Ռադիոակտիվ թափոնների պահպանության ապագան մշուշոտ է
ՌԹ-ի և ԱՄՎ-ի պահպանության և կառավարման կազմակերպման ծախսերը փոքր չեն, և ատոմային էներգետիկայի հակառակորդները պնդում են, որ այն անշահավետ է նույնիսկ ԱԷԿ-ի անխափան աշխատանքի դեպքում գոյացող ՌԹ-ի մեծ ծավալների և դրանց կառավարման մեծ ծախսերի պատճառով, հատկապես թափոնների վերջնական մեկուսացման դեպքում:

Հայաստանի կառավարությունը 2017թ. հոկտեմբերի 5-ին թիվ 42 արձանագրությամբ հավանություն տվեց ռաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը։ Այնուհետև, 2019թ. հունվարի 10-ին, 3-Լ որոշմամբ հաստատեց առաջացած ՌԹ-ի և ԱՄՎ-ի անվտանգ կառավարման ռազմավարության 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրն ու գործողությունների պլան ժամանակացույցը։

Ըստ ժամանակացույցի, մինչև 2026 թվականը նախատեսվում է լուծել շատ ցածր, ցածր և միջին ռադիոակտիվության թափոնների խնդիրը, իսկ թե ի՞նչ է կատարվելու բարձր ռադիոակտիվության թափոնների հետ, ժամանակացույցում այդ մասին ոչինչ չի ասվում։ Պատկերացում կազմելու համար հարկ է նշել, որ միջուկային վառելիքի օգտագործումից առաջանում են Մենդելեևի աղյուսակի համարյա բոլոր էլեմենտները։ Ռադիոակտիվ էլեմենտների տեսանկյունից նրանք լինում են շատ ցածրից մինչև բարձր ռադիոակտիվության, որոնց ռադիոակտիվության ժամկետը ամիսներից կարող է հասնել մինչև միլիոն տարի։


ԱՄՎ-ի անվտանգ պահպանման խնդիրն ունեն միջուկային էներգիա արտադրող բոլոր երկրները և ոչ մի երկիր դեռ վերջնական լուծում չի գտել։ Բոլոր երկրները ՌԹ-ի անվտանգ պահպանման ժամանակավոր լուծումներ են գտել և գտնվում են սպասողական վիճակում։ Օրինակ, ԱՄՆ-ն, դեռ անցած դարի 70-ական թվականներին, ծրագիր է մշակել ԱՄՎ-ի գերեզման կառուցելու համար, սակայն մինչ օրս ծրագիրը դեռ չի իրականացվել։ Գերմանիան նախագիծ է ընդունել մինչև 2031 թվականը կառուցելու 300 մետր խորությամբ ՌԹ գերեզման, սակայն մինչ օրս Գերմանիայի տարածքում չեն կարողանում ՌԹ-ի համար անվտանգ տարածք գտնել։ Հոլանդիայում տասնամյակների քննարկումների արդյունքում կառուցվել է մինչև 100 տարի շահագործման ժամկետով պահեստարան։ Հոլանդիայի տարածքում կան ամուր ապարների ստորգետնյա հաստ շերտեր, որոնք կարող էին ծառայել ՌԹ գերեզման կառուցելու համար, սակայն հասարակությունը չի վստահում ստորգետնյա կառույցներին։

Հայաստանում դեռ ՌԹ և ԱՄՎ-ի պահպանման ժամկետներ չեն նշվում, թե մինչև երբ պետք է հայկական ԱԷԿ-ի տարածքը ծառայի ԱՄՎ-ի կամ ՌԹ-ի պահպանման համար՝ տա՞ս, թե՞ հարյուր տարի։
Մեր կառավարության որոշումները դեռ ցանկություններ են, հիմնավորումներ չունեն։ Իմ կարծիքով, պետք է աշխատել տարբեր երկրների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և հասկանալ մեր անելիքը: Այստեղ կարևոր է հասկանալ ինչ տեխնոլոգիաներ պետք է բերենք և ներդնենք մեզ մոտ անվտանգությունն ապահովելու համար։ Ուշ, թե շուտ ատոմակայանը փակվելու է: Պետությունն այսօր պետք է ապահովի թափոնների անվտանգությունը։

