ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ
ՏՈՒԺՈՒՄ Է
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
Արմավիր գյուղի բնակիչ, 16-ամյա Ռոբերտը, 4 տարի է, արտադպրոցական պարապմունքների է հաճախում, պարապում է 4 առարկա՝ հայոց պատմություն, հայոց լեզու, ռուսերեն և անգլերեն։ Ինչո՞ւ է հաճախում արտադպրոցական պարապմունքների և ինչո՞ւ գյուղից դուրս, Ռոբերտն իր մեկնաբանությունն ունի: Նախ՝ պարապում է, որ կարողանա բուհ ընդունվել, իսկ գյուղից դուրս, որպեսզի աչքից հեռու լինի և չարժանանա մյուս ուսուցիչների կողմնակալ մոտեցմանը։ Ռոբերտի խոսքով, ճիշտ է, դժվար է շաբաթը 4 անգամ մարզկենտրոն հասնել և ուշ երեկոյան տուն վերադառնալ, սակայն, եթե ցանկանում է շարունակել ուսումը, ստիպված է հարմարվել դժվարություններին։
Ռոբերտի մոր խոսքով, օրինակ, հայոց լեզու առարկան ուզում էին գյուղում պարապեր, ոչ իր ուսուցչի մոտ, սակայն չէին կարող անտեսել դասղեկին, ով իր հայոց լեզվի ուսուցիչն էր։

Երևան քաղաքի բնակիչ Ն.Ս-ն, ով չցանկացավ հրապարակել իր անունը, պատմեց, որ իր տղան սովորում է 4-րդ դասարանում: Ամուսիններով անգլերենին գերազանց տիրապետում են և իրենց տղան դասարանում աչքի է ընկնում անգլերենի գերազանց իմացությամբ, սակայն դեռ ոչ մի անգամ 9 կամ 10 գնահատական չի ստացել։ Փոխարենը՝ դասարանի շատ աշակերտներ, ովքեր նույն ուսուցչի մոտ արտադպրոցական պարապմունքներում են ներգրավված, անկախ գիտելիքից, 10-ից ցածր գնահատականներ չեն ստանում։ Ն.Ս-ի խոսքով, տղան պարբերաբար տուն է գալիս հերթական 8 գնահատականը ստացած և արցունքն աչքերին պատմում է ուսուցչի անարդարացի վերաբերմունքի մասին։
Ն.Ս-ի դեպքը եզակի չէ և կարելի է հանդիպել հանրապետության յուրաքանչյուր դպրոցում։

Աշակերտների մեծ մասը, ուսումը շարունակելու նպատակով, արտադպրոցական պարապմունքների են մասնակցում, բայց բավական էր շտեմարանի շրջանակներում թեստերի մեխանիկական փոփոխությունը, որ 2018-2019 ուսումնական տարվա միասնական քննությունների արդյունքներում արձանագրվեր կրթական մակարդակի կտրուկ անկում։ Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած պաշտոնական տվյալներով, միասնական քննությունների մեկնարկից մինչ օրս, միասնական քննությունների միջին գնահատականների դինամիկան այսպիսինն է`
Պատճառները
Խորհրդային տարիներից հետո, մոտ երեք տասնամյակ է, կրթական համակարգը ենթարկվում է տարբեր տրամաչափի բարեփոխումների։ Բարեփոխումների արդյունավետության գնահատականը տալիս է վիճակագրությունը։
Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների շղարշի ներքո ենթարկվել է ամենատարբեր փոփոխությունների. տարիքային շեմն է փոխվել 7-ից 6, 10-ամյա և 12-ամյա կրթությունները գործում են զուգահեռաբար, թեստային քննություններ, միասնական քննություններ, մարզային ենթակայության դպրոցներ, հանրապետական ենթակայության դպրոցներ։ Ուսումնական ծրագրերի բարեփոխումները թվարկելը գրեթե անհնարին է։

