Ատոմակայանի կողքին բնակչության պաշտպանությունը կաղում է
Կյանքում ամեն ինչ հնարավոր է, և մարդկությունն իր գոյության միլիոնավոր տարիների ընթացքում միշտ պատրաստվում է դիմակայելու բնական և մարդածին անակնկալներին։

Մի պահ ենթադրենք, որ հայկական ատոմակայանի միջուկային ռեակտորում պայթյուն է տեղի ունեցել, ինչը ոչ ոք չի կարող բացառել։ Այս աղետը մյուսներից (երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, պայթյուն) տարբերվում է նրանով, որ մարդու համար անվտանգ տարածք է հանդիսանում շինության ներսի հատվածը։

Այսօր յուրաքանչյուր պետական կամ մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների ու մանկապարտեզների պատերին փակցված են տարհանման սխեմաները, որը ենթադրում է, որ քաղաքացին տագնապի դեպքում պետք է հնարավորինս կարճ ժամանակում սլաքների ուղղորդմամբ լքի տարածքը։ Բայց ի՞նչ է անելու քաղաքացին, երբ տագնապը վերաբերելու է ռադիոակտիվ ճառագայթման վտանգին։


Փորձենք հասկանալ, որքանո՞վ է հայկական ատոմակայանի ռիսկային գոտում բնակվող հասարակությունը պատրաստ կատարելու գործողություններ ռադիոակտիվ ճառագայթման վտանգի պայմաններում։
Ի՞նչ ունենք

Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանի մեկնաբանությամբ, ատոմակայանի աղետի դեպքում բոլոր գործողություններն իրականացվելու են կառավարության համապատասխան որոշման համաձայն։ Բացի այդ, պարբերաբար ուսումնական վարժանքներ են անցկացվում ռիսկային գոտում գտնվող համայնքներում։ Մարգարյանի խոսքով, հասարակությանը տեղեկացնելու նպատակով նախատեսված են տագնապ ազդարարելու տարբեր միջոցներ։ Մարգարյանը նշեց նաև, որ հաշվարկված են նաև ռիսկային գոտու բնակավայրերի նկուղային տարածքների մակերեսները։ Կառույցի ղեկավարը նշեց նաև, որ ռադիոակտիվ ճառագայթման վտանգի դեպքում ամենաարդյունավետ պաշտպանության տարբերակը նկուղներում թաքնվելն է և շնչառական օրգանները դիմակով պահպանելը։
Դպրոցներում և մանկապարտեզներում միայն տարհանման ելքեր կան , ապաստանարններ չկան

Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 դպրոցի տնորեն Գևորգ Առաքելյանի խոսքով, դպրոցի աշակերտներն ուսումնական ծրագրերի շրջանակում տեղեկանում են, թե ինչ գործողություններ պետք է անեն տագնապի ազդարարման դեպքում։ Տնօրենի խոսքով, դպրոցի միջանցքներում փակցված են սխեմաներ, որտեղ սլաքներով ցույց են տրված շենքից դուրս գալու ուղղությունները։
Դպրոցի ռազմագիտության ուսցիչ Մանվել Ադիլյանը մանրամասն ներկայացրեց աշակերտների տարհանման սխեմաները, իսկ, կապված ռադիոակտիվ ճառագայթման վտանգից պաշտպանվելու գործողությունների հետ, ասելիք չուներ, քանի որ 850 աշակերտ ունեցող դպրոցն ուներ պահեստի վերածված փոքրիկ նկուղ, իսկ անհատական պաշտպանության համար նախատեսված պարագաներ՝ ընդհանրապես չուներ։

Մենք այցելեցինք Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ՝ պարզելու, թե որքանով են պաշտպանված մանկապարտեզի թվով 180 երեխաները ռադիոակտիվ ճառագայթման վտանգից։ Մանկապարտեզի տնօրեն Թամարա Ավետիսյանը մեզ մանրամասն բացատրեց երեխաների տարհանման հնարավոր բոլոր տարբերակները ։ Մանկապարտեզում, նկուղի առկայության մեր հարցին, բացասական պատասխան ստացանք։ Պատասխանը հաստատում է, որ հայկական ատոմակայանի ռիսկային գոտում գտնվող մանկապարտեզի երեխաները ռադիոակտիվ ճառագայթման վտանգից պաշտպանված չեն։
Թիվ 2 դպրոցը և թիվ 8 մանկապարտեզը միակը չեն: Նույն իրավիճակն է մարզի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում՝ առանց բացառության։
Բնակչության պաշտպանության համար նախատեսված են աղբանոցի վերածված նկուղները
Բացի ապաստարանների բացակայությունը, պարզվում է մեր բնակչությունը ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու տարրական գիտելիքներ չունի։ Մեր հարցազրույցների արդյունքում տպավորություն ստեղծվեց, որ բնակիչները Չեռնոբիլի աղետի հետևանքներով են պատկերացնում մոտավոր վտանգի ծավալներն ու իրենց պաշտպանվածությունը։

Դիցուկ, Մեծամորի ԱԷԿ-ի ռիսկային գոտու բնակիչները հստակ գիտեն, թե ինչպես են պաշտպանվելու ռադիոակտիվ ճառագայթման վտանգից, որը ենթադրում է պատսպարվել նկուղային հարկերում՝ գոնե շորի կտորով պաշտպանելով շնչառական օրգանները։ Բայց թե ո՞ր նկուղում պատսպարվի, դա գլոբալ խնդիր է, հատկապես քաղաքային համայնքներում։

Արմավիր քաղաքի բազմաբնակարան ոչ բոլոր շենքերն ունեն նկուղային հարկեր, իսկ ունեցող շենքերի նկուղները կարելի է դասակարգել 2 մասի՝ գործող և անտերության մատնված, չգործող։

Գործող նկուղները, որպես կանոն, ունենում են երկաթե դռներ՝ ներքին և արտաքին հսկայական փականներով։ Չգործող նկուղների պարագայում, բնակչի համար ավելի նախընտրելի կլինի ստանալ ռադիոակտիվ ճառագայթում, քան շնչահեղձ լինել նման նկուղներում։


Եզրակացություն

Հայկական ԱԷԿ-ի ռիսկային գոտում գտնվում է 25 համայնք, որտեղ բնակվում է շուրջ 100 հազար բնակիչ։ 2005թ. դեկտեմբերի 22-ի Կառավարության N 2328 Ն որոշմամբ սահմանվում է ռադիոակտիվ ճառագայթման պայմաններում իրականացվող միջոցառումների ցանկը։

ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի N 134-Ն որոշմամբ սահմանվում է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը։

Կառավարության որոշումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ բնակչությունը տեղեկացված է և պատրաստ է նվազագույնի հասցնել իրեն սպառնացող ռադիոակտիվ ճառագայթման վտանգը։

Մեր բնակչությունը նույնիսկ տարրական պատկերացում չունի, թե ինչ գործողություններ պետք է կատարի Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի պայմաններում։ Ավելին, նույնիսկ չգիտի, թե տագնապի ազդանշանը աղետի որ տեսակն է ազդարարում։





This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website