խնդիրը չէ։ Սա է պատճառը, որ, փաստացի հաշվարկներով, խաղողի մթերման գները տարեցտարի պակասում են։ Ներկայացնենք 2007-2019 թվականներին խաղողի մթերման գները՝ հաշվի առնելով դրամի արժեքի տատանումները և Հայաստանում պաշտոնական գնաճը։
2007 թվականի համեմատ, Հայաստանում, հաշվի առնելով դրամի փոխարժեքը և 12 տարվա գնաճը, կարելի է արձանագրել, որ խաղողի մթերման գինը նվազել է 55,4 տոկոսով։
Խաղողի մթերման նման գների պայմաններում պետության անտարբերությունն ու երազանքը, որ Հայաստանում կզարգանա գինեգործությունը, առնվազն անգիտություն է։ Պետությունը վերամշակողներին առաջարկում է սուբսիդավորել մթերման կապակցությամբ վերցվող վարկերի տոկոսադրույքները, սակայն վերամշակողներն այս առաջարկությունից չեն գայթակղվում, քանզի դրա կարիքը չունեն և այդ ծրագրի արդյունավետությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 23,7 տոկոս։
ՎՐԱՍՏԱՆ
Միշան 1 հեկտար ռկածիտելի տեսակի խաղողի այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, բերքահավաքն արդեն ավարտում է, հեկտարից 18 տոննա բերք է հավաքել։ Այս տարի ֆերմերը չի ցանկացել մթերման համար առավել գին առաջարկողներին հանձնել բերքը, նախընտրել է ամենամոտ մթերողին, ով կիլոգրամի դիմաց առաջարկել է 1,80 լարի։ Անցած տարի էլ մթերման գները նույնն են եղել, իսկ 2017 թվականին եղել են մթերողներ, ովքեր 1 կգ ռկածիտելի տեսակի խաղողին մինչև 3,50 լարի գին են առաջարկել։ Ավանդույթի համաձայն, մթերման առաջարկվող գները կապված են բերքատվության հետ։

Վրաստանը 53 երկրներ գինի է արտահանում և աշխարհում տարեցտարի մեծանում է վրացական գինու պահանջարկը։ Վրաստանի իշխանությունները բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացնում խաղողի այգիների ծավալների մեծացման, խաղողի ավանդական սորտերի պահպանության և գինեգործության զարգացման համար։ Այս միջոցառումների շնորհիվ 2018 թվականին Վրաստանում արտադրվեց 245 հազար տոննա խաղող: Այս տարի նախատեսվում է ցուցանիշը բարելավվել ևս 10 հազար տոննայով։
Վրաստանում 292 խաղող վերամշակող ընկերություն է գործում և այս հանգամանքով է պայմանավորված մթերման բարձր գները։

Խաղողի մեծ ծավալները և մթերողների բազմությունը ստիպել է Գինու ազգային գործակալությանը ձևավորել խաղողի մթերումը կոորդինացնող շտաբ։ Մթերողները շտաբ են ներկայացնում իրենց անհրաժեշտ խաղողի ծավալները և առաջարկվող գները, իսկ խաղողագործները ներկայացնում են սպասվող բերքի ծավալները։ Շտաբը, ունենալով առաջարկը և պահանջարկը, համակարգում է խաղողի մթերման գործընթացը, ինչի արդյունքում գործընթացից գոհ են մնում և՛ խաղողագործները, և՛ վերամշակողները։ Այստեղ մեծ մրցակցություն է մթերողների միջև, ինչն էլ նպաստում է խաղողի մթերման կայուն գների պահպանմանը։
Լևան Միխազլա , Վրաստանի գինեգործների ասոցիացիայի ղեկավար
Խաղողագործության եկամտաբերությունը Հայաստանում
Հայաստանի խաղողագործությունը գյուղատնտեսության ամենաաշխատատար ճյուղն է։ Խաղողագործները տարվա մեջ խաղողի խնամքով զբաղվում են 8-9 ամիս։ Վաղ գարնանը աշխատանքները սկսվում են այգեբացով և ավարտում ուշ աշնանը՝ այգեթաղով։