Մասնագետների կարծիքը

«Պետությունն ասեց բերեք մի հատ թեստերի մեջ փոփոխություն մտցնենք, տեսնենք ինչ կլինի։ Փոխեց, տեսավ արդյունքը շատ վատ էր, որովհետև այդ երեխան 3 տարի ավագ դպրոցում սովորել էր նախորդ թեստային օրինակով։ Ուրեմն պետք է մի հատ նախկինը լավ ուսումնասիրվեր ու հասկանալ, թե ինչի՞ հիման վրա էր, որ դպրոցը հեղինակություն ուներ, ուսուցիչը հեղինակություն ուներ»:

ԻՇԽԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ
«Կրթության համակարգը փլուզվեց ոչ թե նոր գաղափարների անհրաժեշտությամբ և տրամաբանորեն, այլ մեքենայորեն, քանի որ փլուզվեց ամբողջ հասարակական կարգը։ Հետևաբար, երբ փլուզվում է հինը և չկա նորի տեսլականը, այսպիսի փորձակումներ դեռ լինելու են։ Նախ՝ պետք է այդ անցումը նախապատրաստեինք, իսկ ամենակարևորը՝ պետք է հստակ նպատակ ունենայինք, թե ինչ ենք ուզում, ասենք, 12-րդ դասարանն ավարտած աշակերտը ինչպիսի գիտելիքներ, հմտություններ և կարողություններ պետք է ունենա»։

«Միասնական քննությունները 2019-ին այն արդյունքը չտվեցին, որը եղել է նախկինում: Շտեմարանից դուրս որևէ առաջադրանք, վարժություն չի եղել այս տարի, բոլորը շտեմարանի շրջանակներում է եղել, պարզապես այս տարի ընդամենը պատասխանները խառնել էին իրար: Հասկացանք, որ երեխան մեխանիկական գիտելիքներ է ստանում, անգիր է անում տեսողականով, այդ պատճառով էլ ստացվեց այս պատկերը»։

ՍՈՆՅԱ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Արմավիրի մարզպետարանի Կրթության վարչության պետի ժ/պ
«Ավագ դպրոցի աշակերտն իր աշխարհընկալմամբ տարբերվում է 30 տարի առաջվա այն աշակերտներից, որոնք մենք էինք: Այն փորձարկումները, որոնք կատարվում են, նախ՝ շատ կշռադատված և հիմնավորված պետք է արվեն, քանի որ երեխայի հետ գործ ունենք։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև 9-րդ դասարանի աշակերտներին: Այստեղ նրբություններ կան, որ ուզում եմ փաստել: Տեսեք ինչ է կատարվում դպրոցներում, երեխաների մի մասը հակված է լավ սովորելու և ուսումը շարունակելու ավագ դպրոցում: Կա նաև մի հատված, որը քիչ չէ, որ չի ուզում գնալ ավագ դպրոց, նույնիսկ ծնողն էլ չի ուզում։ Եթե այդպես է, կարիք կա՞ արդյոք գնալ ավագ դպրոց»։

ԳԵՎՈՐԳ ՄՈՒՔՈՅԱՆ
Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն
Մայիսյանի դպրոցի ուսուցիչ Իշխան Պետրոսյան․- «Արտադպրոցական պարապմունքները դպրոցի չարիքն են։ Ես չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ է նշանակում երեխան դպրոցում սովորի ուսուցչի մոտ ու նույն ուսուցչի մոտ հավելյալ պարապմունքներ անցնի։ Դա նշանակում է՝ կամ ուսուցիչը թերանում է իր գործում, որն անթույլատրելի է, կամ ծնողների համար մոդայիկ է դարձել երեխաներին արտադպրոցական պարապմունքների ուղարկել, որը ոչ պակաս խնդիր է»։
Անկախության առաջին օրերից, դասավանդելը շատ ուսուցիչների համար դարձել է երկրորդական աշխատանք, կարևորը՝ տարբեր մեթոդներով, հնարավորինս շատ աշակերտների ներգրավվել արտադպրոցական պարապմունքներին։

Կրթական համակարգի բարեփոխումները դեռ շարունակվում են։ Յուրաքանչյուր նախարար կրթության վերաբերյալ իր անձնական պատկերացումներն ունի, շարադրում է օրենքի կամ որոշման մեջ և ներմուծում համակարգ։ Նման սուբյեկտիվ մոտեցումների արդյունքը լինում է այն, ինչ ունենք։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website