Մշակույթի տներ կան, մշակույթ չկա
Արմավիրի մարզում 87 մշակույթի տներ կան` լավ, բավարար և վատ վիճակում։ Համայնքները հատկացումներ կատարում են, բայց մշակույթ գոյություն չունի, բացառությամբ Էջմիածին քաղաքի։
Ուսումնասիրելով Արմավիրի մարզի 97 համայնքի ղեկավարների քառամյա ծրագրերը՝ տպավորություն է ստեղծվում, որ մշակույթը, հատկապես գյուղական համայնքներում, համարվում է համայնքի զարգացման անկյունաքարը։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է։
Արմավիրի մարզի մշակույթի տների վիճակագրությունը
Արմավիրի մարզի 97 քաղաքային և գյուղական համայնքներում փաստացի գոյություն ունեն 87 մշակույթի տներ։ Ըստ մարզպետարանից մեզ տրամադրած տվյալների, դրանցից 21-ը գտնվում է լավ,, 24-ը՝ բավարար, իսկ 39-ը՝ վատ վիճակում։ Համաձայն նույն աղբյուրի, միայն 3 մշակույթի տներ են վերանորոգվում։

Այս մշակույթի օջախներում անտրամաբանական երևույթներ են տեղի ունենում: Մարզի 87 մշակույթի օջախներից չեն գործում միայն 26-ը։ Կարելի է ենթադրել, որ չպետք է գործեն վատ վիճակում գտնվող մշակույթի տները, սակայն Գայ և Ծաղկունք համայնքների մշակույթի տները լավ վիճակում են ու չեն գործում։ Բազմաթիվ համայնքներում վատ վիճակում գտնվող մշակույթի տներ գործում են։ Վատ վիճակը ներկայացնենք ինչպիսին է։

Նման մշակույթի տներում կան ակումբի վարիչներ, գեղմասվարներ, դաշնակահարներ, պահակներ։ Թե ինչով են զբաղվում այս հաստիքների աշխատակիցները, երևի համայնքի ղեկավարն էլ դժվարանա պատասխանել։ Տրամաբանությունը տանում է նրան, որ եթե համայնքի հաշվեկշռում գոյություն ունի մշակույթի տուն, ապա պետք է ունենա վարիչ, իսկ վարիչը՝ աշխատակազմ՝ համալրված ոչ պատահական մարդկանցով։
Նման տրամաբանությամբ է առաջնորդվում Արմավիրի մարզի Արագած համայնքը: Մշակույթի տունը վատ վիճակում է, սակայն մշակույթի տան աշխատակիցներին ամսվա կտրվածքով վճարում է 481 հազար դրամ: Նման ոճով է գործում նաև Արշալույս համայնքը, որտեղ ամսական աշխատավարձը կազմում է 1,2 միլիոն դրամ։ Եթե վատ վիճակում գտնվող մշակույթի տներն իրենց տեղական բյուջեից ոչնչի դիմաց այսքան գումարներ են ստանում միայն աշխատավարձի տեսքով, չհաշված կոմունալ և շենքի պահպանման ծախսերը, ապա բավարար և լավ վիճակում գտնվող մշակույթի տների բյուջեները համամասնորեն բավարար և լավ կլինեն։
Մեր բոլոր փորձերը հասկանալու մարզի բոլոր համայնքներում մշակութային տների պահպանման, աշխատավարձերի վճարման կամ կոմունալ ծախսերին տեղական բյուջեից որքան գումարներ են վճարվում, ապարդյուն անցան։ Պարզվեց համայնքային բյուջեն համարվում է «համայնքային մասշտաբի գաղտնիք», որը գաղտնազերծելու համար մեզ չօգնեց համայնքի պաշտոնական կայքում փնտրտուքը, ինչպես նաև Արմավիրի մարզի պաշտոնական կայքը։
Շատ համայնքների մշակույթի տներում, վճարովի հիմունքներով, գործում են սպորտային կամ պարային խմբակներ։ Համայնքի բյուջեի մուտքերում գոյություն չունի հոդված խմբակների վարձավճարների մասով, սակայն բյուջեի ծախսերի մեջ ներառված է մարզիչների կամ պարուսույցների աշխատավարձը։

Մտահոգիչ են վատ վիճակում գտնվող մշակույթի տներում գտնվող գրադարանները, որտեղ գրքերի ֆոնդը ոչ թե պահպանվում, այլ քայքայվում է։ Ասվածի վառ օրինակ է հանդիսանում Արազափ համայնքի գրադարանը: Հաշվապահ Հեղինե Նավասարդյանի մեկնաբանությամբ, ակումբում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, իսկ գրքերի համար հարմար սենյակ չկա։ Մենք էլ դրանում համոզվեցինք, քանզի հարմար սենյակները զբաղեցրել էին ինչ-որ ընկերության պարկերը։
Կան համայնքի ղեկավարներ, ովքեր մեծ ցանկություն ունեն գյուղում ունենալու բարվոք վիճակի մշակույթի տներ՝ գոնե միայն երիտասարդների երեկոյան հանգիստը կազմակերպելու համար: Սակայն, օրինակ, Վարդանաշենի համայնքի ղեկավարի մեկնաբանությամբ, համայնքի բյուջեով մշակույթի տունը վերանորոգելը նույնիսկ տասը տարում գործնականում անհնարին է։

Մի կողմից կարելի է ասել, համայնքը, իր ավագանին և իր հավաքագրած միջոցները ինչպես ցանկանա, այնպես էլ կտնօրինի: Թող էլի տնօրինի, բայց այսքան ծախսերի պարագայում ինչո՞ւ մարզում մշակույթ գոյություն չունի։



This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website