Արայիկ Մովսիսյանի մեկնաբանությամբ, այս տարի խաղողի համար բարենպաստ չէր: Խաղողագործները տարին վնասով են փակում և շատերը մտադրված են քանդել խաղողի այգիները։ 2018 թվականին Արայիկը ստացել էր 18 տոննա տեխնիկական տեսակի խաղող, իսկ այս տարի՝ 11 տոննա։ Սպիտակ քիշմիշ ստացել էր 3 տոննա, այս տարի՝ 500 կգ: Կարմիր քիշմիշ 2018-ին ստացել էր 8 տոննա, այս տարի՝ 3 տոննա: Մցխալի տեսակի մեջ փոփոխություն չի եղել՝ անցած և այս տարի 3-ական տոննա է ստացել։ Շահումյան տեսակից անցած տարի ստացել էր 20 տոննա, այս տարի՝ 12 տոննա։ Կարողացել է իրացնել տեխնիկական տեսակը 150 դրամով, քիշմիշի տեսակները՝ 450 դրամով։ Մնացած խաղողը, անցած տարվա պես, գնորդներ չունենալու պատճառով պահեստավորել է սառնարանում։

2018 թվականին սառնարանի խաղողն այդպես էլ չկարողացավ իրացնել և ստիպած օղի թորեց: Մտավախություն ունի, որ նույնը այս տարի կկրկնվի և մառանը կհամալրվի նոր օղու խմբաքանակով։

Արայիկ Մովսիսյանի խոսքով, եթե չունենար տրակտոր և անձամբ իր ընտանիքով չզբաղվեր մշակությամբ, անիմաստ կլիներ այգեգործությամբ զբաղվելը։

Խաղողագործության զարգացման և գյուղացու եկամուտների ավելացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս։ Նույնիսկ այս կապակցությամբ միջոցներ ձեռք չեն առնվում ներմուծվող անորակ սպիրտի շուկան կարգավորելու համար։
Խաղողագործության եկամտաբերությունը Վրաստանում
Վրաստանում խաղողի մշակությունը սկսվում է ապրիլ ամսին՝ վազերի էտով և ավարտվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ բերքահավաքով։ Այստեղ մեղմ ձմեռը չի սպառնում վազերին և պետք չէ անիմաստ ծախսեր կատարել այգեթաղի և այգեբացի համար։ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում, օդի բարձր հարաբերական խոնավության շնորհիվ, խաղողի այգիների գերակշիռ մասը չի ոռոգվում։

Այգեգործ Միշայի մեկնաբանությամբ, խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է 70-75 թեթրի և յուրաքանչյուր կիլոգրամ խաղողից մեկ լարի մաքուր շահույթ է ապահովվում։ Եթե դրամի վերածենք, Վրաստանի խաղողագործության բնագավառում մեկ կիլոգրամ խաղողը ապահովում է 165-170 դրամ շահույթ։

Միշա ձյան մեկ հեկտարից ստացել է 18 տոննա ռկածիտելի տեսակի խաղող, իրացրել 5,5 միլիոն դրամով և մեկ հեկտարի հաշվով ապահովել է 3,0 միլիոն դրամ մաքուր շահույթ։ Նման պայմաններում բնական կարելի է համարել վերջին 5 տարում խաղողի այգիների ծավալների 50 տոկոսով աճը։
Գինեգործությունը Հայաստանում
1980 թվականին Հայաստանում արտադրվում էր մոտ 360 հազար տոննա խաղող։ Խաղողի այգիների ծավալը կազմում էր 36 հազար հեկտար, որից բերքատու՝ 28 հազար հեկտար։ Խորհրդային տարիներին աստիճանաբար նվազեցին տեսակավոր գինիների արտադրությունը՝ իրենց տեղը զիջելով պորտվեյններին։ Տեսակավոր գինիների արտադրությունը 1980 թվականին նվազեց՝ հասնելով 5,5 տոկոսի, իսկ շարքային գինիների արտադրությունում պորտվեյնների արտադրությունը կազմեց 92 տոկոս։ Նման քաղաքականության պայմաններում նվազեցին խաղողի այգիների ծավալները՝ հասնելով 12 հազար հեկտարի։ Այնուհետև գինեգործության բնագավառում ներդրումներ կատարվեցին և վերականգնվեցին իրացման շուկաների մի մասը, որն իր ազդեցությունն ունեցավ խաղողի այգիների ծավալների ավելացման վրա: Արդյունքում այսօր ունենք 17 հազար հեկտարից ավելի խաղողի այգիներ։