Դեռ խորհրդային տարիներին ռադիոակտիվ թափոնների գերեզման կառուցելու որպես ամենակայուն տեղ ընտրվել էր Արարատի մարզի Զանգակ և Պարույր Սևակ գյուղերի տարածքը։ Բայց այստեղ էլ այսօր ունենք լուրջ խնդիր ջրերի հետ կապված, որովհետև մեզ մոտ չկա քարտեզագրում գրունտային կամ ստորերկրյա ջրերի և ամբողջ ջրավազանի վերաբերյալ։

Ինգա Զարաֆյան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ
Հայաստանում ՀԱԷԿ-ի աշխատանքի, արտանետված ռադիոակտիվ նյութերի, ԱՄՎ-ի և ՌԹ գերեզմանի կառուցման հարցերում հասարակության գործոնը, որը կրում և կրելու է դրանց վնասակար ազդեցությունը, անտեսված է։ Մեծամոր քաղաքը, որը հիմնադրվել է ՀԱԷԿ-ի բազայի վրա և ԱԷԿ-ին ամենամոտ տեղակայված բնակավայրն է, ամբողջովին անտեսված է ինչպես ԱԷԿ-ի ղեկավարների, այնպես էլ՝ պետության կողմից։




Նախկինում ԱԷԿ-ը գտնվում էր Մեծամոր քաղաքի վարչական տարածքում և գոնե հողի հարկ էր վճարում: Այսօր այդ տարածքներն անցել են Մայիսյան համայնքին։ Իր խոսքով, մի քանի անգամ դիմել է ԱԷԿ-ի ղեկավարությանը գոնե իր աշխատակիցների երեխաների համար մեկ մանկապարտեզի ֆինանսավորման խնդիր լուծի, որը մերժվել է։

Ռոբերտ Գրիգորյան
Մեծամոր քաղաքի քաղաքապետ



















Բնապահպանական հարկի տեսքով ԱԷԿ-ը տարեկան մոտ 15 միլիոն դրամ է վճարում պետական բյուջե, բայց ռիսկային գոտում գտնվող բնակավայրերը դրանից գրեթե չեն օգտվում։ Մայիսյան համայնքի ղեկավարի խոսքով, ատոմակայանի ղեկավարությունը պարտավոր է գոնե աշխատատեղերի հարցում առավելություն տալ ռիսկային գոտում բնակվող բնակիչներին։



ԱԷԿ-ը, հարկերի տեսքով, տարեկան 5,2 միլիոն դրամ է փոխանցում համայնքի բյուջե։ Ճիշտ է, այս գումարը շատ խնդիրներ է լուծում, բայց բավարար չէ զուտ այն հանգամանքով, որ բնակվում ենք ատոմակայանի ռիսկային գոտում և կարելի էր գյուղում գոնե սոցիալական ծրագրեր իրականացնել։

Եսայի Մովսիսյան
Մայիսյան համայնքի ղեկավար
Փորձեցինք ռադիոակտիվ թափոնների պահպանման հետ կապված մեկնաբանություն ստանալ անմիջապես աշխատողներից, սակայն նրանք խուսափեցին մեզ հետ զրուցել, այնուամենայնիվ աշխատակիցներից մեկը նշեց, որ ժամանակին ֆրանսիացիների կողմից կառուցվել է ժամանակավոր պահեստարան և այնտեղ է կուտակվում ՌԹ-ը, իսկ ապագայի մասին տեղեկություն դժվարացավ հայտնել։

Հայաստանում առայժմ անորոշ է, թե գոնե առաջին հարյուրամյակում որտեղ է պահվելու ԱՄՎ-ն և ՌԹ-ները, և ավելի մշուշոտ է, թե ինչ են ժառանգելու հաջորդ սերունդները։



This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website