Հայաստանում արտադրվող խաղողը, շնորհիվ արևի և ցածր հարաբերական խոնավության, մեծ շաքարայնություն է ապահովում, որը հնարավորություն չի տալիս պատրաստելու որակյալ, փափուկ, անապակ գինու տեսակներ։ Փոխարենը, Հայաստանի խաղողով ստացվում են կիսաքաղցր որակյալ գինիներ։

Հայաստանում գործում են 50 խաղող վերամշակող ընկերություններ, որոնցից 12-ը՝ խոշոր: Վերջիններին բաժին է ընկնում վերամշակման 80 տոկոսը։
2018 թվականին Հայաստանում արտադրվել է 8,9 միլիոն լիտր գինի, որից մոտ 1,8 միլիոն լիտրը արտահանվել է։ Հայաստանի գինին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ պետություններ, Եվրոմիության պետություններ և ԱՄՆ։ Արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս։

Հայկական գինիները ճանաչման խնդիր ունեն: Այդ է պատճառը, որ բնագավառում լուրջ ներդրումներ չեն կատարվում։ Արտահանման՝ հիմնականում ռուսական շուկայի անկայուն վիճակը, պարբերաբար խնդիրներ է առաջացնում գինեգործների համար։ Օրինակ, միայն 2014 թվականի ռուսական ռուբլու անկումը աղետալի հետևանքներ ունեցավ գինեգործների համար։ Բանը հասավ նրան, որ մթերողները չէին կարողանում կատարել այգեգործների նկատմամբ իրենց պարտավորությունները։

Հայաստանի գինեգործության զարգացման համար չկա ճանապարհային քարտեզ։ Գինու փառատոնները դեռ ոչ մի երկրում չեն զարգացրել բնագավառը։
Գինեգործությունը Վրաստանում
Վրաստանում գինեգործությունը համարվում է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև երկրի տնտեսության գերակա ճյուղ։ Այս նպատակով իշխանությունները ջանք ու միջոցներ չեն խնայում վրացական գինու ապրանքանիշը ճանաչելի դարձնելու ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ վրացական գինին այսօր արտահանվում է աշխարհի 53 երկրներ, իսկ արտահանման ծավալները հասել են տարեկան 252 միլիոն շշի։

Վրաստանի գինեգործությունը ներկայացնենք մեկ խաղողագործի օրինակով։
 
Կախեթի տարածաշրջանի Կակաբետի գյուղի բնակիչ Դմիտրի Օկորոնգեդիշվիլին մեկ հեկտար ռկածիտելի տեսակի խաղողի այգի ունի։ Նախկինում, մյուս այգեգործների նման, ունեցել է բազմաթիվ խնդիրներ՝ կապված գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների և իրացման հետ։ Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ աստիճանաբար խնդիրները մեղմացել են, իսկ մթերվող գները՝ դարձել ընդունելի։
Դմիտրի Օկորոնգեդիշվիլին ցանկացել է իր խաղողն այլևս անձամբ վերամշակել և այդ կապակցությամբ դիմել է գյուղատնտեսության նախարարություն՝ ստանալու արտոնագիր որոշակի տեսակի գինիներ պատրաստելու համար։ Նախարարությունն անվճար հիմունքներով Դմիտրիին արտոնագիր է տվել։ Այնուհետև Դմիտրին, ներկայացնելով իր կողմից պատրաստված գինու տեսականին, նորից դիմել է նախարարություն՝ այս անգամ ֆինանսական աջակցություն ստանալու, գինու շշալցման արտոնագիր ստանալու և իր ապրանքանիշը գրանցելու խնդրանքով։
Կարճ ժամանակում, անվճար հիմունքներով, խնդրանքը բավարարվել է։ Դմիտրին, ստանալով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը՝ որպես դրամաշնորհ, սկսում է իր արտադրական և իրացման գործընթացը։ Դմիտրին արդեն ցանկանում է իր բիզնեսն ընդլայնել՝ գինեգործությունը համադրելով տուրիզմի հետ։ Այս կապակցությամբ արդեն սկսել է աշխատանքները և աջակցություն ստանալու ակնկալիքով պատրաստվում է դիմել իշխանություններին։
Այս ճանապարհով են անցել խաղող վերամշակող 292 տնտեսվարողների գերակշիռ մասը։ Նույն ճանապարհով է անցել նաև Կախեթի տարածաշրջանի Թելավի քաղաքի հարևանությամբ գործող «Շումի» ընկերությունը, որն այսօր իր գինու տեսականին արտահանում է աշխարհի 23 երկրներ, իսկ 2020 թվականից ծրագրել է մուտք գործել նաև հայկական շուկա։
«Շումի» ընկերության ընդարձակ տարածքը միշտ մարդաշատ է: Այն դարձել է Վրաստանի պահանջված զբոսաշրջության վայրերից մեկը։ Ամեն օր 300-400 արտասահմանցի այցելուներ են հաճախում «Շումի» ընկերություն։ Զբոսաշրջության ծրագրի մեջ են մտնում գործարանի պատմությունը, հնեցման մառանները, գինու տեսականու հետ ծանոթացումը, համտեսումը, գինիների գնումը և վրացական խորտիկների ճաշակումը։ Գործարանի տարածքում կան նաև այգիներ վրացական և արտասահմանյան խաղողի 530 տեսակի վազերով, որտեղ զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում համտեսել նաև խաղողի տեսակներից։
 
Վրաստանում գինեգործությունը զարգանում է համակարգված: Պետության կատարած ներդրումներն արդեն տվել են իրենց պտուղները և պատահական չէ, որ նախատեսվում է գինեգործության աջակցության ծրագրերը հասցնել նվազագույնի և դադարեցնել։
Հայաստանում գինեգործության զարգացման համար նպաստավոր պայմանները կան։ Մնում է պետության մասնագիտական մոտեցումը և քայլերի ձևակերպումը։ Հայաստանում յուրաքանչյուր այգետեր տնային պայմաններում գինի է պատրաստում և հնեցնում, պետության անելիքը մնում է կոորդինացնել այդ ներուժը։ Խաղողի այգիների ծավալները գերազանցում են պահանջարկը: Դա է վկայում մթերման գների մոնոտոն նվազումը։ Նախկին 1000 դրամ արժեքով գինիների գները կրկնակի և եռակի անգամ ավելացել են, ինչն իր ազդեցությունը չի ունենու գինու հումքն արտադրողի գրպանի վրա։

Պետությունը գյուղատնտեսության ապագան տեսնում է կոոպերացիաների կազմավորման մեջ, բայց երբեք պետությունը գյուղացուն չասաց.- «Եթե դուք միավորվեք, կոոպերատիվ ստեղծեք, ես ձեզ սարքավորումներ կտամ, թույլտվություններ կտրամադրեմ, դուք էլ ձեր խաղողից կպատրաստեք գինի և կվաճառեք»։ Հակառակ սրան պետությունն ասում է.- «Եթե ուզում ես գինի պատրաստես, պետք է վճարես, ուզում ես վաճառես պետք է վճարես, ուզում ես շշալցնես, էլի պետք է վճարես»։

Պետությունը պետք է ամեն կերպ իրավական կարգավորումներով խոչընդոտի գինիների և սպիրտի ներմուծմանը Հայաստան, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի խաղողի այգիների ծավալների ընդլայնման և մթերման գների կարգավորման համար։

Վրաստանի թվային տվյալները զարգացած գինեգործության ապացույցն են և Հայաստանի իշխանությունները՝ հանձինս բնագավառի պատասխանատուների, հետևություններ անելու պատճառներ շատ ունեն։
Նյութի պատրաստման համար «ԱԼՏ» հեռուստաընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի «Ագրո» ՏԻՎԻ ընկերությանը, Թելավիի քաղաքապետարանին, Վրաստանի Ժուռնալիստների Ռեսուրս կենտրոնին, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրերի նախարարությանը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website